Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉՈՌՆԻ ՆԱԼԸ» ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

Հունիս 23,1999 00:00
stverayin

Մեզ սպասո՞ւմ է սեփականության նոր վերաձեւում

Նոր կառավարությունից, նրա ներկայացրած ծրագրից խորհրդարանում ներկայացված եւ չներկայացված քաղաքական ուժերը ակնհայտորեն գոհ են: Հիրավի, քիչ բան է պետք երջանկության համար. մեկ-երկու քաղցր խոսք, մեկ-երկու միջին պաշտոն, հինգ-վեց «Նիվա», եւ հեղափոխական-արմատական ընդդիմադիրը դառնում է ձեռնասուն-իշխանամետ:

Եւ քանի որ վերջերս պարզ դարձավ, որ կուսակցություններն օգտագործում են ոչ թե սապոն, այլ նրբօճառ, ավելորդ գռեհկաբանություններից խուսափելու համար նշեմ, որ քաղաքական ուժերը իշխանության աչքն են մտնում նրբօճառով: Աստված նրանց հետ:

Չկիսելով համընդհանուր հրճվանքը, հիշեցնեմ մի խնդրի մասին, որը Ղարաբաղի հարցից հետո, կարծում եմ, ամենակարեւորն է եւ որն, ի դեպ, արծարծվել է վարչապետի ելույթում: Արդեն 7-8 տարի է, մեր չինովնիկների եւ գործիչների բերանում ծամոն է դարձել «պայքար ստվերային տնտեսության դեմ» արտահայտությունը: Գեղեցիկ բառակապակցություն է՝ մանավանդ նախընտրական շրջանում: Բայց այդ բառախաղը որեւէ բովանդակություն կունենա այն դեպքում, եթե նախարարության, ձեռնարկության, հիմնարկի, աշխատակցի «ոչ ստվերային», օրինական, փաստաթղթերում արձանագրվող եկամուտները տեղավորվեն բանականության սահմաններում: Օրինակ, ցանկացած նախարար լավ գիտի, որ 15-20 հազար դրամով ոչ մի պաշտոնյա իր ծառայությունը չի կատարի: Կա երկու ելք. կամ «կիսապաշտոնական» ճանապարհով ապահովել նրա նվազագույն կենսամակարդակը, կամ բացահայտորեն դրդել նրան հանցագործությունների: Ո՞րն է ավելի նպաստավոր պետության համար: Իհարկե՝ առաջինը:

Վիճակը նույնն է ոչ միայն բյուրոկրատիայի, այլեւ բոլոր բնագավառների աշխատակիցների համար: Ավելին՝ ոչ մի նորմալ մարդ 15-20 հազար դրամով որակյալ աշխատանք չի կատարի, եթե այդ գումարը իր ընտանիքի միակ եկամուտն է: Իսկ որակյալ աշխատանք, այնուամենայնիվ, պետք է թե՛ պետական եւ թե՛ մասնավոր ոլորտներում: Իհարկե, իդեալական կլիներ, եթե պետական բյուջեն եւ մասնավոր ֆիրմաների եկամուտներն այնպիսին լինեին, որ կարողանային նորմալ, օրինական կենսամակարդակ ապահովել բոլորի համար. նախարարից սկսած եւ ուսուցիչով վերջացրած: Բայց նման հեռանկարը Հայաստանում առայժմ չափազանց մշուշոտ է: Ուրեմն, անհրաժեշտ են նաեւ այլ եկամուտներ, որոնք թղթի վրա չեն գրվում եւ որոնց կեսը պետությունը չի տանում զանազան հարկերի միջոցով: Այսօր դա պետք է հենց իրեն՝ պետությանը, հակառակ դեպքում կյանքն ընդհանրապես կանգ կառնի:

Իսկ որտեղի՞ց կարող են առաջանալ այդ հավելյալ գումարները, որոնք կոչված են, ի վերջո, ապահովել պետության նորմալ կենսագործունեությունը: Իհարկե, ստվերային տնտեսությունից, որը հովանավորում եւ խթանում է հենց երկրի քաղաքական ղեկավարությունը՝ ճիշտ է, զուգահեռաբար ճառերի մակարդակով տարիներ շարունակ սուր ճոճելով հովանավորչության դեմ: Այդպես է հայտնվում արտոնյալ բիզնեսմենների խավը, որին թույլ է տրվում խուսափել մաքսային եւ հարկային պարտավորություններից, եւ որոնք փոխարենը պետության ղեկավարներին են տրամադրում օրինական շրջանառությունից դուրս գտնվող, բայց պետության գործունեության համար խիստ անհրաժեշտ «չոռնի նալը»:

Մակերեսային մակարդակով, կարծես թե, լուծում կա. «չոռնի նալը» դարձնել «սպիտակ»՝ փոխանցելով այն պետական բյուջե: Բայց եթե դա նույնիսկ հաջողվի, ապա այդ փողերը կկորչեն, կփոշիանան, կմսխվեն՝ միջին բյուրոկրատիայի ջանքերով: Իսկ բյուջեից դուրս գտնվելով, այդ գումարները պետք է, որ ծախսվեն նպատակային՝ բազմաթիվ «անցքերը» փակելու ուղղությամբ: Ասում եմ՝ «պետք է որ», որովհետեւ ամեն ինչ կատարվում է օրենքից եւ վերահսկողությունից դուրս եւ կախված է ստվերային շրջանառության մասնակիցների բարոյականությունից ու խղճից: Այդ ոչ հստակ եւ գրեթե անորսալի չափանիշներով է որոշվում, թե գումարների որ մասն է ծախսվել պետական նպատակների համար, եւ որն է անցել քաղաքական ղեկավարների, նրանց մերձավորների եւ նրանց հետ վերջնականապես սերտաճած արտոնյալ բիզնեսմենների գրպանը: Իսկ խոսքը, հիշեցնեմ, միլիոնավոր դոլարների մասին է: Դատելով երկրի ներկայիս կացությունից եւ պաշտոնյաների, մեղմ ասած, ոչ տառապալից կյանքից, ստվերային շրջանառության բոլոր կողմերը «համը հանել են»: Ստացվում է, որ առանց ստվերային տնտեսության մեր պետությունը կքանդվի, որովհետեւ ոչ ոք չի աշխատի եւ չի ծառայի: Ստվերայնության մեր չափով պետությունը քանդվում է նույն հաջողությամբ: Բայց ամենավտանգավորն այսօր կլինի ստվերային տնտեսության դեմ պայքարի դրոշի տակ սեփականության եւ, հետեւաբար, «չոռնի նալի» վերաբաշխումը:

Համակարգը, որի մասին մենք խոսում ենք, սկսեց ձեւավորվել դեռեւս պատերազմի ժամանակ, բյուրեղացավ 94-ի մայիսի զինադադարից հետո եւ վերջնական տեսք ստացավ 97-ի աշնանը, երբ «հիմնական խաղացողների» միջեւ բաժանվել էին տնտեսապես եկամտաբեր մենաշնորհային ոլորտները: Ընդ որում, վաղուց արդեն քաղաքական կուսակցություն լինելուց դադարած եւ տնտեսական կառույց հանդիսացող ՀՀՇ-ին համեմատաբար փոքր փայ հասավ: Դա հնարավորություն տվեց 98-ի սկզբին կատարել նաեւ քաղաքական փոփոխություններ եւ ձեռնարկել հերթական «սեւ վերաձեւումը»: Ինչպես ասում էր Կարլ Մարքսը, քաղաքականությունը տնտեսության սեղմ արտահայտությունն է: Ուստի, հավանաբար, կարիք չկա երկար բացատրել, որ այսօր նոր վերաբաշխումները կարող են հանգեցնել ցնցումների, իսկ մեր երկիրը արտաքին անվտանգության տեսակետից այն վիճակում չէ, որ կարողանա դա իրեն թույլ տալ: Մասնավորապես, այդ պատճառով կարծում եմ, որ նախագահն ու վարչապետը պարտավոր են մնալ իրենց պաշտոններում առաջիկա չորս տարվա ընթացքում:

Ստվերային տնտեսության մասին խոսելով, մենք, չգիտես ինչու, երբեմն պատկերացնում ենք ինչ-որ բունկերներ, որտեղ նստած են հայտնի եւ անհայտ մաֆիոզները: Մինչդեռ այդ տնտեսության գլխավոր ֆինանսավորողները մենք ենք: Ե՞րբ եք դուք վերջին անգամ բենզալցման կայանում, խանութում կամ սրճարանում կտրոն վերցրել ձեր առեւտրի դիմաց: Ես էլ չեմ հիշում, բայց դա շատ վաղուց էր: Բնականաբար, ես կոչ չեմ անում, որ այսուհետ մենք ամեն անգամ այդ կտրոնը պահանջենք եւ ամեն օր հաց առնելիս այդ առիթով կռիվ անենք: Դա նույնքան անհեթեթ է, որքան ընտրություններից առաջ սեփական անունը ընտրացուցակներում գտնելը: Բա պետությո՞ւնն ինչի համար է:

Ես չունեմ նաեւ տնտեսության ստվերայնությունը պակասեցնելու դեղատոմսեր: Բայց մտածել այդ ամենի մասին, հավանաբար, արժե:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930