Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ ՓՇԱԼԱՐԵՐ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Հունիս 23,1999 00:00
pshalar

Ռուսաստանի նոր կառավարությունը ամենայն լրջությամբ փորձում է զբաղվել Կովկասով։ Դա բնական է՝ իր ծառայողական կենսագրության որոշ ժամանակահատվածն այստեղ անցկացրած վարչապետը կարող էր ենթադրել, որ տարածաշրջանում ձեռք բերած փորձը նրան առավելություն է տալիս Կովկասի նրբություններին անտեղյակ նախորդների հանդեպ։

Ստեպաշինը երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուն պես ռուս գեներալներին բնորոշ եռանդով ու պատրաստակամությամբ թեւերը քշտեց ու անցավ գործի՝ իր ողջ կեցվածքով ցույց տալով, որ հենց նա է այն տղամարդը, որը եկել է վերջնականապես լուծում տալու ռուսական Կովկասի բազմազան խճճված խնդիրներին։ Քաջ գիտակցելով, որ «Արեւելքը նուրբ բան է», նա սկզբից հրապարակավ ցանկություն էր հայտնում ավելի լավ ծանոթանալ Ղուրանի եւ Իսլամի հետ, քանի որ, իր կարծիքով, դա «կօգներ ավելի լավ որոշումներ ընդունել Չեչնիայի պատերազմի ժամանակ եւ, ընդհանրապես, Հյուսիսային Կովկասում աշխատելիս»։ Նա քարոզում էր. «չի կարելի կոտրել ավանդույթները, պետք է հասկանալ դրանք»։ Նա բանակցում էր Մասխադովի հետ Չեչնիայում, հաշտեցնում կարաչաեւցիների ու չերքեզների ընտրական վեճերը։ Սակայն տոնական օրերն անցնում-գնում էին, հյուրերին բարով-խերով ճանապարհում էին տուն, իսկ լարվածությունը չէր թուլանում։ Ո՛չ Ստեպաշինի, ո՛չ էլ բազմաթիվ այլ պատվիրակությունների այցերի արդյունքում Ռուսաստանի համար տնտեսական ու աշխարհաքաղաքական տեսակետից կարեւորագույն նշանակություն ունեցող այս տարածաշրջանում հանդարտվելու նշան այդպես էլ չերեւաց։ Հակառակը՝ վերջին ամիսների ընթացքում այստեղ առանց որեւէ ընդհարման օր չի անցնում։

Մեկ Չեչնիան ու Դաղստանն են տարածքային հարցեր լուծում սահմանագոտում, մեկ մարդաշատ վայրերում ռումբեր են պայթում, մեկ զինված խմբավորումները հարձակվում են իրավապահ մարմինների վրա, ինչը արդեն ավելի շատ նման է պատերազմական գործողությունների, քան ահաբեկչական ակտերի։ Խաղաղ գյուղացիները Դաղստանում, Ինգուշեթիայում եւ անգամ Ստավրոպոլի մարզում դաշտային աշխատանքների են դուրս գալիս զրահամեքենաների ուղեկցությամբ, ռուս-չեչենական սահմանում, որը Մոսկվան համառորեն շարունակում է ադմինիստրատիվ անվանել, փշալար է անցկացվում, իսկ Ռուսաստանի կառավարությունը Հյուսիսային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցով երկարատեւ խորհրդակցություններ է անցկացնում, փորձելով որեւէ հնար գտնել այս ձեռքից գնացած տարածաշրջանում կարգուկանոն հաստատելու համար։

Մինչ այդ հնարը ման են գալիս, պարզվում է, որ «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթատարի չեչենական հատվածում 120 հազար տոննայից ավելի քանակությամբ նավթ են գողացել։ Հունիսի 17-ին Ստեպաշինը հրահանգում է հաշվարկել ներմուծված էներգակիրների եւ «հսկայական կորուստների» դիմաց Չեչնիայի պարտքը Ռուսաստանին, «Տրանսնեֆտ» ընկերությունը պահանջում է չեչենական իշխանություններից վնասը փոխհատուցել, իսկ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Կալուժնին հայտարարում է, որ Հյուսիսային Կովկասում ստեղծված իրավիճակի պատճառով նավթատարը որոշ ժամանակ չի գործելու։ Բոլորը լավ են հասկանում, որ իրավիճակի հանդարտեցման մասին խոսելը դեռ վաղ է, այսինքն Բաքվի նավթը Չեչնիայի տարածքով Նովոռոսիյսկ չի հասնելու դեռ բավական երկար ժամանակ։ Ի նկատի ունենալով մոտ ժամանակներս ակնկալվող Ելցին-Մասխադով հանդիպումը, կարելի է ենթադրել, որ նավթատարի փականի գործոնը Ռուսաստանի իշխանությունները փորձում են օգտագործել որպես անջատողական հանրապետության վրա ճնշում գործադրելու միջոց։

Սակայն միեւնույն ժամանակ այդ քայլը բավական դժվար կացության մեջ է դնում Ադրբեջանին, որի հետ Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում հեռու են բարեկամական կոչվելուց։ Բաքվին այս պարագայում Կասպիական նավթը տեղափոխելու միայն մեկ ուղի է մնում՝ Բաքու-Սուփսա նավթատարը, որի հզորությունը պահանջներին չի համապատասխանում։ Պարզ է, որ այն դեպքում, երբ Չեչնիան երկընտրանք չունենալով ստիպված է լինելու որոշ զիջումների գնալ, Ադրբեջանը երկար չի սպասելու եւ փորձելու է իր հարցերը լուծել առանց Ռուսաստանի։ Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարը Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցության սակավաթիվ լծակներից մեկն էր մնացել։ Հրաժարվելով դրանից, Մոսկվան լուրջ ռիսկի է գնում, որը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի ուժային հավասարակշռության համար։

Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930