Լրահոս
Օրվա լրահոսը

Բարի լույս, կամ էլ՝ բացեք ձեր աչքերը

Հունիս 23,1999 00:00

Բարի լույս, կամ էլ՝ բացեք ձեր աչքերը Նորընտիր Ազգային ժողովում ասուլիսաշրջանը, ինչպես եւ սպասվում էր, բացողը ոչ այլ ոք՝ Արշակ Սադոյանը եղավ։ Ինչպես հասկացվեց ասուլիսի ընթացքից, պարոն Սադոյանը մեկ հիմնական նպատակ ուներ՝ բացել բոլորի աչքերը, իսկ թե ի՞նչ հարցերի շուրջ՝ դեռեւս տարածություն ու ժամանակ կունենանք ծավալվելու։ Բայց այն էլ ասենք, որ Արշակ Սադոյանն այս անգամ խիստ պերճախոս էր։ Օգտագործեց բառեր, որոնք, ասենք, անհասկանալի են Ազգային նորընտիր ժողովի պատգամավորներից շատերին։ Ասենք՝ սիմբիոզ։ Բառաբարդման եւ բառաստեղծման իմաստով եւս, Արշակ Սադոյանը բացառիկ նորություններ ներմուծեց ոսկեղենիկ հայերենի բառապաշար։ Նորագոյացությունները արտաբերվում էին այսպես. սեփականաթալան, նորշարժումաերկրապահական կառավարություն եւ այլն։ Տասը րոպե խոսելուց հետո Արշակ Սադոյանն ասաց, թե որն է իր հիմնական ասելիքը։ Պետության մեջ պետք է կարգուկանոն հաստատվի եւ պատասխանատվության հարցը լուսաբանվի ամենայն մանրամասնությամբ, որպեսզի ժողովուրդը զուր հույսեր չկապի նոր իշխանությունների հետ։ Այս նոր մեծամասնությունն առարկայացել է շարժումաերկրապահական մեծամասնության ձեւով ու ամենեւին էլ հայտնի չէ՝ հին ու նոր նոմենկլատուրաներն, անկախ պետականության հիմքերը կապահովվե՞ն, թե՝ ոչ։ Իսկ անկախ պետականության հիմքերի պաշտպանության առումով Արշակ Սադոյանը մի քանի, իր խոսքերով ասենք՝ փորձաքար, կամ եթե ավելի օտարամոլաբար կուզեք՝ լակմուսի թուղթ էր ընտրել։ Այս կառավարությունը, ըստ Արշակ Սադոյանի, նախեւառաջ «ԱրմենՏելի» հարցում պիտի ցույց տա անկախ պետականության պաշտպա՞ն է, թե՞ սեփական շահի համար է հայտնվել իշխանական վերեւներում։ Ի դեպ, այստեղ եւս նորաբանեց ԱԺՄ վարչության անդամը։ Իր հաշվարկներով, «Պողպատյան եւ քոմփընին», սրանք Արշակ Սադոյանի բառերն են նույնությամբ, յուրացրել է 77 մլն դոլար, իսկ հետո, ինչպես ԱԺՄ վարչության նիստում Դավիթ Վարդանյանն էր վկայել՝ 8 միլիոնը վերադարձրել է հարկեր մուծելու ճանապարհով։ Պարոն Սադոյանն առաջարկում էր, որպեսզի ստեղծվի պատգամավորական հանձնաժողով ու մանրակրկիտ ուսումնասիրվեն «ԱրմենՏելի» գործարքի մանրամասները։ Հաջորդ փորձաքարը, որ Արշակ Սադոյանը սահմանել էր իշխանությունների համար, Կոնյակի գործարանի հանցավոր գործարքն է, «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Հայկական ավիաուղիների» սեփականաշնորհման գործընթացները։ Էներգետիկ համակարգն ու Հրազդանի ՊՇԷԿ-ն էլ, հո, լակմուսի թուղթ էին, թե այս իշխանություններն ինչպիսին են լինելու. ժողովրդի համար աշխատո՞ղ, թե՞ օտարին մեր արժեքները ծախող։ Բայց հիմա գանք Արշակ Սադոյանի խոսքի սկզբին, ինչով նա հանդես եկավ ասուլիսի առաջին տասը րոպեում, մինչեւ հիմնական ասելիքին հասնելը։ Խոսքն, իհարկե, կառավարության ծրագրի մասին է։ Իմաստ չուներ, ասաց Արշակ Սադոյանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատվերով գրված եւ պառլամենտին իրավասություններից զրկող սահմանադրությամբ անվստահության հարց հարուցվեր։ Ազգային ժողովի այս կազմը հազիվ թե նման քայլի պատրաստ լիներ, իսկ Վազգեն Սարգսյանի ներկայացրած դրույթները զուտ դեկլարատիվ հայտարարություններ են, չեն մատնանշում որեւէ մեխանիզմ։ Ուստի՝ չի կարելի որեւէ բան սպասել նոր կառավարությունից՝ նույնիսկ հարցուպատասխանի հնարավորություն չտրվեց։ Ասենք, դրա իմաստն էլ չկար, եզրակացրեց Արշակ Սադոյանը, մի տեսակ լրագրողներից դժգոհ, որ պատգամավորները ոչ անվստահության հարց են հարուցել, եւ ոչ էլ հարցուպատասխանի միջոցով պարզաբանումներ ստացել նոր վարչապետից։ Արշակ Սադոյանն ընդհանրապես վերապահորեն էր հոռետես՝ սպասում էր մինչեւ լույսը բացվի, որ հետո նոր ինքը կամ՝ բարի լույս կամ էլ բոլորին՝ բացեք ձեր աչքերն, ասի։ Տեսեք, որ ոչ մի ընդհանրություն էլ չի կարող լինել նեղ ազգայնական գաղափարախոսություն դավանող եւ ինտերնացիոնալ սկզբունքներ պաշտպանած պարտնոմենկլատուրայի միջեւ։ Հետո Արշակ Սադոյանը սկսեց կրկնվել, քանիցս նորից ասելով այն, ինչն արդեն ներկայացրել ենք վերեւում, պարզապես երբեմնակի նոր հետեւություններ անելով, թե պետք է առաջ քաշվի ցրտի ու սովի տարիների համար, թուրքմենական պարտքի համար, եւ այլ մեղքերի համար մեղավորների պատասխանատվության հարցը։ Եթե դա չարեցին, ուրեմն կնշանակի, որ ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների հարցն են լուծելու, այլ կաբինետների եւ առանձնատների համար են իշխանության եկել։ Նոր առաջարկներ եւս ներկայացրեց պրն Սադոյանը, թե պետք է սեպտեմբերին ինքը հասնի այն բանին, որպեսզի մեծամասնական ընտրատարածքներից ընտրված պատգամավորներին գրասենյակներ տրամադրվեն տարածքներում։ Չէ՞ որ մենք հիմա ունենք երկու որակի պատգամավոր։ Մեծամասնական ընտրատարածքներից ընտրվածները որոշակի պարտավորություններ ունեն ընտրողների առջեւ, իսկ համամասնական կարգով անցածներին, կարծես, արտոնված է միայն ընդհանուր հանրապետական հոգսերի մասին խորհել։ Վերջում Արշակ Սադոյանը եզրակացրեց, որ երկու գլուխ մի կաթսայում չի եփվի։ Խոսքը Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի մասին է։ Բա որ Վազգեն Մանուկյան- Կարեն Դեմիրճյան դաշինքը կայանար, էդ երկու գլուխները նույն կաթսայում կեփվեի՞ն։ Հարցին Արշակ Սադոյանը պատասխանեց այսպես. «Մենք կաթսա չէինք դնելու, միջնաժամկետ ծրագիր պիտի իրականացնեինք իշխանական համակարգի առողջացման համար, թե չէ մենք գաղափարական ընդհանրություն չենք կարող ունենալ պրոլետարներբոլորերկրներիմիացեքների հետ»։ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել