«Վերջերս տարբեր լրատվամիջոցներով հնչակյան կուսակցության շարքերից վտարված Էռնեստ Սողոմոնյանը հանդես է գալիս որպես Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) նախագահ։ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը հայտարարում է, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից «Հայաստանի ՍԴՀԿ» անունով գրանցված կուսակցություն գոյություն չունի։
Հայաստանում կա եւ գործում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 14.10.1991 թ. թիվ 53 որոշմամբ գրանցված Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը»։ Սա ՍԴՀԿ-ի հայտարարությունն էր՝ ի պատասխան Էռնեստ Սողոմոնյանի՝ «Առավոտին» տված հունիսի 18-ի հարցազրույցի։ Հարցազրույցի առիթով խմբագրություն էին եկել ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Ջորջ Հակոբյանը եւ վարչության անդամ Հրանտ Ամիրյանը, որն էլ սկսեց Էռնեստ Սողոմոնյանի պատասխանների մեկ առ մեկ հերքումը։
– Նախ՝ կուսակցությունը հիմնվել է ոչ թե 90 թ., այլ 91։ Կուսակցությունը ինքնուրույն ծրագրով եւ կանոնակարգով արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցություն է, այլ ոչ թե մասնաճյուղ։ Հարցազրույցում ասվում է, թե «վերագրանցման արդյունքում կուսակցության ղեկավարումը Եղիա Նաճարյանից անցավ Էռնեստ Սողոմոնյանին»։ Էդպիսի բան տեղի չի ունեցել։ Ապա ասվում է, որ «սակայն 1999 թ. փետրվարին տեղի է ունենում Էռնեստ Սողոմոնյանից հեռացած հնչակների համագումար»։ Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ թե համագումարին մասնակցած կուսակցականներն են հեռացած Էռնեստ Սողոմոնյանից, այլ նա։ Որովհետեւ, երբ 1998 թ. մայիսին Բեյրութում տեղի ունեցած լիագումար համագումարում ցրեցին Հայաստանի հնչակյան կուսակցության 3-րդ համագումարում ընտրված կենտրոնական վարչությունը եւ, այսպես կոչված, ժամանակավոր վարիչ-մարմին նշանակեցին՝ Էռնեստ Սողոմոնյանի ատենապետությամբ, Հայաստանի հնչակյանությունը միանշանակ կերպով մերժեց այդ որոշումը՝ չնայած դա մեր կենտրոնի որոշումն էր։ Բայց այն հակասում էր մեր հանրապետության կուսակցությունների հասարակական կազմակերպությունների մասին օրենքին։ Այսինքն՝ մեր կուսակցությունը իրավունք չունի եւ չի էլ ղեկավարվում դրսից։ Հետո՝ կուսակցության ղեկավար մարմինները ոչ թե նշանակվում են, այլ ընտրվում։
Հարցազրույցում ասվում է. «… համագումար, որը կազմակերպել էր լոնդոնաբնակ Վազգեն Կասեմջյանը»։ Սա, գիտե՜ք ինչ, մեր ողջ կուսակցության հասցեին ուղղված…Անգամ չգիտեմ՝ ինչ խոսքերով ասեմ՝ ինչ է։ Ո՞նց թե. Կասեմջյան Վազգենը եկել է, համագումար կազմակերպել։ Դա մեր հերթական 4-րդ համագումարն էր։ Իսկ Վազգեն Կասեմջյանը մեր կենտրոնական վարչության անդամն է, մեր կուսակցության փոխնախագահը, այո՛, նա աջակցել է իր ակտիվ օժանդակությամբ։ Բայց մենք մինչ նրա գալը գործի 50%-ն արդեն արել էինք։ Այո՛, նա մեզ ցույց է տվել ֆինանսական օգնություն։ Մեր կուսակցության մեջ այդպիսի բան կա. մեր կուսակցության անդամները, ովքեր հնարավորություն ունեն, ֆինանսական օգնություն են ցույց տալիս։ Ասվում է, թե «համագումարի արդյունքում որոշում է կայացվել՝ դիմել արդարադատության նախարարություն՝ նոյեմբերի գրանցումը չեղյալ հայտարարելու առաջարկով»։ Բայց մենք նման որոշում չենք կայացրել, որ նախարարությունն իր որոշումը չեղյալ հայտարարի (նոր ՍԴՀԿ կուսակցության գրանցման- Լ. Ա.)