Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ ՔՆՆԱԴԱՏԱԲԱՐ

Հունիս 23,1999 00:00
Karapet Rubinyan

Ընդդիմախոսում է Կարապետ Ռուբինյանը

Լուրջ եւ հիմնավորված քննադատությունը միշտ ինչ-որ չափով զգաստացնող նշանակություն է ունենում։ Ուստի ցավալի է, որ մեծ մասամբ խորհրդարանական աշխատանքի փորձ եւ բավարար պատրաստվածություն չունեցող նորընտիր ԱԺ-ն ունակ չէր որեւէ կերպ ընդդիմախոսել կառավարության գործունեության ծրագրին։

Այդ բացը լրացնելու համար դիմեցինք նախորդ խորհրդարանի առավել իրազեկ պատգամավորներին։ Նախ ներկայացնում ենք Կարապետ Ռուբինյանի խոսքը։

Նորանշանակ վարչապետն, անշուշտ, ճիշտ էր, որ տնտեսական մանրամասն ծրագիր հնարավոր չէր այժմ պատրաստել։ Մանավանդ ճիշտ է, որ բյուջեի առումով պարզապես օրենքն է իրեն պարտադրում նոր ծրագիր ներկայացնել։

Մանրամասն ծրագիր նրանից չէր էլ պահանջվում։ Ուղղակի Հայաստանում առաջին անգամ մի (վերապահումով ասենք կամ չասենք) քաղաքական ուժ խորհրդարանում մեծամասնություն է կազմել եւ նախագահին փաստորեն պարտադրել է իր կառավարությունը կազմել։ Այս հանգամանքներում բնական կլիներ շատ ավելի ընդհանրական մի ծրագիր սպասել, բայց որից ակնհայտ կերեւար, թե այս քաղաքական ուժն այս երկիրն ուր է տանում։ Այդպիսի բան չի ներկայացվել։ (Պրն Ռուբինյանը մեր խնդրանքով կրկնեց հանրահավաքում իր ելույթի որոշ դրույթներ, քանզի մամուլի անդրադարձից ըմբռնել էինք, որ նա ինչ-որ բաներ է ասել ծրագրի մասին, բայց թե հատկապես ինչ՝ խիստ կցկտուր եւ անհասկանալի էր- Ա. Ի.)։ Ի՞նչ գերխնդիրներ կան մեր երկրի եւ հասարակության առջեւ։ Առաջինը՝ Ղարաբաղն է, պատերազմի կամ ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության խնդիրը. ի՞նչ լուծումներ է տեսնում այս քաղաքական ուժը, որ մինչ այժմ որեւէ հայտարարություն չի արել այս առումով իր մտադրությունների վերաբերյալ։ Երկրորդը. երկրում սահմանադրական կարգը խախտված է եւ պիտի երեւար դիրքորոշումը։ Ի՞նչ է, կարծում են, որ այդպես էլ պիտի լինի՞, էլի «մեր դեմ խաղ չկա՞», թե՞ այնուամենայնիվ ժողովրդավարության զարգացման, օրինականության վերականգնման ինչ-որ խոստումներ են տալու։ Սրա մասին էլ խոսք չկար, ժողովրդավարություն բառը շատ քիչ կամ ընդհանրապես չհնչեց։ Երրորդը՝ կաշառակերության դեմ պայքարը եւ կոռուպցիան է, որը պարզապես խեղդում է այս պետությանը եւ հասարակությանը. այս կարեւորագույն խնդրի վերաբերյալ էլ վերաբերմունք չարձանագրվեց։

Այս ամենի փոխարեն առօրյա, մանր խնդիրների շուրջ ծրագրային կոչվող դրույթներ կան, որոնք բարի ցանկություններով լի են։ Եվ պիտի ստիպված արձանագրենք, որ թվարկածս երեք բախտորոշ հիմնախնդիրների վերաբերյալ էլ կառավարությունը լի է բարի ցանկություններով։

