Օրեր առաջ «Առավոտում» տպագրվել էր մի ինֆորմացիա այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը դիմել է Առողջապահական համաշխարհային կազմակերպություն՝ այնտեղ աշխատելու համար։ Նշված էին նաեւ կոնկրետ ժամկետներ։ Երեկ առողջապահության նախարարության հերթական Կլոր սեղանի ժամանակ այս կապակցությամբ պարզաբանումներ տրվեցին։ Պրն Նիկողոսյանը հայտնեց, որ ինքը չի պատրաստվում տեղափոխվել ԱՀԿ աշխատանքի։ Այլապես իմաստ չէր ունենա կառավարության նոր կազմում աշխատանքը շարունակել։ «Այդ ինֆորմացիան բացարձակապես չի համապատասխանում իրականությանը,- հայտարարեց Հայկ Նիկողոսյանը։- Եթե համապատասխաներ, ապա ի՞նչ վատ կլիներ»։ Հետո նա ենթադրեց, որ ՀՀ առողջապահության նախարարն «այնտեղ» հաստատ փոքր պաշտոծկը միջազգային կազմակերպություն՝ ղեկավար պաշտոնի գնար»։
Նախարարն «ուրախ» էր, որ իր մասին այդ խոսակցություններն են պտտվում, եւ ոչ, ասենք՝ հանելու մասին ասեկոսեները։ Իսկ ինքը մնացել է կառավարության երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը մասնակցելու։ Հետո նախարարը նույնիսկ «բացահայտվեց». պարզվեց, որ պրն Նիկողոսյանը առանց քննադատության չի դիմանում անգամ մեկ ամիս։ Պատկերացնո՞ւմ եք, եթե մեկ ամիս քննադատության չի արժանանում, սկսում է կասկածել իր աշխատանքի արդյունավետության վրա։ Ճիշտ է, նախարարը չմասնավորեց այն դեպքերը, երբ քննադատությունն իրոք օգնել է։ Այնուամենայնիվ, քննադատության նկատմամբ նման «մատրոսովական» մոտեցման մասին հայտարարությունները չենք կարծում, թե «փափուկ բարձի» դեր ունեցան լրագրողների համար եւ բթացրին նախարարին քննադատության ենթարկելու նրանց մասնագիտական պահանջը։
Հանրապետական ռուսալեզու մամուլում տպագրված մի այլ հրապարակման կապակցությամբ պրն Նիկողոսյանը վստահությամբ հայտարարեց, որ դատի տալու դեպքում ինքն անպայման կշահի։ Սակայն չի պատրաստվում նման քայլի դիմել, չնայած չխուսափեց էլ այդ հրապարակմանը եւ դրա հեղինակին ոչ ականջահաճո որակումներ տալուց։
Նախարարը հայտարարեց նաեւ, թե ինքը գիտի, որ այդ հրապարակումը պատվեր է եւ նույնիսկ, թե ում պատվերն է։ Նման եզրակացություն անելուն նպաստել է այն հանգամանքը, որ տեղեկատվությունն այն մասին, թե «իր դեմ ապստամբել է ողջ բուժաշխարհը», տպագրվել է կառավարության նոր կազմը հաստատվելու օրերին։ Դա, նրա կարծիքով, պատահական հայտարարություն չէ, ինչպիսին կլիներ, եթե արվեր մի ուրիշ ժամանակ, ասենք՝ կազմի հաստատումից մեկ ամիս անց։
Կարդացեք նաև
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