Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ-Ն՝ ԻՆՔՆԱՓԼՈՒԶՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Հունիս 22,1999 00:00
Aram Mayilyan

Հարցազրույց նախկին ԱԺՄ-ական Արամ Մայիլյանի հետ

-Լինելով ԱԺՄ վարչության անդամ, մայիսի սկզբին խզեցինք կապերը ԱԺՄ-ի հետ։ Պատճառն ա՞յն էր, որ ձեր կինը՝ մամուլի Ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն, իր թեկնածությունն առաջադրել է Դավիթ Վարդանյանի հետ նույն ընտրատարածքում, թե՞ որ դուք ԱԺՄ ցուցակում 16-րդն էիք։

– Այդ դեպքերը իրար հետ փոխկապակցված են։ Հայաստանում ցուցակներ կազմելիս բոլոր կուսակցությունները լուրջ ցնցումներ ապրեցին, այդ թվում նաեւ՝ ԱԺՄ-ն։ Հասկանալի է, որ այն կուսակցությունները, որոնք 5 տոկոսը հաղթահարելու լուրջ հնարավորություն ունեին, մեծ պրոբլեմներ կունենային։ Որովհետեւ 5-րդ տեղում լինելը լուրջ հնարավորություն էր ընտրվելու, իսկ 10-րդ տեղում՝ արդեն կասկածելի էր։ Սա ցույց տվեց, որ կուսակցությունները մեր կյանքում շատ չնչին նշանակություն ունեն։ ԱԺՄ-ն եւս ցնցումներ ապրեց, որովհետեւ պատրաստ չէր դիմավորելու ընտրությունները։ Վերջին երկու տարում ԱԺՄ-ում լուրջ իրադարձություններ էին տեղի ունենում, որը դրսից այնքան էլ նկատելի չէր։ Գաղափարախոսությունը կուլ գնաց գործունեության կերպին։ ԱԺՄ-ն դարձավ ավելի սոցիալիստական ուղղվածության կուսակցություն։ Ժողովրդի մեջ այն ընկալումը, որ ԱԺՄ-ն ազգային արդարության կրողն է, գնալով նսեմացավ, մյուսը ԱԺՄ-ի ներքին կաստայացումն էր։ ԱԺՄ-ի հինգ առաջատար գործիչները բացարձակ անընդունակ գտնվեցին նոր գաղափարները հասկանալու եւ ընկալելու համար։ Ժամանակը փոխվում էր, իսկ այդ գործիչները կորցրել էին այն ընկալելու կարողությունը։ Օրինակ, ես միշտ ասել եմ, որ եթե ԱԺՄ-ն տանելու է սոցիալիստական գիծ, ցուցակն այլ կազմ պետք է ունենա, քան ազատական գիծ որդեգրելու դեպքում։ Իրականում ոչ մեկն էլ չեղավ։ Քարացած կաստան կրկին ընտրվեց։

– Նարինե Մկրտչյանը առաջադրեց իր թեկնածությունը, որովհետեւ դուք 16-րդն էի՞ք, թե՞ դուք 16-րդը դարձաք, որովհետեւ Նարինե Մկրտչյանն առաջադրվել էր։

– Անկախ նրանից, ես որերորդը կլինեի, Նարինե Մկրտչյանը առաջադրվելու էր։ Նա չէր ուզում հակամարտության մեջ մտնել ԱԺՄ-ի հետ եւ փորձում էր բանակցել, սակայն ԱԺՄ-ում չընկալեցին այդ ցանկությունը։

– Համոզվա՞ծ եք, որ ցուցակում ավելի բարձր տեղի էիք արժանի։

– Անշուշտ, դրա համար պետք է հիշել ցուցակի կառուցվածքը։

– Ցուցակում ո՞րերորդը պետք է լինեիք, որ ձեզ բավարարված զգայիք։

– Ոչ այն տեղում, որտեղ հայտնվեցի թաքուն խաղերի արդյունքում։ ԱԺՄ-ում այնպիսի տպավորություն էր, որ լիդերները չեն ցանկանում, որ ԱԺՄ-ն 5 տոկոսից ավելի հավաքի։ Այդ հինգ հոգին մտածում էին, որ պատգամավորությունը իրենց մենաշնորհն է։

– Ա՞յդ էր պատճառը, որ ցուցակում վեցերորդը Սեմեոն Բաղդասարյանն էր, որը գիտեր պատգամավորության համը։

