Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՓԱՆ ԶԱՏԻԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ. ՈՉ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ

Հունիս 22,1999 00:00
Stepan Zatikyan

«Գուցե հիմա, երկու տասնամյակ անց, արժե նորից վերադառնալ պայթեցնողների գործին, եթե պարզվի դրա անհրաժեշտությունը, ռեաբիլիտացիայի ենթարկել, արդարացնել անմեղներին»։

Բորիս Սոկոլով. «Անխուսափելի պատի՞ժ, թե՞ ողբերգական ֆարս»

Պատմության վրա մենք շատ բաներ ենք թողնում։ Չխնայելով ժամանակը եւ ժամանակակիցներին։ Չգնահատելով երեւույթը։

Փորձում ենք գտնել արդարացումներ, երբ արդեն ուշ է։ Փորձում ենք մեղանչել, երբ դրա կարիքը չպիտի զգացվեր։ Ստեփան Զատիկյանի հարցում մենք մեղանչումներ կունենանք։ Եվ կունենանք, երբ արդեն ամեն ինչ անցյալ կլինի, երբ պատմությունը, ժամանակը եւ ժամանակակիցները այլեւս չեն լինի… 1977 թ. հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում ռումբ պայթեց։ Եղան զոհեր (7 մարդ), վիրավորներ (37 մարդ), սակայն մինչեւ օրս էլ չի պարզվել, թե ովքեր էին պայթյունն իրականացնողները, հեղինակները։ Չնայած պայթյունից հետո «գտնվեցին» ազգությամբ երեք հայեր։

1979 թ. հունվարի 16-20-ը տեղի ունեցավ Ստեփան Զատիկյանի, Զավեն Բաղդասարյանի, Հակոբ Ստեփանյանի աննախադեպ դատավարությունը (հրապարակայնության առումով), որն ավարտվելուց եւ դատավճիռը հրապարակելուց հինգ օր հետո ի կատար ածվեց… մահապատիժը։

Տարիներ անցան։ Եվ այս 20 տարիների ընթացքում չբարձրացվեց Ստեփանի եւ նրա ընկերների գործի վերանայման հարցը։ Հայտնի չէ, թե արդյոք պահպանվա՞ծ է Ստեփանի քաղաքական գործունեությունն ու պայքարը վավերացնող արխիվը, պահպանվա՞ծ է «Երեքի գործը» (անգամ Մոսկվայում), եւ, վերջապես, Ստեփանի եւ նրա ընկերների ընտանիքների հարցում երբեւէ կլինի՞ պետական հոգածություն, մոտեցում։ Հայտնի է միայն մի բան, որը տարօրինակորեն լռության մատնվեց լրատվամիջոցների կողմից. այս տարվա հանրապետականների համագումարի օրը համընկել էր Ստեփանի, Հակոբի, Զավենի գնդակահարության օրվա հետ։ Եվ այդ օրը ԱՄԿ-ականների ցանկությամբ մեկ րոպե լռությամբ հարգվել է երեք քաղաքական գործիչների հիշատակը։ 20 տարի անց։ Հունիսի 20-ը Ստեփանի ծննդյան օրն է։ Եվ եթե Ստեփանն ապրեր, այսօր կլիներ 53 տարեկան։

Քաղբանտարկյալներ Վազգեն Կարախանյանը, Վարդան Հարությունյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Սարգիս Թորոսյանը, Գագիկ Առաքելյանը, Գագիկ Հովսեփյանը չէին մոռացել Ստեփանին եւ ամեն տարվա պես, կիրակի օրը նշեցին իրենց ընկերոջ ծննդյան օրը։

Հիշողություննե՜ր, հուշե՜ր…

Վազգեն Կարախանյանը պատմեց, որ իրենց մտերմությունը սկսվել է 1966 թ. ապրիլի 24-ին, երբ Ստեփանին ձերբակալել էին եւ 15 օրով գցել մենախուց։ Նրանք միասին սովորում էին ԵրՊԻ-ում (Ստեփանն, ի դեպ, եղել է Լենինյան թոշակառու, գերազանցիկ)… Հիշեց, թե ինչպես է ծնվել Ազգային միացյալ կուսակցությունը, Հայկազ Խաչատրյանի, Շահեն Հարությունյանի եւ Ստեփանի մասնակցությամբ։ «Ստեփանի 20-ամյակը համընկավ ԱՄԿ-ի ծննդյան հետ» եւ այդ 20-ամյակն էլ նշել են միասին. «Ստեփանը ճանապարհի վրա էր, եւ գիտեր, թե ինքը որ ճանապարհն է ընտրելու»։ Վ. Կարախանյանը հիշեց նաեւ «Փարոս» անդրանիկ թռուցիկի մասին, ուր լույս էր տեսել Ստեփանի «Ելնում են նորերը» հոդվածը (Տպագրության, գրականության հայթայթման եւ տարածման հարցն ընկած է եղել գլխավորապես Ստեփանի վրա)։ Այսօր ցանկացած ԱՄԿ-ական կարող է հպարտորեն ասել, որ երդվել է Ստեփանի գրած երդման տեքստի վրա։

Ստեփանն իր բանտընկերների կամ, որ ճիշտ է՝ մարտական ընկերների գնահատմամբ անգերազանցելի է մնում մինչեւ օրս. «նրա առաջնայնությունը վիճելի չի կարող լինել»։ «Նա ինքն առաջնորդ էր, պատմում էր Ռազմիկ Մարկոսյանը, չկար որեւէ քաղաքական հոսանք (Ասատուր Բաբայանի խումբը, Բագրատ Շահվերդյանի թե Ռուբեն Խաչատրյանի…), որոնց հետ ինքը հարաբերություն չունենար»։

Ռ. Մարկոսյանի համար 1972-74-ը… իր ձերբակալության տարիները լավագույն տարիներն են եղել եւ, որովհետեւ «երբ վերլուծեցի անցյալս, հասկացա, որ երկու լիարժեք ազնվազարմ մարդ եմ տեսել, Վասիլի Ստուս եւ Ստեփան Զատիկյան… Դրանք վեհացման տարիներ էին։ Ստեփանը ոնց որ մերան լիներ»։ Ռազմիկը հիշում էր, թե 1974-ին, երբ ինքը Մորդովայի տաժանակրությունից վերադարձել էր, իրեն դիմավորողների մեջ է եղել Ստեփանը… Սարգիս Թորոսյանը պատմում էր, թե ինչպես միմյանց զուգահեռ եւ սակայն նույն գաղափարներով էին գործում ԱՄԿ-ն եւ «Հանուն հայրենիքի» անլեգալ կազմակերպությունները։ Հիշեց որոշ դրվագներ, երբ հանդիպել են ինքն ու Ստեփանը։

Ստեփանի ծննդյան տարեդարձներից մտաբերելով, պատմեց, թե ինչպես Ստեփանը հրաժարվել է… հավ մորթելուց։

«Իր մոտ անմնացորդ նվիրում էր»,- Գագիկ Հովսեփյանը դժվարանում էր խոսել. հուզվում էր։ Հետո տղաները մտաբերեցին Ստեփանի բանտից ուղարկած նամակների մասին, որը նրանց ընկալմամբ եղել է մտավորականի խոսք, բարձր գրականություն, հիշեցին նրա մտքերից։ Հատկապես սա՛ եմ հիշում. «Ատոմի ծավալները շատ փոքր են։ Բայց որքան հզոր է նրա էներգիան»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930