Հրեական անեկդոտ Լեւոն թագավորը դարեր առաջ 500 հրեա է բերել Հայաստան եւ բնակեցրել։ Հրեաներն ու հայերը խառնվել են իրար եւ արդյունքում՝ մեր մեջ հրեան է քնած։
Վերջերս հանրապետության հոգեբան-նյարդաբաններից մեկն իր աշխատանքային պրակտիկայից օրինակ բերելով ասաց. «Ինձ մոտ հիվանդներ են գալիս, որոնք իրենք էլ չգիտեն իրենց հրեա լինելը»։ Սույն փաստն, իհարկե, այդպես էլ գաղտնիք է մնում հոգեբանի մոտ եկած հիվանդների համար։ Սույն գաղտնիքը բացահայտվում է ՀՀ կառավարության շենքի մուտքից սկսած։ Հերթապահ ոստիկաններն ուշի-ուշով զննում են տարածքը, մուտք ու ելք անողները մի քանի տեսակի են։ Նրանց այն մասը, որը շենք ելումուտի թույլտվություն ունի, իր կարգավիճակից գոհ ու բավարարված, թափով մտնում է շենք ու բարձրանում վերեւ՝ ուղեգորգի ուղղությամբ։ Մի մասը մտնում է ու շվարում։ Ոստիկաններն, իմանալով, թե նրանք ում են երազում տեսնել, ուղարկում են ընդունարան։ Այնտեղից քչերն են բավարարված ու գոհ վերադառնում։ Քանի որ Խոսրով Հարությունյանն, օրինակ, դեռ այցելուներ չի ընդունում, իսկ կառավարության մյուս աշխատակիցները զուտ հեռախոսային ինֆորմացիա են տալիս։
Այցելուների մյուս մասն էլ հենց նրանք են, ում մեջ քնած է հրեան։ Վերջիններս ներս են մտնում (ինչպես՝ մի կարճմազ, գիրուկ կին, ալ կարմիր շրթներկով), մի քիչ զրուցում են ոստիկանների հետ։ Սկզբում անմեղ հարցեր են տալիս։ Վերոհիշյալ կինն, օրինակ, ինչ-որ Հակոբի տեսնելու փափագ ուներ։ Պարզվեց, որ նման Հակոբ չկար։ Կամաց-կամաց կնոջ մեջ հայի վերջին խելքը փոխվում էր հրեայի ու իբրեւ թե միամիտ-միամիտ կինը հանկարծ հարցնում է. «Իսկ Սարգսյանի մոտ կարո՞ղ եմ գնալ»։ Ոստիկանը զարմացած է՝ «վարչապետի՞»։ Կինն ազգային նկարագիրը կորցնում է. «Հա, ի՞նչ կլինի, ուզում եմ տեսնել, հետը խոսել»։ Վարչապետի հետ տեսնվելու եւ խոսելու կնոջ ցանկությունը մնաց անկատար։ Քիչ անց հայտնվեց մի հայ երիտասարդ, մի օտարերկրացու արտաքինով բարձրահասակի հետ։ Պարզվեց օտարերկրացու արտաքինովն իսկապես այդպիսին է, ավելին՝ ՀԲ-ի ներկայացուցիչ։ Նրան ուղեկցողն ուղեւորվեց ընդունարան, հետը տանելով օտարերկրացու վարորդական իրավունքը։ Նրանց վերեւում սպասում էին ու երկուսով վերեւ բարձրանալու պատվին արժանացան։
Վերոհիշյալ պատվից չզրկվեցին նաեւ ՀՀ նախկին եւ ներկա սոցապ նախարարներ Գագիկ Եգանյանն ու Ռազմիկ Մարտիրոսյանը, ինչպես նաեւ փոխնախարար Դավիթ Հակոբյանն ու վարչության պետ Աստղիկ Մինասյանը։ Իսկ ընդունարանում դեռեւս հին-հին ժամանակներից մնացած աշխատակազմի ցուցակն է, ըստ որի, ՀՀ վարչապետն Արմեն Դարբինյանն է։
Կարդացեք նաև
Մ. ԵՍԱՅԱՆ