։ Մենք հայտարարել ենք, որ դա սխալ որոշում էր, ու արդարադատության նախարարությունը մարտի 30-ի իր նոր որոշումով ուղղել է իր սխալը։
Կարդացեք նաև
Հիմա տեսեք, նրան հարց են տալիս. ինչո՞ւ ՍԴՀԿ-ն համամասնական ընտրակարգով չմասնակցեց ԱԺ ընտրություններին։ Բայց նա իրավունք ունի՞ այս հարցին պատասխանելու։ Եթե ինքն ասում է՝ ես ՀՍԴՀԿ եմ, ինչ գործ ունի՝ կարծիք է հայտնում ՍԴՀԿ-ի մասին։ Լավ, այժմ խոսենք նոյեմբերի 8-ի՝ նրա կուսակցության գրանցման մասին։ Բեյրութում Էռնեստ Սողոմոնյանը նշանակվեց ժամանակավոր վարիչ-մարմնի անդամ եւ նրան հանձնարարվեց, որ համախմբի հնչակյաններին, նախապատրաստի կոնֆերանսին (քանի որ Եղիա Նաճարյանը ծանր հիվանդ էր եւ այդ գործերով չէր զբաղվում)։ Նա ընդհակառակն արեց, ու կուսակցությունը նրան իրենից վանեց, ոչ մի կուսակցություն նրան չընդունեց։ Ինքն էլ հավաքեց իր բարեկամ-մտերիմներին, օծեց ՍԴՀԿ անդամ։ Որի իրավունքը չուներ։ Օծումը գաղտնի ծես է՝ սառը զենքով, կրակող զենքով եւ Արեւմտյան Հայաստանի բոլոր նահանգներից բերված հողով։ Ուրեմն՝ սա բերեց, առանց այդ ատրիբուտների երդվել տվեց իր ընկեր-բարեկամներին եւ ստեղծեց կուսակցություն, ապա նոյեմբերի 8-ին հրավիրեց կոնֆերանս։ 70 պատգամավորներից հազիվ 5-6-ն էին կուսակցական, պատկերացնո՞ւմ եք։ Այդ կոնֆերանսում կատարել է կանոնադրական փոփոխություններ, որը ծիծաղելի է, քանի որ նման փոփոխություններ կատարվում են միայն համագումարում։ Արդարադատության նախարարության վրա նա՝ որպես ԱԺ պատգամավոր, ճնշումներ գործադրեց եւ վերագրանցեց կուսակցությունը։
Պարզվել է, որ նա գրանցել է ՍԴՀԿ՝ մեր կուսակցության եւ կանոնակարգի հենքի վրա։ Դե, մենք էլ բողոք ներկայացրինք նախարարությանը եւ գործը ուսումնասիրելուց հետո էլ, ինչպես ասացի, իր որոշումը չեղյալ հայտարարեց։ Փաստորեն, այսօր Հայաստանում գործում են 2 հնչակյան կուսակցություններ՝ ՍԴՀԿ եւ ՀՍԴՀԿ-ն։ Վերջինս առայժմ չի գործում։ Էռնեստ Սողոմոնյանի գրասենյակի ցուցանակին գրված է՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական գրասենյակ։ Փաստորեն, արդարադատության նախարարության կողմից մերժված կուսակցությունը գործում է։ Նա նաեւ հարցազրույցում ասում է, թե «հնչակյան կուսակցություններ գործում են աշխարհի 17 երկրներում»։ Այդ երկրներում գործում է մեկ հնչակյան կուսակցություն՝ իր մասնաճյուղերով։ Ինչ վերաբերում է Վահրիճ Ջերեջյանին, նա ոչ թե կուսակցության ատենապետն է, այլ նախագահը։ Այսպիսով, Էռնեստ Սողոմոնյանի պատասխանները թյուրիմացության մեջ են գցել ոչ միայն Հայաստանի հնչակյաններին, այլեւ մեր կուսակցության բարեկամներին եւ արտասահմանյան մեր մասնաճյուղերին։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