Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ՍԵՐՈՒՆԴ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՄՏԱԾՈՒՄ Է ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ…

Հունիս 23,1999 00:00
lrutyun

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում (հունիսի 18-20-ը) տեղի ունեցավ գիտագործնական կոնֆերանս՝ «Հայ լրագրության սերնդափոխությունը» թեմայով։ Միջոցառումը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 80-ամյակին։ Այն կազմակերպել էր ԵՊՀ լրատվական ծառայությունը եւ միացյալ արհմիության մշակութային հանձնախումբը։

Վերջիններս, ճշմարիտն ասած, խիստ վրդովված էին երիտասարդ լրագրողների, այսպես ասած, «տգետ» բազմության դեմ։

Ժուռնալիստների «սով». 18 հունիսի

ԵՊՀ լրատվության ծառայության ղեկավար Ժաննա Մխիթարյանն իր ելույթում նշեց լրատվության սերնդափոխության հասունացած մի շարք հույժ կարեւոր խնդիրներ։ ԵՊՀ ռեկտոր Ռ. Մարտիրոսյանը փորձեց բացատրել ժուռնալիստիկայի էությունը՝ ի՞նչ բան է այն, ինչպիսի՞ աշխատանք է, ի՞նչ պրոբլեմներ ունի եւ թե այսօրվա ժուռնալիստների մոտ ինչի՞ պակաս է առավել զգացվում «մյուս մասնագիտությունների հետ համեմատած՝ ժուռնալիստիկան շատ պատասխանատու աշխատանք է, սակայն մեր երիտասարդ լրագրողները միշտ չէ, որ հավատարիմ են այդ կարեւոր հանգամանքին»։ Ռ. Միրզախանյանի կարծիքով, լրագրության մասնագետները անպատճառ պետք է ունենան համապատասխան կրթություն։ Իսկ «Կարծիք» հաղորդաշարի ղեկավար Ս. Երիցյանը լրագրության սերնդափոխությունը համարեց խիստ կարեւոր եւ անհրաժեշտ հանգամանք, հակառակ որի հեռուստառադիոյի եթերում ելույթ կունենան ոչ թե մասնագետները, այլ կենսաբաններն ու քիմիկոսները։

Բոլորի կարծիքները մեկ առ մեկ լսելուց հետո բեմ բարձրացավ Գառնիկ Անանյանը (ԵՊՀ ժուռ. ամբիոն) եւ սկսեց իր ճառը… բայց ոչ, ներեցեք (ճառը դեռ հետո)՝ ելույթը։ Նա իր խոսքն սկսեց «սիրողական մակարդակով դիպլոմավորումներից»՝ ներկայացնելով դրա ծանր հետեւանքները, եւ ավարտեց «համապատասխան ձեռնարկների պակասից»։ Վերջինս դժգոհություն հայտնեց այն լրագրողների հանդեպ, որոնք համապատասխան մասնագիտություն չունենալով՝ այսօր զբաղվում են լրագրությամբ (դա վերաբերվում է հատկապես մասնավոր բուհերին)։ Նրա կարծիքով՝ ժուռնալիստը պետք է ունենա միայն մասնագիտական կրթություն եւ վերջ։

19 հունիս. լիագումար վեճեր

Ծաղկաձորյան պայծառ առավոտ է. իսկ մենք փոխանակ դուրս գալու եւ վայելելու այդ հրաշալի օրն ու մաքուր օդը, ստիպված ենք մոտ 4 ժամ նստել ու լսել (այ թե Գ. Անանյանը կգուշակեր միտքս… ու նոր ինձ կասեր… Է՜հ, երիտասարդ սերունդ)։ Ինչեւէ. լսում ենք։

«Հայ լրագրության սերնդափոխությունը նորանկախ հանրապետությունում» զեկույցով հանդես եկավ Ժ. Մխիթարյանը։ Նրա զեկույցը բողոք էր հատկապես հեռուստաընկերություններում արմատներ ձգած դրամաշորթության դեմ, որն, ի դեպ, վնասում է լրագրողների նոր սերնդին, իսկ ոչ պաշտոնական մամուլի տնօրեններից ոմանք երիտասարդ եւ շնորհալի լրագրողներին զրկում են ինքնաբացահայտման հնարավորություններից՝ նրանց եռանդը ծառայեցնելով հարցազրույցներին ու անմեղսակից ժանրին։ «Խորհրդային ժամանակներում խմբագիրները, լրագրողները անողոքաբար պատժվում էին տառասխալի, բառասխալի համար։ Նորին մեծություն «Ազատությունը» (Ժ. Մ), անտարակույս, համարձակ ելույթների, իշխանություններին կուլ չգնալու երաշխիք է։ Լրատվաաշխարհն ընկած բազմաթիվ լրագրողներ հաճախ մղվում են միտումնավորության, դեղին մամուլին բնորոշ հաշիվներ մաքրելուն, սրան-նրան վարկաբեկելուն, աղմկալից միջադեպեր ստեղծելուն, վարք ու վարքագիծ՝ որ, ցավոք, խրախուսվում է ընթերցվող թերթ ունենալու ջանքեր գործադրող որոշ խմբագիրների կողմից»։ Սերնդափոխությունը, Ժ. Մ.-ի կարծիքով, միայն տարիքային գործոնը չէ, դա նաեւ նորագույն պահանջներին համապատասխանելու միտում է։ Վերջինս խոսեց նաեւ հայ գեղջուկի հոգսերի մասին, որոնց, ի դեպ, բացի «Կարծիք» հաղորդաշարից, անդրադարձող չկա։ Աստիճանաբար հետին պլան է մղվում նաեւ հրապարակախոսությունը։ Նա ցավով նշեց, որ այժմյան երիտասարդ լրագրողները առաջնորդվում են «Չկան հավերժական բարեկամներ եւ հավերժական թշնամիներ» ապակողմնորոշող կարգախոսով։

Լրագրողը կորուստներ է տալիս

Ի դեպ, լրատվությունը զուրկ չէ նաեւ կորուստներից։ Ըստ Ժ. Մ.-ի, անկախությունը կեղծիք է թվում, քանզի ֆինանսական ոչ ինքնաբավության հետեւանքով լրագրողության հիմնական լծակները գտնվում են կուսակցական-քաղաքական ուժերի, դրանց արտացոլումների եւ, վերջապես, ուռճացած գրպանների ձեռքում։

«Ժուռնալիստների ուսուցման մի քանի խնդիրներ» զեկուցումով հանդես եկավ Գ. Անանյանը։ Նա գտնում է, որ ժուռնալիստիկայի այսօրվա տխուր վիճակը պայմանավորված է նրանով, որ ասպարեզ են եկել գուցե գրագետ մարդիկ, բայց ոչ ժուռնալիստներ։

Հերթը հասավ հարցեր տալուն եւ առաջարկություններին։ «Առավոտն» էլ չգիտես ինչու համարձակվեց մի այնպիսի՜ հարց տալ Գ. Անանյանին («հարցը մոտավորապես այսպիսին էր՝ «պրն Անանյան, Դուք գտնո՞ւմ եք, որ «Առավոտը» ամենաընթերցվող (չէ՞ որ ունի 6000 տպք.) եւ ամենահեղինակավոր թերթն է»)։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխան ստացավ «Առավոտի» թղթակիցը։ Այո՛, ճիշտ գուշակեցիք, ինչպես ժողովուրդն է ասում՝ «աչքերը խփեց՝ բերանը բացեց», ինչե՜ր ասես, որ չասաց «Առավոտի» հասցեին եւ այնպես լարված ու ջղագրգիռ, որ ես ակամա վախ ունեցա, թե նրան ինչ-որ բան կպատահի (սակայն, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց)։ Դե, իհարկե, պատասխանը ես չկարողացա գրառել (տը-տը-տը-տը)։ Այն տպավորությունն ունեցանք, որ կարծես նա երկար էր սպասել այդ հարցին, որպեսզի իր սրտում եղած մաղձն ու դառնությունը թափի խեղճ «Առավոտի» գլխին… Իսկ «Առավոտն» էլ չգիտես ինչու այս անգամ համեստություն արեց (?)։ Գ. Անանյանի կարծիքով, «չարաբաստիկ անկախությունը» իր տխուր հետքն է թողել ամեն ինչի, հատկապես լրագրողների վրա, որոնք կորցրել են ամոթ, պատկառանք…

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930