Արձանագրվածի մեծ մասն արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրերն են, այսինքն, գոնե ծրագրի մակարդակով՝ Արմեն Դարբինյանի կառավարության հաջորդականությունը պահպանվել է։ Եթե գումարենք, որ նույն «փայլուն» արհեստավարժը տեղ է գտել նոր կաբինետում՝ այս կարծիքն ամրապնդվում է։

Մյուս մասը, դեռեւս չիրականացված, բայց նույնպես պլանավորված ծրագրեր են։ Այսինքն, կառավարության այս ծրագրում նորամուծություններ ու մտքի փայլատակումներ ես չեմ տեսել։

Ինձ շատ դուր եկավ, որ վարչապետը հայտարարեց, թե դեմ չեն, որ եկամուտների ծախսերի հայտարարագրման համակարգը սկսի աշխատել։ Մեր՝ նախկին պատգամավորների ջանքերով արդեն օրենսդրորեն (ի դեպ, պրն Դարբինյանի հետ մեծ պայքարից հետո) ամրագրել էինք, որ պիտի ներդրվի այդ համակարգը։ Համոզված էի, որ ոչինչ էլ չեն անելու, բայց հիմա սա ինձ համար ասվածներից միակ հուսադրող բանն է։

Մի նրբերանգ կա. ըստ էության, կառավարության անդամների մեծ մասին ճանաչում ենք եւ նրանց հնարավորությունները կարող ենք հանգիստ գնահատել։ Վերը նշվածից բացի, տարբերությունը նաեւ այն է, որ առաջին անգամ ամենաուժեղ անձը կառավարության ղեկավարն է։ Մենք միշտ այդ խնդիրն ունեցել ենք՝ վարչապետը կառավարության ամենաուժեղ անձը չի եղել։ Սա մեր հասարակության մի հատվածին այս կամ այն չափով ոգեւորում է։ Ամենաքիչն ինձ է ոգեւորում, բայց այստեղ իսկապես ինչ-որ ոգեւորիչ բան կա, քանի որ ժողովրդի մեջ արմատավորված է այն սպասումը, որ վերջիվերջո մի ուժեղ ձեռք լինի եւ կարգուկանոն հաստատի։ Հիմա, արդյոք կկարողանա՞ այս հանգամանքից օգտվել պրն վարչապետը եւ իսկապես ինչ-որ դրական բաներ անել։ Ես համոզված եմ, որ նա անկեղծորեն ցանկանում է դա անել, բայց ի վիճակի կլինի՞, թե՞ ոչ՝ մեծ կասկածներ ունեմ։

Ասենք, ուժեղ վարչապետն ինչո՞ւ ուժ չունեցավ հայտարարել բոլոր ահռելի թերությունների եւ թալանի մասին, որոնք կան էներգետիկ համակարգում։ Ծրագրի այս մասում եւս նոր մոտեցում չկա ընդհանրապես։ Եվ թալանին վերջ տալու խոստման փոխարեն հայտարարում են՝ այն ճեղքվածքը, որն առաջացել է էներգետիկ համակարգում, պիտի այնպիսի վերակազմավորման եւ վարկերի միջոցով վերաձեւակերպեն, որ «օպտիմալացնեն» սակագները։ Նախ, շատ երկիմաստ է հնչում «սակագների օպտիմալացումը»՝ ժողովուրդն իր դառը փորձից կարող է արդեն ենթադրել, թե ո՛ր կողմով է «օպտիմալացվելու»։