– Չէ, ԱԺՄ-ում այլ խաղեր էին գնում… ԱԺՄ-ում ձեւավորվել էր երիտասարդ ԱԺՄ-ականների նոր սերունդ, որը դժգոհ էր առաջատարների գործունեությունից, բայց իր մեջ այդքան ուժ չուներ բացահայտ խոսելու համար։ Նրանք մտան կուսակցական ինտրիգների մեջ, որ այդ 6-7 հոգուն չեն կպնում, մնացածների հետ հաշիվներ են մաքրում։

– Այսինքն, 6-7-ից հետո այլ հեղինակություն չե՞ն ընդունում։

– Ցուցակների կազմման պրոցեսը երկար ու տանջալից պրոցես էր, որի ընթացքում որոշիչը ինտրիգներն էին։ Շատերին թվում էր, որ ԱԺՄ-ն 15 տեղ է ստանալու եւ մի 20 տոկոս հավաքելու է։ Իրականում քաղաքական գործընթացները եւ իշխանությունների հետ խաղերը բերելու էին նրան, որ ԱԺՄ-ն դժվարությամբ էր հաղթահարելու 5 տոկոսը։

– Ի՞նչ խաղեր էին դրանք։

– Մինչեւ մարտի 20-ը ես գիտեմ միայն Դավիթ Վարդանյանի գնալը։ Սակայն Դավիթ Վարդանյանով չպետք է սահմանափակվեր մեր երկրի կառավարմանը ԱԺՄ-ականների մասնակցությունը։ Օրինակ, երբ Դաշնակցությունից գնացին պետական կառավարման օղակներ, ոչ ոք նրանց դավաճան չանվանեց։ Հենց խոսքը ԱԺՄ-ին էր վերաբերում, խոսվում էր դավաճանությունից։

– Երեւի ԱԺՄ-ից ակնկալիքներն ավելի մեծ էին։

– Լրիվ համաձայն եմ, որովհետեւ 1994-ից հետո ԱԺՄ-ն լուրջ քաղաքական կապիտալ էր կուտակել։ Ժողովուրդը ԱԺՄ-ին տեսնում էր կարծր ընդդիմության մեջ։ Սակայն ԱԺՄ-ն չկարողացավ ստանձնել այդ դերը։

– Շատ է գրվել ԱԺՄ-ի ներսում երկու հակադիր բեւեռների գոյության մասին։

– Ճեղքում չկար։ Կար երկու տարբեր տեսակետ։ ԱԺՄ-ում ամենադրամատիկ վիճակում հայտնվել է Վազգեն Մանուկյանը։ Ինչ-որ տեղ նա էլ խաբվեց։ Վազգեն Մանուկյանը տանում էր քիչ թե շատ ազնիվ խաղ, բայց կուսակցությունը քանակապես աճել էր եւ որակապես փոխվել։ Նա չէր ընկալում, որ կուսակցության անդամները կոնկրետ ձգտումներ ունեն։ Ես ավելի մոտ էի Դավիթ Վարդանյանի ուղղությանը։ Պետք է հաշվի նստել իրականության հետ. շարքերը կտոր են ուզում, ժողովուրդը գործոն չէ, եւ գնալ արմատական ընդդիմության՝ բացարձակ ինքնակործանում կլիներ։

– Այժմ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր գործունեությունը իբրեւ ԱԺՄ անդամ։

– Ոչ մի կերպ, ԱԺՄ չեմ գնում եւ վերջ։ Մեկ-մեկ մեր համայնքային կազմակերպության ղեկավարին եմ զանգահարում։ ԱԺՄ-ն արդեն մեկ տարուց ավելի է, վերածվել է ինքնափլուզվող համակարգի։ Այն իր ուրույն դերն ուներ ազգային ժողովրդավարության մեջ, որը սակայն չհաջողվեց իրականացնել։ ԱԺՄ-ն այդ տեղը բաց թողեց, եւ լրացնող էլ չկա։ Նույն ձեւով ես մտածում եմ, որ կործանվելու է Հայաստանը։ Ես զգալու մեծ ունակություն ունեմ։ 1994-ին ես այդպես զգում էի, որ կործանվելու է ՀՀՇ-ն։ Դա այն ժամանակ քմծիծաղ էր առաջացնում, թե «Արամը որ գնաց, ՀՀՇ-ն պետք է քանդվի»։ Բայց ես գիտեմ, որ եթե կազմակերպության հիմքում ընկած գաղափարախոսությունը գնում է, այն կործանվելու է։ Նույնը կատարվում է ԱԺՄ-ի ներսում արդեն մեկ տարի։ Ամենայն լրջությամբ զգում եմ, որ Հայաստան պետությունը փլուզվող համակարգ է։ Այն տրամաբանությունը, որ դրված էր Հայաստան պետության հիմքում, չի համապատասխանում այսօրվա ձեւին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930