Որ մտնի «դաչայի պոլիտբյուրո»
Հիշո՞ւմ եք 90 թվականին իշխանության եկած դեմոկրատների վարդագույն հեղափոխական կոչերը: Կորչի՛ Կենտկոմի քարտուղարներին սպասարկող ամառանոցը: Մենք ժողովրդական Շարժման ծնունդ ենք՝ կապրենք մեր նախահեղափոխական, 2-3 սենյականոց բնակարաններում: «Դաչան» /խոսքը «Հրազդան» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող մի քանի առանձնատնից կազմված կառավարական ամառանոցի մասին է/ կտանք երեխաներին:
Մի քանի ամիս էր պետք, որ հօդս ցնդեին ռոմանտիկ պատրանքները եւ գերակայող դառնար «պետական մտածելակերպը», որը նուրբ, գրեթե անտեսանելի սահման ունի երկրի ղեկավարների անձնական հարմարավետության եւ երբեմն նաեւ ցոփության հետ: «Դաչան» եւ «պադավատները» վերականգնվեցին կոմունիստական արտոնությունների չափով, եւ դեռ մի բան էլ ավելի: Տարիների ընթացքում «դաչայում» ապրելը դարձավ երկրի բարձրագույն վերնախավին պատկանելու մի հատուկ նշան, թագավորի եւ գլխավոր վեզիրների գավազանի նման մի խորհրդանիշ: «Դաչայի պոլիտբյուրոյում» որոշվում էին մեր պետության ամենակարեւոր, ամենանվիրական հարցերը: Ստեղծված ավանդույթի համաձայն, նրանք, ովքեր «դաչայական» խարդավանքների արդյունքում դուրս էին շպրտվում այդ «պոլիտբյուրոյից», սուսուփուս հավաքում էին իրերը եւ լքում ամառանոցը:
Բայց ահա եկավ արհեստավարժների ժամանակաշրջանը: Եվ պարզվեց, որ գլխավոր արհեստավարժ Արմեն Դարբինյանը վարժված է ոչ միայն արհեստին եւ խավիարին, այլեւ իրեն սպասարկող սպիտակ «Ջիպին» եւ տիկնոջը՝ Արմինեին սպասարկող «31»-ին, որոնց վրա ծախսվում էր օրական 300 լիտր բենզին: Եվ ամենակարեւորը՝ պրն Դարբինյանը վարժվել է «դաչայում» իրեն որպես վարչապետի տրամադրած առանձնատանը, որի լողավազանը եւ սաունան նա վերանորոգել է անձամբ: Ճիշտ է, հասկանալի չէ, թե ում հաշվին: Եթե իր, ապա հասկանալի չէ, թե ինչու էր վարչապետական աշխատավարձը ծախսել պետական գույքի վրա: Եթե բյուջեի, ապա ինչո՞ւ է ափսոսում թողնել ուրիշին:
Կարդացեք նաև
Մի բան է պարզ. նշված մարդկային հաճույքները դարձել են պրն Դարբինյանի օրգանական մասը՝ լյարդի կամ թոքերի նման, եւ բնական է, որ այսքանից հետո ՀՀ նախագահը չէ, Վուլֆենսոնն էլ Կամդեսյուի ձեռքը բռնած գա, պրն Դարբինյանը այդ ամենը ոչ մեկին չի զիջի: Ոչ նա, ոչ տիկին Արմինեն այլեւս երբեք չպիտի նստեն երթուղային տաքսի եւ երբեք չպիտի լքեն դաչայի առանձնատունը:
«Առավոտը» սատար է կանգնում նախկին վարչապետի սկզբունքային պայքարին եւ արդարացի պահանջներին ու կոչ է անում Հայաստանի հասարակայնությանը, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, բարի կամքի բոլոր մարդկանց միացնել իրենց ուժերը եւ ստեղծել Արմեն Դարբինյանի վարչապետական արտոնությունները պաշտպանող միջազգային հասարակական կոմիտե:
Նախաձեռնող խմբի անունից՝
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