Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ՕՐԵՐԻ ՈԳԻՆ

Հունիս 23,1999 00:00
Toto

Ոչ մի կերպ չի հաջողվում բաժանվել հին օրերի մտածելակերպից։ Նաեւ՝ չափանիշներից ու բարոյական նորմերից։ Խորհրդային տարիներին մեծ պետության կազմում անհաշտ մրցակցության մեջ էինք։ Չափվում էինք ու համեմատվում աշխարհի մեծերի հետ։

Հետո մեծ պետությունը գնաց։ Գնաց դեպի պատմություն, մեզ ժառանգություն թողնելով բազում պիտանի ու անպիտան ցուցանիշներ։ Քառակուսի կիլոմետրին բաժին ընկնող ակադեմիկոսների թվով մինչեւ հիմա էլ «ծալած ունենք» աշխարհի ամենազարգացած երկրներին։ Թե՝ միասին, թե՝ առանձին-առանձին վերցրած։ Ակադեմիայի միաստիճան համակարգի անցնելուց հետո ողջ աշխարհը սարսափեց բնակչության մեկ շնչին ընկնող ակադեմիկոսների քանակ-գործակցից։

Սկզբում ամեն ինչ լավ էր։ Միայն տնտեսությունը չէր աշխատում։ Գիտական ու արդյունաբերական առկա ներուժը չէր կարողանում լուծել այդ պարզ թվացող հարցը։ Որպեսզի որեւէ հիմնավորում գտնենք՝ սկսեցինք իշխանություններին մեղադրել անհեռատես ներքին քաղաքականության մեջ։ Քաղաքականություն, որի արդյունքում գիտական ամբողջ պոտենցիալը արտահոսեց։ Այսինքն՝ վերցրեց ու գնաց երկրից։ Բայց տնտեսական պրոցեսները կանգ չէին առնում։ Մի պահ Հայաստանի ողջ տարածքում կոմիսիոն խանութներ էին բացվում։ Հետո դրանք փակվեցին ու արագ-արագ բացվեցին տարադրամի փոխանակման կետեր (չենջեր)։ Հետո եկավ սրճարանների պահը։ Արդեն երկու տարի է Երեւանում հնարավոր ու անհնար բոլոր տարածքներում սրճարաններ են բացվում։ Դրանց մի մասն իսկապես աշխատում է։ Այսինքն՝ որոշակի եկամուտ է ապահովում տիրոջը։ Սակայն պարզ տրամաբանությամբ սրճարանների այդքան մեծ քանակությունը չի կարող եկամուտ ապահովել։

Առաջին հայացքից թվում է, որ այդքան նորաբաց սրճարանները տուրք են նախկին խորհրդային ծավալապաշտ ոգուն։ Բնակչության մեկ շնչին ընկնող սրճարանային աթոռների քանակով նորից «ծալում ենք» աշխարհի ամենահայտնի տուրիստական կենտրոններին։ Սակայն ամեն ինչ այդքան պարզ կամ պարզունակ չէ։ Ժամանակակից նոր հայերենով ասած՝ յուրաքանչյուր նոր «օբէկտի» բացումը ահագին ծախս է, լուրջ գումար։ Իսկ հարուստ, փողատեր մարդն ապուշ չէ։ Նա չի կարող քամուն տալ իր փողերը։ Հետեւաբար, անհասկանալի է մնում, թե ինչու են անընդհատ սրճարաններ բացվում։ Օրինակ, Խանջյան փողոցն իր հարակից տարածքներով սրճարանատիպ հաստատությունների քանակով կգերազանցի ցանկացած սթրիթի ու բուլվարի։ Երբեւէ փորձել եք այցելել նման սրճարան։ Ողջ երեկոյի ընթացքում այնտեղ «կդիմավորեք» պատահական երկու-երեք հաճախորդի ու վերջ։ Ամբողջ երեկոյի ընթացքում անմնացորդ կվայելեք միայնությունը սրճարանակերպ անապատում։ Ու նորից չեք հասկանա, թե ինչու են գումարներ ծախսվում դրանք կառուցելու համար։ Եվ այդ ամբողջ ընթացքում չի լքի գիտակցությունը, որ նման «օբէկտները» պարզապես շիրմա են։

Հայաստանում առնվազն 10 հազար պետական մեծ, միջին ու պուճուր պաշտոնատարներ կան, որոնք եկամուտների լեգիտիմացման խնդիր ունեն։ Հայտնի քաղաքական կերպարը միշտ կարող է որեւէ բարձր պաշտոնատարի հարցնել «ի՞նչ միջոցներով եք «Մարլբորո» ծխում»։ Պաշտոնատարները, որպես կանոն, պատասխան չունեն։ Սա ամենաանվտանգ դեպքն է, երբ քաղաքական դաշտում է տրվում այս հարցը։ Պատկերացրեք այլ զրույց, երբ պաշտոնատարը զրուցում է իր ենթակայի հետ մոտավորապես այս տեքստով. «Եղբայր, քո հագուկապը, մեքենան, տունը ոչ մի կերպ չի համընկնում մուծածդ նալոգի հետ։ Քեզ փող որտեղի՞ց»։ Քաղաքական գործչին կարող ես չպատասխանել, իսկ շեֆին պատասխանել պարտավոր ես։ Այլապես կկորցնես եկամտաբեր պաշտոնդ։ Եվ այդ պահին ենթական սկսում է իր լեգենդար պատմությունը սեփական սրճարանի մասին, մոտավորապես այսպես. «Հորս կնունքով, պապիս փողերով այսինչ փողոցում սրճարան եմ բացել ու եկամուտով ապրում եմ»։ Հրաշալի պատասխան է։ Այն ցանկացած ալիբիից բարձր է։ Բոլորն էլ գիտեն, որ կարելի է պետությանը խաբել. հարկեր քիչ մուծել ու տուն պահել։

Հայտնի ֆինանսների նախարարը իր եկամուտների աղբյուր կարող էր մատնանշել «սեփական» բանկը։ «Հա՜, դե բանկ ունի, իհարկե, փող կունենա»,- արձագանքում էին բոլորը։ Ոչ ոքի մտքով չէր անցնում ստուգել բանկի հաշվեկշիռը։ Պարզել՝ հնարավոր է այդքան եկամուտ ունենալ բանկի փայատեր լինելով, թե ոչ։ Ի վերջո, կա նաեւ հակառակ օրինակը։ Նորընտիր ԱԺ պատգամավոր ընտրված բանկիրներից մեկը հայտարարագրում լրացրել էր, որ ամսական մոտ հազար դոլարից ավել եկամուտ է ունեցել։ Սա բանկիրի մասին է՝ մարդ, որը տուն է պահում բանկային գործունեությամբ զբաղվելով։ Բայց, իհարկե, մեծ թվացող հայտարարագրված վաստակն էլ չի կարող բացատրել հենց նույն բանկիրի ծախսած գումարների չափը։ Բայց սա արդեն խոսակցության այլ թեմա է։ Խոսքն արդեն ստվերային տնտեսության ու հարկերը վատ հավաքելու մասին է։ Իշխանությունները ինչ-որ քայլեր են անում այս ուղղությամբ։ Դժվար է ասելը՝ բյուջե հավաքելը կստացվի, թե ոչ։ Իսկ սպառողական շուկայում գներն արդեն աճում են։ Ստվերային տնտեսության դեմ պայքարը չսկսած կարելի է այն դադարեցնել՝ գների աճը կանխելու խիստ մարդասիրական պատճառաբանությամբ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930