Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պաշտպանված չենք մարզպետից

Հունիս 23,1999 00:00
Albert Heroyan

Բաց նամակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կ. Դեմիրճյանին եւ վարչապետ Վ. Սարգսյանին

«Կառուցենք եւ պաշտպանենք» թեզը առավել քան մոտ էր իմ սրտին, քանի որ չորս տարվա իմ գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքի, խելքի, մտքի, էնտուզիազմի շնորհիվ ստեղծածն այսօր ես չեմ կարողանում այլեւս պաշտպանել մարզպետ Հերոյանի եւ փոխմարզպետ Մխիթարյանի ոտնձգություններից։

Բանն այն է, որ 1995-ին գործադիր կոմիտեի եւ մրցութային հանձնաժողովի որոշմամբ ու օրինական պայմանագրով տասը տարով վարձակալել եմ կրկնակի աղակալման պրոցեսում ընթացող 219 հեկտար պետպահուստի հող։ Հողեր, որոնցից 11 կոլտնտեսություններ 5 տարի անմշակ թողնելով, հրաժարվել էին՝ ջուր չլինելու, խցանված դրենաժային ցանցի եւ իրենց գյուղերից 10-20 կմ հեռու լինելու պատճառով։

Բայց ահա չորս տարի անց, երբ հսկայական կապիտալ ներդրումներով ես հասել եմ այն բանին, որ անխափան գործում է դրենաժային ցանցը, ստեղծել եմ ոռոգման համակարգ, պոմպեր եմ տեղադրել եւ ցանել ամբողջ տարածքը, Արմավիրի մարզպետ Հերոյանն իր տեղակալ Մխիթարյանի հետ սկսել են հետապնդել ու խանգարել իմ գործունեությունը՝ ցանկանալով բռնի խլել ինձնից արդեն ցանված, մշակված ու բերքի կանգնած այդ հողերը, այն դեպքում, երբ մարզում մոտ 6000 հա չմշակված հողեր կան։

Առանց որեւէ հիմնավոր փաստաթղթերի, գործը մտցրին դատարան։ Յոթ ամիս շարունակ դատարանի դռներին քարշ գալով, ես չկարողացա պաշտպանել իմ օրինական իրավունքները, քանի որ դատարանի վրա մեծ ճնշումներ գործադրելով նրանք հասան այն բանին, որ չեղյալ հայտարարեն պայմանագիրը, պատճառաբանելով, որ գործադիր կոմիտեն իրավունք չուներ պետպահուստի հողերը պայմանագրով տալու։ Բայց իմ ի՞նչ գործն է, գործադիր կոմիտեն ճի՞շտ է վարվել, թե՞ սխալ՝ աղակալումից փրկելու համար այդ հողերին նոր տեր որոնելով։ Փաստն այն է, որ այդ պայմանագիրը հիմք ընդունելով, ես մեծ ծախսումներ եմ արել եւ ո՞րն է իմ մեղքը, որ պիտի նյութական մեծ վնասներ կրեմ։

Իմ գործունեությունը ճիշտ է ու արդար, քանի որ կատարել եմ պայմանագրային բոլոր պարտավորությունները, չեմ խախտել օրենքի տառն իսկ։ Իսկ գուցե, պարոն Դեմիրճյան, որպես Ազգային ժողովի նախագահ, միջոցներ ձեռք առնեք ու փոխե՞ք հողային եւ քաղդատավարության օրենսգրքերի հոդվածները, հարմարեցնելով դրանք մարզպետ Հերոյանի շահերին ու քմահաճույքներին, որպեսզի նրա գործելակերպը գոնե բխի օրենքից։ Իրենց հետապնդումներում միջոցների մեջ խտրություն չդնելով (նույնիսկ հիվանդանոցում ինձ հանգիստ չթողեցին, բաժնի վարիչին ազատելով աշխատանքից, իսկ գլխավոր բժիշկը խիստ նկատողություն ստացավ՝ ինձ բուժօգնություն ցույց տալու համար), մարզպետն ու փոխմարզպետը իմ դեմ են հանել միլիցիան, դատախազությունը, հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին եւ ցանկանում են առանց իմ ծախսերը փոխհատուցելու, բռնի ուժով խլել ցանված եւ բերքի կանգնած դաշտերը՝ խախտելով հողային օրենսգրքի 57 եւ քաղդատավարության օրենսգրքի 102 հոդվածները։ Ո՞վ է տեսել, որ օրը ցերեկով մարդուց խլեն աճեցրած բերքը եւ տարիների քրտինքը՝ առանց ծախսերը փոխհատուցելու, այդ նպատակով օգտագործելով նաեւ արդարադատության քողի տակ հանդես եկող դատավորների, կատարածուների, դատախազության եւ միլիցիայի աշխատակիցների, որոնք բոլորն էլ կոչված էին պաշտպանելու օրենքը, մարդու իրավունքներն ու շահերը, այլ ոչ լինելու մի բռի մարզպետի կամակատար, որն անամոթաբար հայտարարում է, թե մտերիմն է սպարապետի եւ օգտվում է նրա հովանավորությունից։

Եվ «Կառուցենք ու պաշտպանենք» կարգախոսի մեջ, համոզված եմ, որ Դուք նկատի եք ունեցել պաշտպանը լինելու կառուցողի, այլ ոչ կառուցածն ու ստեղծածը փոշիացնողի։ Մինչեւ ե՞րբ պիտի այս պարոններն այսպես արհամարհեն օրենքները եւ ոտնահարեն մարդու իրավունքները։ Ո՞վ պետք է սանձի նրանց եւ բռնի նրանց գող ձեռքը կես ճանապարհից, եթե ոչ դուք, պարոն Դեմիրճյան եւ պարոն Սարգսյան՝ ձեր բռնած կուրսը փաստելով։ Մեզ պետք չեն ուրիշի ունեցածը թալանողներ եւ տարբեր կուսակցությունների գիրկն ընկած մարդիկ, որոնք զուրկ են դեմքից եւ խոնարհվում են միայն շահի եւ փողի առաջ, քծնում ուժեղներին ու հալածում թույլերին։

ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

«Կոմպլեքս» ՍՊԸ տնօրեն

Թերթը պատրաստ է տպագրել նաեւ հակառակ կողմի տեսակետը՝ մանավանդ որ, մեր տվյալներով, իրավական տեսակետից պրն Մելքոնյանի դիրքերը բավականին խոցելի են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930