Երկրորդը, խորհրդարանում իմ ելույթում ասել էի, որ էներգետիկ համակարգի թալանը ներկայացվում է որպես կորուստներ, որոնց պատճառով առաջանում է այդ ճեղքվածքը, որը փակելու համար կոմերցիոն վարկեր ենք վերցրել, որոնց պատճառով կուտակված պարտքերն էլ հիմա սակագնի ուռճացման պատճառ են։ Կառավարությունն էլ որոշել է նոր ձեւեր գտնել այդ բացերը փակելու համար։ Այսինքն, ի վերջո, ստացվում է, որ թալանածը պարտակելու նոր ձեւեր են գտնելու, ուրիշ ոչինչ։ Կոչ եմ անում ոչ թե այդ ձեւերի հետեւից ընկնել, այլ փորձել այդ թալանածի գոնե մի մասը հետ բերել եւ ամենակարեւորը, փորձել կարգուկանոն հաստատել եւ ի վերջո ավարտել էներգետիկ ոլորտի բարեփոխումը։

Հաջորդը, բյուջեի ճեղքվածքն այժմ փորձում են ոչ շուկայական մեթոդներով փակել։ Հիմա արդեն ցանկացած քիչ թե շատ շնչող եւ տնտեսվարող սուբյեկտների դիմել են՝ մեկին խնդրելով, մյուսին՝ ստիպելով, մեկ ուրիշին՝ վախեցնելով, որ բյուջեին կանխավճարներ կատարեն։ Այս գայթակղությունից ոչ մի կառավարություն չի խուսափել՝ մանավանդ վերջինները։ Հուսանք, որ այս կառավարության համար էլ դա միայն գայթակղություն կլինի եւ ի վերջո կհասկանան, որ լուրջ աշխատանք է պետք այս ոլորտում։ Բայց մեզ նաեւ ասում են՝ քանի որ բյուջեում ճեղքվածք կա՝ պիտի հարկերը բարձրացնենք, բայց որպեսզի աղքատ խավը դրանից չտուժի՝ միայն բենզինի եւ ծխախոտի հարկերն ենք բարձրացնելու։ Անհեթեթ է ներկայացնելը, թե բենզինի հարկի բարձրացումը չի անդրադառնա աղքատ խավի վրա՝ անխտիր, բոլո՛ր խավերի վրա կանդրադառնա։ Բայց եթե այնուամենայնիվ բենզինի մասին հիշում եք, այ ձեր ցավը տանեմ, նախ այդ ոլորտում թալանը վերացրեք։ Լավ կլիներ, նախ տեսնեինք, որ ենթադրենք «Միկա-Արմենիան» ջարդուփշուր են արել (իհարկե, փոխաբերական իմաստով), քան թե նորից այդ բադին-կոզբադիններին գցեին տնտեսվարողների ջանը։

Եվ վերջինը՝ ոստիկանական ոլորտը։ Կառավարության կառուցվածքում այդ տարանջատման մասին ոչ մի խոսք չասվեց։ Ստորջրյա բոլոր նրբերանգների մասին իրազեկները գիտեն, բայց էլի՝ ինչո՞ւ դա չօգտագործել որպես առիթ եւ ասել, որ ոստիկանական համակարգը պատուհաս է դարձել այս ժողովրդի գլխին։ Ինչու չասե՞լ, որ 6-րդ վարչությունն արդեն անհանդուրժելի է դարձել իր գործունեությամբ, ГАИ-ն էլ վարորդների համար։ Եվ ամենակարեւորը՝ ինչու ոչ մի խոսք չկա այն ահռելի չափերի անվերահսկելի դրամական միջոցների մասին, որոնց տիրապետում է ՆԳ նախարարությունը եւ որոնց արտահայտությունը տեսանք այս ընտրարշավի ժամանակ։ Էլ չեմ խոսում, որ հերթական՝ 7-րդ, թե 15-րդ ընդունելությունների տունն է կառուցվում։

Հիմա, եթե ուժեղ վարչապետ է եկել եւ այս բոլոր ցավոտ խնդիրների մասին չի խոսում՝ մեզ մնում է միայն հուսալ, որ նա լռելյայն կանի այս ամենը։

Պատրաստեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Հ. Գ. «Առավոտի» վաղվա համարում կներկայացնենք կառավարության ծրագրի վերաբերյալ ԱԺ նախկին պատգամավոր Վահագն Խաչատրյանի մեկնաբանությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930