Լրահոս
Օրվա լրահոսը

Для прорыва нужны комиссары

Հունիս 23,1999 00:00
Isagulyan

Թերեւս «Կոմիսարներ» հասկացությունը շատերի մոտ առաջացնի վատ մտազգացողություններ՝ բոլշեւիկների մասին այսօրվա մեկնաբանությունների եւ ընկալումների պատճառով, բայց դա արդյունք է իրականության չիմացության եւ նրա, թե մենք ինչպես ենք տեսնում պատմության ընթացքը եւ նրանում տեղի ունեցող գործընթացները։

«Կոմիսարները» որպես դասական կերպարներ եւ կոնկրետ գործող անձինք այն ժամանակների եւ բոլշեւիկյան խնդիրների համար ամենաճիշտ լուծումն էին։

Իսկ ինչո՞ւ հատկապես բոլշեւիկյան ժամանակներ եւ կոմիսարներ։ Որովհետեւ ավելի ցայտուն օրինակ, որը կընկալվի հենց այն իմաստով, որին ձգտում եմ, կպահանջի ավելի երկար ու պատկերավոր նկարագրություն՝ հիմնավորելու, որ պատմական ամեն մի պահ պետությունների համար ենթադրում է պետական գործիչների որոշակի որակ, որոնք ունակ են ծանր իրավիճակներում ապահովել պետության կայունությունն ու առաջընթացը։ Այս տրամաբանությունից ելնելով՝ շարադրանքս չի ենթադրում իրավիճակներին հանգելու պատճառների վերլուծություն, դրանց դրական կամ բացասական գնահատումով, այլ այն, թե ներկայիս պայմաններում որն է պետության կադրային քաղաքականության նախընտրելի տարբերակը։

Մենք 1999 թ. ԱԺ ընտրությունները գնահատեցինք եւ գնահատում ենք դրական ու արդար ոչ այն պատճառով, որ չունենք հակառակը պնդելու փաստարկներ, կամ էլ չենք գիտակցում, որ այսօրվա ԱԺ-ն (թող ներեն ինձ մեր նորընտիր պատգամավորները) իր բոլոր ցուցանիշներով զիջում է եւ 1990 թ. Գերագույն խորհրդին եւ 1995 թ. ընտրված ԱԺ-ին։ Ոչ, իհարկե ոչ, ուղղակի սա նույնպես ճանապարհ է, երբ գիտակցաբար ու նաեւ այսօրվա ժողովրդի հոգեբանությունը հաշվի առնելով՝ կատարում ես քայլ, առաջին հայացքից հետընթաց, բայց որով ապահովում ես քո հետագա քայլերի արդյունավետությունը, եթե իհարկե ծրագրել ես որեւէ ռազմավարական խնդիր, եւ ԱԺ-ն այդ խնդրում զուտ մարտավարական նշանակություն ունի։

Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան միավորումը ենթադրում է ռազմավարական խնդրի գոյություն, որի մասին իրենք բազմիցս բարձրաձայն ակնարկել են առանց փակագծերը մինչեւ վերջ բացելու։ Դրա վկայությունն է նաեւ համարյա միաձայն ու կառավարելի ԱԺ-ի ձեւավորումը, որի ղեկավար ընտրվեց փորձառու եւ «դպրոց» անցած մարդ։ Մյուս կողմից այս ԱԺ-ի վրա անվիճարկելի ազդեցություն ունի նոր վարչապետ նշանակված՝ ամենաազդեցիկ եւ բնավորությամբ ուժեղ Վազգեն Սարգսյանը։ Այսքանից հետո սպասելի էր, որ ընդհանուր հանրագումարի մեջ պետք է ձեւավորվեր ուժեղ կառավարություն։ Կառավարություն, որի յուրաքանչյուր անդամ առաջին հերթին հավատալու է այն գործի հաջողությանը, որին լծվել է եւ աշխատելու է օրական ոչ պակաս 18-20 ժամ՝ առանց ակնկալիքի։ Հայաստանի համար այս փուլում սա լավագույն լուծումներից է երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար։ Չշտապենք կառավարության ներկա կազմին կամ նրա առանձին անդամներին (որոնցից շատերին անձամբ եւ շատ լավ ճանաչում ենք), գնահատականներ տալ, այն ակնկալիքով, որ ուրիշ են ժամանակները, ուրիշ է վարչապետը, եւ ի տարբերություն իր նախորդների՝ ցանկացած պահի կարող է «հանգստի» ուղարկել ուզածդ նախարարի։ Չի բացառվում նաեւ, որ կառավարության ներկայիս կազմը նույնպես մարտավարական նշանակություն ունի։ Այն է, եթե շատ կարճ ժամանակահատվածում «յուրայինները» չարդարացնեն վարչապետի սպասելիքները՝ խստագույնս կպատժվեն (ինչպես խոստացավ Վ. Սարգսյանն իր ծրագրային ելույթում), որպես դաս «օտարներին», որոնք կգան փոխարինելու «յուրայիններին»։

Քննադատությունը երբեք ինքնանպատակ չէ, բայց եւ պետությունը չի կարող փորձադաշտ դառնալ մի խումբ մարդկանց կամ կլանների ձեռքում։ Այժմ այն պահն է, որ գործընթացների ցանկացած ելք պետությանն անպայմանորեն կբերի որակական շրջադարձ։ Մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում նոր ԱԺ-ին եւ կառավարությանը՝ վստահ, որ նոր արդարացումների կարիք չի լինի։ Ընկերները շատ լավ են անձնական կյանքում։ Պետական գործերում անհրաժեշտ են «կոմիսարներ»։ Ու եթե ընկերդ նաեւ «կոմիսար» է, շատ ավելի լավ, իսկ եթե ոչ… Պատմությունն այս պահի համար մեզ չի ների։

ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930