Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգշաբթին ձկան օր, 21-ը՝ բրուցելյոզի

Հունիս 22,1999 00:00

Հինգշաբթին ձկան օր, 21-ը՝ բրուցելյոզի Մեր թերթի հունիսի 18-ի համարում հրապարակված «Ուշադրություն, տագնապ է» հոդվածում ներկայացված էր անասնաբուժության վիճակը Նաիրիի շրջանում։ Բարձրացված էր չափազանց լուրջ հիմնահարց, սակայն հրապարակման մեջ տեղ էին գտել մի շարք անճշտություններ։ Նախ սխալ էր նշված վաստակաշատ անասնաբույժ Համլետ Հարությունյանի սպասարկած տեղամասը։ Նրա սպասարկած տարածքում այդ հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։ Շրջանի անասնաբուժական ծառայությունների տվյալներով բրուցելյոզի դեպքեր արձանագրված են Բուժական եւ Արայի գյուղ բնակավայրերում։ Անասնաբուժական ծառայության տվյալներով բյուջետային սուղ միջոցների սահմաններում ամեն ինչ արվում է վարակի կանխման համար։ Բնականաբար, բյուջետային միջոցները բավարար չեն։ Այսօր պետությունն ի դեմս գյուղնախարարության ու իր համեստ բյուջեի անասնապահ գյուղացիներին միայնակ է թողել այդ անբուժելի հիվանդության դեմ։ Խորհրդային տարիներին բրուցելյոզով հիվանդ անասունն անպայման մթերվում էր պետության կողմից։ Ամբողջ պետության տարածքում յուրաքանչյուր ամսվա 21-ը հայտարարված էր սանիտարական սպանդի օր։ Հիվանդ անասունները հավաքվում էին եւ մորթվում այդ օրը։ Հիվանդության վիրուսը ոչնչացնելու համար միսը հատուկ սառնարաններում մսի կոմբինատներում սառեցվում էր մինչեւ մինուս 20 աստիճանի։ Մի քանի օր պահելուց հետո այն վաճառքի էր հանվում որպես «սառեցված միս»։ Հիմա պատկերն այլ է։ Երբ անասնաբուժական ծառայությունները բրուցելյոզի դեպք են հայտնաբերում, գյուղացին մի քանի օրում իր հիվանդ (ու էժան) անասունի համար գնորդ է գտնում։ Միսը, բնականաբար, ոչ ոքի կողմից չի սառեցվում (ախտահարվում)։ Այն որպես թարմ միս վաճառվում է շուկաներում ու խանութներում։ Հիշեցնենք նաեւ, որ բրուցելյոզը մարդու համար վարակիչ հիվանդություն է եւ անբուժելի։ Վարակվածի մոտ այն դառնում է խրոնիկական բնույթի հիվանդություն։ Հիվանդ անասունի միսը մշակելիս՝ հում վիճակում այն կարող է վարակիչ լինել մարդու համար։ Եփվելու ընթացքում հարուցիչը ոչնչանում է։ Սակայն այս ամենի մասին շարքային գնորդը ինֆորմացիա չունի։ Նույն անասնաբույժները, որոնք արտոնում են վաճառել վարակված միսը, նշում են, որ ոչ իրենք, ոչ գյուղացին այլ ելք չունեն։ Գյուղացին չի կարող թափել իր 300-500 դոլար արժեքի կովի միսը։ Իսկ պետությունը մտադիր էլ չէ գնել ու մշակել հիվանդ անասունի միսը։ Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել