Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ղարաբաղ. ասում են լուրջ բան չի պատահել

Հունիս 22,1999 00:00
karabax

Ղարաբաղյան հարցն ավանդաբար եղել է ներհայաստանյան քաղաքական իրականության ամենակարեւոր առանցքներից մեկը։ Սակայն, այս փուլում, դեռեւս մինչեւ վերջ չպարզաբանված տրամաբանությամբ, անտարբերության մի հսկայական «ամպ» է նստել խնդրի վրա։

Որպեսզի դիտարկումս սուբյեկտիվ չլինի, ներկայացնեմ, թե վերջին օրերի շրջայցի արդյունքում ինչ պատասխաններ եմ ստացել կուսակցական ամենատարբեր, նույնիսկ հակոտնյա գրասենյակներում։ Ասել են՝ ասելու նոր բան չունենք, կամ՝ վերջին օրերի բախումները ղարաբաղա-ադրբեջանական սահմանում շատ էլ հնարավոր է, որ սոսկ թյուրիմացության, կամ էլ, ասենք ադրբեջանական հրամկազմի ներկայացուցիչներից մեկի՝ ինքնահաստատման դրսեւորումը կարող է լինել եւ նման բաներ։

Այսպես են դատում նույնիսկ այն բանից հետո, երբ ընդամենը օրեր առաջ է Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել, թե իրենց բանակը պատրաստ է վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։ Հանուրին հայտնի այս փաստը մեկ անգամ եւս կրկնեցինք, որպեսզի պարզ դառնա. չնայած Ալիեւի հիվանդությանը, արդբեջանական բանակում գրեթե բացառվում է ինքնագործունեությունը։ Թերեւս մեր գործիչները հավելյալ տեղեկատվություն ունենալով, միանգամայն այլ եզրակացությունների են հանգում, սակայն, տվյալ դեպքում, մենք հակված ենք խնդիրը դիտարկել նաեւ արտատարածաշրջանային զարգացումների համատեքստում։

Որքան էլ հին իմաստնությանը հետեւելով մտածենք, թե մեր շապիկը միայն մեր մարմնին է մոտ, ասել է թե՝ Ղարաբաղի խնդիրը միայն մենք ենք ցավագին ընդունում, կովկասյան տարածաշրջանի հակամարտություններն, այնուամենայնիվ, առանձնահատուկ «շուք ու հմայք» են տալիս մեր ռեգիոնին հենց իրենց առկայությամբ։ Ուստի, ամենեւին էլ պատահական չպիտի համարել, որ միջազգային հանրությունը, ի տարբերություն հրադադարի նախընթաց փուլերում սահմանային անդորրության էլի քանիցս խախտված դրսեւորումների, այս անգամ որոշեց շատ արագ արձագանքել՝ դրանով իսկ արձանագրելով, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում իրեն մեծ դերակատարություն է վերապահված։

Բայց, ի վերջո, ինչո՞վ է պայմանավորված Արեւմուտքի այդքան հիվանդագին արձագանքը Հոռաթաղի հատվածում տեղի ունեցած, կարծես թե, լոկալ բախմանը։

Մեր տպավորությամբ, դա հետեւանք է Կոսովոյի հակամարտության՝ իրապես անկանխատեսելի զարգացումների շրջափուլ մտնելով։ Որեւէ մեկն արդեն այնքան միամտություն չի ունենա, որպեսզի մտածի, թե ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելի է կոնֆլիկտող կողմերի ուղիղ բանակցություններով։ Այդպես չի կարող պատահել անգամ երկուստեք բարի կամքի գոյության պայմաններում։ Փաստն ու փաստարկները դիտարկելի են Կոսովոյի խնդրի «կարգավորման» գործընթացում։ Իսկ մեր տարածաշրջանում ոչ պակաս հզորության շահեր են բախվում, նույնիսկ հավելյալ երանգավորմամբ։ Ավելի քան 100 տարվա ընթացքում Եվրոպան չյուրացրեց Օտտո Բիսմարկի արտաբերած ընդամենը 2 դյուրըմբռնելի նախադասությունները։

Մեկ, որ «Ռուսները դանդաղ են լծում ձիերը, բայց սլանում են շատ արագ»։ Դրա ականատեսը եղանք Ռամբույեի բանակցային գործընթացին հետեւած ժամանակահատվածում, եւ միանգամայն անսպասելի ռուսական սրընթաց արշավով՝ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշինա։

Բիսմարկի մտքերի շարունակությունը շատ ավելի հետաքրքիր հեռանկարներ է բացում. «Ամենամանրակրկիտ մշակված գործողություններն անգամ ռուսները կարող են տապալել մեկ չկանխատեսված հիմարությամբ»։

Փաստարկը Ռուսաստանի արտգործնախարար Իվանովի արդարացումներն էին, որը CNN-ով էր միայն իմացել, թե ռուսները մտել են Պրիշտինա։ Ամեն ինչ հասել էր զավեշտի՝ թողեք-տեսնենք, թե ով է մեզ Կոսովոյի մայրաքաղաք մտնելու հրաման տվել։ Այս զարգացումների խորապատկերի վրա, միջազգային հանրության արձագանքը միանգամայն բնական է՝ առաջ անցնելով հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցներից, առաջինը տեղեկատվությունը հաղորդեց «Ֆրանսպրեսը»։

Իսկ մեզ ամենից շատ այսօր հարկավոր է մեկ բան. հնարավորն անել, որ համաշխարհային այս բախման մեջ ղարաբաղյան ֆրոնտով 2-րդ ճակատ չբացվի։ Մեր տարածաշրջանում կոնֆլիկտի ծավալումն, իհարկե, ավելի ձեռնատու է լինելու դիմակայող հզորներից ուժեղին։

Ցանկալին, սակայն, մեր կուսակցությունների ակադեմիական հանգստության հիմքն է՝ որ որեւէ լուրջ բան չի պատահել։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930