Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ

Հունիս 23,1999 00:00
Sd

«Առավոտին» դատի տված պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչվեց

Կոտայքի մարզի թիվ 56 ընտրատարածքն այն տարածքն էր, որի «հաղթող» թեկնածուն՝ Աղասի Սիմոնյան անվանյալը, դեռ մայիսի կեսերին քաղ. հայցով դիմեց Կենտրոն, Նորք-Մարաշ Առաջին ատյանի դատարան, պահանջելով նվաստիցս 50 հազար դոլար այն բանի համար, որ ես հանդգնել էի գրել ընտրությունների նախապատրաստական փուլում առկա խախտումների մասին։ Բնականաբար, ներքաշվելով դատական գործընթացների մեջ, դառնալով «շահագրգիռ» կողմ, զրկված էինք այդ ընտրատարածքում կատարվող գործընթացները լուսաբանելուց։

Երեկ Սահմանադրական դատարանում քննության էր դրվել մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Արամ Հարությունյանի դիմումը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել թիվ 56 ընտրատարածքում ԱԺ ընտրությունները։ Տեղեկացնենք, որ դիմող կողմի ներկայացուցիչներն էին ՀՀ փաստաբանների միության փաստաբան Մարատ Գինոսյանը, ՀՀ փաստաբանների միջազգային միության փաստաբան Ռաֆայել Սաֆարյանը։ Իսկ ահա պատասխանող կողմի՝ մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի անունն, օրինակ, Գագիկ Հարությունյան էր, որն անգամ «չփրկեց» նրան։ ՍԴ-ի աշխատակարգային որոշումով զեկուցող էր ճանաչվել ՍԴ անդամ Վ. Պողոսյանը։ Դիմումատուների կարծիքով, Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովը խախտել էր ՀՀ ընտրական օրենսգրքի 116 եւ 62 հոդվածների պահանջները եւ ընտրության արդյունքներն ամփոփելիս հաշվի չի առել հետեւյալ հանգամանքները.

ա) Ընտրողների ցուցակի վերջնական օրինակը տեղամասային կենտրոններ է բերվել 1999 թ. մայիսի 29-ի գիշերը,

բ) ցուցակներից հանվել են հազարավոր ընտրողների անունները,

գ) Կոտայքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ պրն Գ. Հարությունյանը 1999 թ. մայիսի 28-ին Եղվարդի թիվ 10/54 ընտրական տեղամասում կամայական փոխել է հանձնաժողովի կազմը։ Օրինական ընտրված հանձնաժողովի նախագահ Գ. Մկրտչյանի փոխարեն նախագահ է նշանակել պատգամավորության թեկնածու Աղասի Սիմոնյանի հորեղբոր տղային՝ Սիմոն Սիմոնյանին, փոխել է նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալին եւ քարտուղարին,

դ) կամայական այս փոփոխությունն էլ բացասաբար է անդրադարձել տեղամասում ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման բնականոն գործընթացի վրա,

ե) տեղամասային ընտրական հանձնաժողովը խախտելով ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի պահանջը, ընտրությունները սկսել է 40 րոպե ուշացումով, բացի այդ, ժամը 12։30-ի սահմաններում ընտրական տեղամաս է մտել պատգամավորության թեկնածու Գ. Ազիզյանը եւ ընտրությունները խախտումներով անցկացնելու պատճառով վեճի է բռնվել հանձնաժողովի հետ։ Այդ ժամանակ էլ հանձնաժողովի անդամ Է. Մեսրոպյանն ընտրական տեղամասից դուրս է հանել 59 հատ քվեաթերթիկ։

Ընտրություններն ընդհատվել են 1 ժամ 20 րոպե, որի ընթացքում բազմաթիվ ընտրողներ արհեստականորեն զրկվել են ընտրությունից,

զ) 10/57 ընտրամասում ընտրության արդյունքներն ամփոփելիս, քվեատուփում հայտնաբերվել է առանց կնիքի եւ ստորագրությունների մեծամասնականի քվեաթերթիկ (հասկանալի է «Կարուսել» մեխանիզմն է գործել- Ռ. Մ.),

է) թիվ 56 ընտրատարածքի 20 ընտրական տեղամասերից 4-ում (1054, 1057, 1055, 1060), ըստ ամփոփիչ արձանագրությունների տվյալների, անճշտությունների ընդհանուր չափը կազմում է 137, որը հանձնաժողովի կողմից չի նշվել։

Փաստորեն, համադրելով տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվը՝ 29159, քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թվի՝ 16366, եւ մարված քվեաթերթիկների թվի 11504 գումարի՝ 27870-ի հետ, տարբերությունը՝ 1289 թիվը, համարվում է որպես առաջին անճշտության չափ։ Համադրելով ընտրողների ցուցակների ստորագրությունների թիվը՝ 17128, քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թվի՝ 16366-ի հետ, տարբերությունը՝ 762 թիվը, համարվում է որպես երկրորդ անճշտության չափ։ Հետեւաբար, գումարելով երկու անճշտությունների թվերը, թիվ 56 ընտրատարածքում անճշտությունների չափը կազմում է 2051։ Հիշեցնենք, որ «հաղթողի» եւ դիմումատուի ձայների տարբերությունը 36 էր։

Պատասխանող կողմը, բնականաբար, գտնում էր, որ հունիսի 3-ին մարզային ընտրական հանձնաժողովի որոշումը ճիշտ է, որ… համակարգիչն է մեղավոր, ինչին ՍԴ նախագահը կարեկցանքով «խե՜ղճ» կոչեց։ Անճշտությունների կապակցությամբ էլ պահանջվեց գրել, գումարել, թվաբանական համատեղ գործողություններ կատարել։ «Այն, ինչ պահանջվում էր ապացուցել»։ 10/55 տեղամասի կապակցությամբ էլ պարզվեց, որ ըստ ՍԴ ներկայացրած տեղեկանքի, հանձնաժողովի նախագահն ու քարտուղարն այլ են, այլ փաստաթղթերով՝ այլ։ ՍԴ-ին այլ բան չէր մնում, քան անվավեր ճանաչել այս ընտրատարածքում պատգամավորի ընտրությունը (ինչին հետեւեցին բուռն ծափահարությունները)։ Եվ երկրորդ. «Սույն գործի քննության ընթացքում բացահայտված իրավախախտումների վերաբերյալ նյութերը տրամադրել Հայաստանի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930