Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչապուրին՝ դպրոցական նախաճաշի միավոր

Հունիս 22,1999 00:00
bufet

Ամեն անգամ երեխաներին դպրոց ուղարկելիս կինս նրանց պայուսակի մեջ է դնում պանրով, մեղրով, ջեմով, հազվադեպ՝ կոտլետով բուտերբրոդներ՝ երկու մասի կիսված։ Աղջնակներս տրտնջում են, չեն ցանկանում վերցնել, բայց մայրը խիստ է ու անհողդողդ. «Բա չէ, ուզում եք այնտեղ անպետք մի բա՞ն ուտել»։

«Անպետք բանը» կարկանդակն է, խաչապուրին, բուլկին կամ թխվածքը։ Այդքանը. այսօր դպրոցական բուֆետներն ուրիշ բան չունեն։ Ի դեպ, նույնիսկ այդ չոր ուտեստը ոչ բոլոր դպրոցներն են ի վիճակի ապահովել։

Մինչդեռ այդ գործը՝ «հանրակրթական դպրոցներում հասարակական սննդի կազմակերպումը», բոլորովին էլ երկրորդական չէ։ Ընդհակառակը, մատաղ սերնդի հանդեպ խնամքը լոկ բառակապակցություն չէ, այլ միանգամայն պետական խնդիր։ Այնպես, ինչպես, օրինակ՝ պաշտպանունակությունը։ Իսկապես, ո՞ւմ են պետք ուժատ անչափահասներն ու պատանիները, ովքեր պատրաստ չեն «կրելու բանակային ծառայության ամբողջ ծանրությունն ու զրկանքները»։ Իսկ մանուկ ժամանակ ստացած վատ սննդի հետեւանքով նվաղուն ու հիվանդոտ աղջնակնե՞րը։ Եվ ամենեւին էլ գույները չեմ խտացնում։ Խնդրի կարեւորությունն էր հավանաբար պատճառը, որ մի երկու տարի առաջ քաղաքապետարանում պաշտոնական փաստաթուղթ ստեղծվեց ինչ-որ ֆիրմայի վերստին գործունեության մասին, որը պետական մակարդակով պետք է զբաղվեր հանրակրթական դպրոցների եւ ուսումնական հաստատությունների հասարակական սննդի կազմակերպման գործով։ Այդ առիթով բոլոր դպրոցների տնօրեններին շրջաբերական ուղարկվեց՝ պարտավորեցնելով ամենայն աջակցություն ցուցաբերել նորընծա ֆիրմային՝ իր գործունեության մեջ։ Շրջաբերականը՝ շրջաբերական, եւ դժվար թե հարկ լիներ հիշել այն, ինչպես նաեւ դպրոցական սննդի խնդիրը, եթե չլինեին հետեւյալ հանգամանքները։

Նախեւառաջ, ինչպես պատճառաբանել հին կանոններով նոր ֆիրմայի ստեղծումը, ընդ որում, հենց նույն կառույցում, ինչպիսին որ քաղաքապետարանն է։ Թերեւս այն պատճառով, որ այն ժամանակ քաղաքապետարանը քաղսովե՞տ էր կոչվում, կամ որովհետեւ յուրաքանչյուր գործում մրցակցությո՞ւն է պետք, որը գործի որակն ու մակարդակն է ապահովում։ Ասենք, այդպես է, քանզի նման պատասխանը բոլորովին զուրկ չէ տրամաբանությունից եւ կյանքի ճշմարտությունից։

Բայց այդ դեպքում, իսկ դա երկրորդն է, ինչո՞ւ է այդ մրցակցությունից անջատվել դպրոցական սննդի կազմակերպման սկզբնական «ֆիրման»։ Ինչո՞ւ այն արհամարհեցին։ Գուցե նոր ֆիրման ավելի՞ շատ հնարավորություններ ուներ եւ հետ է թողել նախկին ֆիրմային՝ տեխնիկական կամ մասնագիտական պատրաստության ասպարեզում։

Այնինչ՝ ամեն ինչ հակառակն է։ Դա էլ երրորդ կողմը։ Նախկին ֆիրման նորից ավելի լավ էր հագեցած։ Նոր ֆիրման ցանկությունից բացի ուրիշ ոչինչ չուներ։

Ո՞ւմ եւ ե՞րբ էր այդ ցանկությունը զարմացրել։ Եվ ոչ թե այդ ցանկությունն էր զարմանք պատճառում, այլ այդ ցանկության անամոթությունը։ Ավա՜ղ, ավելորդ է մտածել, թե դպրոցական բուֆետներում կրկին կհայտնվեն տաք նախաճաշերը, որ սննդի քանակը կհամապատասխանի տարիքային խմբերին, որ նախաճաշերն այսքան-այսքան կալորիա կպարունակեն, իսկ ճաշերը այսքան-այսքան, նույնիսկ դպրոցական ճաշացուցակներում կարող են թարմ մրգեր ու բանջարեղեն հայտնվել, որ նախաճաշն ու ճաշը կարող են անգամ դասարաններ հասցվեն, իսկ սանիտարահամաճարակային հսկիչները պետք է հսկեն բուֆետների եւ ճաշարանների մաքրությունը։

Հուսալ կարելի է, բայց միայն այն խաչապուրիներն ու կարկանդակները, ինչով լիքն են փողոցները։ Բարի ախորժակ։

Բայց… մի՞թե բարի… Եվ ի՞նչ կասեն այդ առթիվ երեք նախարարությունները, ում իրավասության տակ է գտնվում սույն խնդիրը։ Ազգի գենոֆոնդը, որքան էլ բարձրագոչ հնչի, բայցեւայնպես գենոֆոնդ է։ Այդպես չէ՞, առողջապահության, կրթության եւ առեւտրի նախարարությունների պարոններ։

ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930