Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԵՐՈՒ ԱՐԺԱՆԹԱՅՆԸ»

Հունիս 22,1999 00:00
ara ayvazyan

Արգենտինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանին հանդիպեցինք «Երեւան-Լոնդոն» ինքնաթիռում։ «Հիթրոու» օդանավակայանից մինչեւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն ընկած ճանապարհին պրն Այվազյանի հետ կարճատեւ զրույց ունեցանք արգենտինահայ համայնքի մասին։ Պարզվում է, որ ընդհանուր առմամբ համայնքն այդքան էլ լավ վիճակում չէ, հատկապես վերջերս Հայաստանից մեկնածները։ Իսկապես այնտեղ ո՞ւմ կզարմացնես օտար լեզուների իմացությամբ կամ խորհրդային ինժեներների մասնագիտությամբ։ Քիչ թե շատ ապահովված են արհեստավորները, հատկապես՝ ոսկերիչները։ Ամենահետաքրքիրն այս համայնքում հայկական սինդրոմի դրսեւորումն է. բազում կուսակցություններ, որ, մեղմ ասած, «իրար հետ չունեն»։ Ազգային նման «միասնության» արդյունքում կուսակցություններից որոշները երբեմն բոյկոտում են այն ազգային տոներն ու հիշատակի օրերը, որոնք կազմակերպում են այլ կուսակցությունները։ Ամենօրյա հայկական դպրոցներն այնքան էլ ձեռնտու չեն, քանի որ շատ թանկ են։ Փոխարենը գործում են կիրակնօրյա դպրոցներ, որտեղ տրվող կրթությունը, ըստ շատերի, շատ ավելի հայեցի է, քան ամենօրյա դպրոցներինը։ Իսկ ընդհանուր առմամբ, պրն Այվազյանը արգենտինահայ համայնքի մասին խորհուրդ տվեց հայտնել նախկին դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանին։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԿՆԱՄԵԾԱՐ ԵՎ ՎԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

Davit Hovhannes

«Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ «Շամիրամի» սենյակը տրամադրվել է պատգամավորներ Սերգեյ Իսրայելյանին եւ Դավիթ Հովհաննեսին։ Այս առիթով վերջինս ասաց. «Մենք չենք հերքում, որ «Շամիրամի» սենյակում ենք տեղավորվել։ Ըստ երեւույթին, շամիրամուհիների աուրան ինձ եւ Սերգեյ Իսրայելյանին, որպես շատ կնամեծար անձնավորությունների, ակամա տարել է դեպի այդ սենյակը։ Մենք հերքում ենք այլ բան՝ մենք ՀԺԿ-ի անդամներ չենք եւ ընդհանրապես անկուսակցական, իսկ ավելի ճիշտ՝ վերկուսակցական անձնավորություններ ենք»։

ԲԱԶՄԱՄՅԱ ՍԽԱԼ

Gevorg Vardanyan

Բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանի պաշտոնական կենսագրության մեջ («Հայաստանի Հանրապետութիւն», 16-ը հունիսի 1999 թ.) նշված է, թե նա «1990-ին նշանակվել է ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ», որն էլ որպես աղբյուր ունենալով «Առավոտը» հունիսի 18-ի «Դիլետանտների կառավարություն» հրապարակման մեջ երկրորդել էր այդ պնդումը։ Մինչդեռ պրն Վարդանյանը ճշտեց, թե սա արդեն տարիներ շարունակ կրկնվող սխալ է՝ 1990-ին նրան ոչ թե վարչապետ Վազգեն Մանուկյանն էր նշանակել, այլ խորհրդարանն էր ընտրել՝ ի շարս կառավարության այլ 6 անդամների։

ՎԻՆԵԳՐԵՏԻ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

shavarsh qocharyan

«Արմենպրեսին» տված հարցազրույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը նշել էր. «Կառավարության կազմը հիշեցնում է նախորդ խնջույքների ճաշատեսակներից պատրաստված վինեգրետ»։ Եվ երբ ենթադրելի պատճառներով այդ գնահատականը չհրապարակվեց՝ պրն Քոչարյանը պաշտոնի անցնելուց հետո բնավ չմեղմացած իր ասելիքն արդեն «Առավոտի» միջոցով հայտնեց։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930