Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԱ ՄԻ ՈՒՐԻ՜Շ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԷՐ

Հունիս 22,1999 00:00
Toto

ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը երեկ ի վերջո ընդունեց մի դարակազմիկ փաստաթուղթ՝ առ ՀՀ նախագահը։ Փաստաթուղթը խիստ իրատես լինելու դեպքում կարելի է համարել մանանեխ ճաշից հետո։

Սակայն, քանի որ գոնե արտաքուստ բոլորս իմիտացիա ենք ստեղծում, թե անչափ կարեւոր են նախագահին կից հանձնաժողովներն ու նրանց ընդունած որոշումները, Սահմանադրական դատարանը արդարադատության դարբնոց է եւ այլն, ուստի ստորեւ լրջորեն կպատմենք այն, ինչ երեկ տեղի ունեցավ վերոնշյալ հանձնաժողովում։

Ընդունված փաստաթուղթը մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունների գնահատականն էր՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Հանձնաժողովի անդամները մի քանի որոշման նախագծեր էին ներկայացրել, որոնցից քիչ թե շատ հավանության արժանացավ Վլադիմիր Կարմիրշալյանի առաջարկը, որն էլ հիմք ընդունվեց։ Պարբերաբար ձայներ էին լսվում, թե մինչեւ ե՞րբ պիտի դիմեն նախագահին։ Հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը կիսալուրջ հումորով նկատեց. «Էնքան ենք դիմելու, մինչեւ մենք դառնանք նախագահ, հետո էլ մեզ դիմեն։ Հա՛, դիմելու ենք»։ Ի դեպ, այս որոշման ողջ տեքստը, հանգիստ կարելի է ասել, որ մեր նախագահի սրտով ու ճաշակով է։ Դատեք ինքներդ. «Այս ընտրությունները առաջընթաց են 95-ի խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ եւ կարեւոր քայլ՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման ճանապարհին։ Միաժամանակ անդրադառնալով ընտրացուցակներում առկա անճշտություններին, հանձնաժողովը գտնում է, որ դրանց զգալի մասը պայմանավորված է ՀՀ Ընտրական օրենսգրքի մի շարք դրույթների անկատարությամբ, ինչպես նաեւ ընտրությունների անցկացման համար պատասխանատու անձանց կողմից օրենքով նախատեսված պարտականությունների ոչ պատշաճ իրականացմամբ, որի հետեւանքով բազմաթիվ դեպքերում խոչընդոտվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը։ (…) Հանձնաժողովը հետամուտ կլինի, որ ընտրությունների ընթացքում տեղ գտած իրավախախտումների փաստերի առնչությամբ հարուցված քրեական գործերի քննությունն ընթանա ամենայն հետեւողականությամբ»։

Գալիք բոլոր ընտրություններում անճշտություններն ու թերացումները բացառելու եւ մարդու իրավունքների անկաշկանդ իրականացումը լավագույնս ապահովելու նպատակով (՞) հանձնաժողովը որոշեց ՀՀ նախագահին առաջարկել համապատասխան միջոցներ՝ ՀՀ Ընտրական օրենսգիրքը կատարելագործելու ուղղությամբ, «ընդհուպ՝ Սահմանադրական դատարան դիմելու ճանապարհով»։ «Что такое- ընդհուպ»,- հարցրեց հրեա, բայց Հայաստանում ազգային փոքրամասնություն տիկին Վարժապետյանը։ Բացատրությունը լսելուց հետո նա էլ համաձայնեց վերոնշյալ տարբերակին։ Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանության նախանձախնդիրներից մեկն է դարավերջի Հայաստանում։ Անգամ հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարմիրշալյանին թույլ չտրվեց խախտել ներկա մարդկանց իրավունքն ու ծխել։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի դերին առհասարակ, ապա, ըստ Պարույր Հայրիկյանի՝ «պետք է մեր սրտից բխող եւ անկեղծ առաջարկություններ ներկայացնենք նախագահին», թե չէ հո նախագահին չեն ասելու. «Քե մա՛տաղ, լյոխ լավ ա»։ Հանձնաժողովի անդամները նպատակ ունեն այս արժեքավոր փաստաթուղթն այսօր առավոտ դնել նախագահի սեղանին։ Սակայն մեր նախագահը այժմ Լյուքսեմբուրգում է եւ «այրվում է այլ կրակներով»։ Ինչեւէ։ Փաստաթուղթը հաստատվեց եւ ամենեւին պատահական չէ պրն Հայրիկյանի այն միտքը, թե այս փաստաթուղթն իր պատմական արժեքը չի կորցնելու անգամ 1000 տարի անց։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Հանձնաժողովի աշխատանքի ընթացքում այն տեսագրող օպերատորների մեջ քնի դեպքեր արձանագրվեցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930