Ֆիլմը կոչվում է՝ «Համագումար»
Անոնս
Հայ կինոյի ներկա վիճակի մասին ցնցող պատկերացում տվեց Հայաստանի կինոգործիչների համագումարը։ 120-ից ավելի կինոգործիչներից շատ քչերին էր հետաքրքրում հայ կինոյի ճակատագիրը։ Զարմանալի չէր։ Ստեղծված շոու տեսարանը կողքից դիտելով եւ Հայաստանի կինոարտադրության, կինոմթնոլորտի, առհասարակ կինոյի բնագավառի խնդիրներին փոքր-ինչ տեղյակ լինելով արդեն իսկ կարելի էր գիտակցել ու հասկանալ համագումարի անհրաժեշտությունը։ Հավաքվածների մոտ 30 տոկոսը կարողացավ գնահատել դա, մնացածը՝ հավաքված լինելու հնարավորությունը օգտագործեց զուտ անձնական հաշիվներ մաքրելու, միմյանց մինչ օրս ստացած մրցանակները հաշվելու-ծանրութեթեւ անելու համար։ Համագումարին նման ընթացք տվեցին հենց չգործող կինոգործիչները, որոնցից շատերը կինոյի հետ առնչվող տարածք մուտք գործելիս են միայն հիշում իրենց կինոգործիչ լինելու մասին։ Իսկ գործողներից՝ հատկապես Ռ. Գեւորգյանցը՝ համագումարը վարելու իր ոճով, Ս. Իսրայելյանը՝ իր ժողովրդական ելույթով։
Մաս I. Ռեակցիա
Կարդացեք նաև
Համագումարի նախաձեռնող խմբից ռեժիսոր Տիգրան Խզմալյանը համառոտ ներկայացրեց իրենց առաջարկելիք ծրագիրը։ Ծրագիրը կինոմիությանը (որը ինչպես երեւաց նաեւ համագումարում, դեռ ընկալվում է որպես արհմիություն, որը յուղ ու բրինձ է բաժանում) նոր դեր էր տալիս՝ «Կինոմիությունը պետք է վերածվի պրոդյուսերական գերկենտրոնի» (Տ. Խ.)։ Առաջարկվում էին կինոգործիչների ունեցած բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ ստուդիաները, արխիվային նյութերը համախմբել եւ արդյունավետ օգտագործել, կինոն ընկալել որպես բիզնես։ Կինոմիությունը մոռացել է երիտասարդ սերնդի մասին. «Ցանկացած միության դերն է երիտասարդության հետ աշխատանքներ տանելը։ Անհարմար է, ես կինոմիության ամենաերիտասարդ անդամն եմ, թեեւ համարյա 40 տարեկան եմ,- ասաց Տ. Խզմալյանը (կինոմիության 164 անդամներից ամենաերիտասարդներն 8 հոգի են՝ 36-40 տարեկան- Ս. Ս.)։ Նախաձեռնող խումբն առաջարկում էր ստեղծել կինոյի զարգացման ֆոնդ, ինչպես նաեւ մեկ լիամետրաժ ֆիլմի գումարի սահմաններում ստեղծել 10-12 մասերից կազմված մեկ թեմայով ֆիլմերի ալմանախ, որը հնարավորություն կտա ավագ եւ երիտասարդ կինոգործիչներին համագործակցել։ Ծրագիրը, բացի այն, որ լուրջ քննարկման նյութ չդարձավ, անգամ դրա ցանկությունն էլ չառաջացրեց։ Գուցե իսկապես ծրագիրն այնքան էլ համոզիչ եւ կոնկրետ առաջարկներ չէր պարունակում, սակայն ակնհայտ էր, որ ներկաների մեծամասնությունը լուրջ խոսակցության ցանկություն չուներ եւ դրան պատրաստ էլ չէր։ Ի դեպ, Ռուբեն Գեւորգյանցը, որ համագումարի սկզբում եւ ընթացքում ամբիոնից բարձրաձայն հայտարարեց, թե ծրագրին նախապես ծանոթ է եղել ու շատ հետաքրքիր, խելոք բաներ է նկատել դրանում, համագումարի վերջում նույն ծրագրի մասին դարձյալ ամբիոնից ասաց. «Это все бред» (իսկ «բրեդ»-ն ու «հետաքրիր, խելոք» բառերի իմաստները հաստատ նույնը չեն։
Մաս II. «Ես ամենաազնիվն ու ամենաբարոյականն եմ»
Սերգեյ Իսրայելյանի ելույթի վերջում կարելի էր մի ղոչ ոչխար մորթել։ «Ջան»-ով, «ցավներդ տանեմ»-ով նրա՝ գովացող տոնով ելույթը մեծ ներգործություն ունեցավ կինոգործիչների լայն զանգվածի վրա։ ԿՄ նախագահ եւ արդեն ԱԺ պատգամավոր Ս. Իսրայելյանի «մարգարիտ» մտքերից չենք կարող զրկել հասարակությանը։ Ինչպես միշտ դրանք ներկայացնում ենք թեթեւակի քերականական եւ շարադասական ուղղումներով՝ ընթերցողին հասկանալի հայերենով մատուցելու համար։ Հուսանք, որ Ս. Իսրայելյանն իր բանավոր, բարձրաձայն ասված խոսքը (որի ձայնագրությունը, ինչպես միշտ, պահպանվում է) թերթում տեսնելիս, դարձյալ չի մեղադրի լրագրողին՝ կանխամտածված վերաբերմունքի համար։
– Եկեք ճիշտ խոսանք, էլի, ամենաճիշտը՝ ճիշտ խոսալն ա, որովհետեւ էս ժողովրդին շոգին կանչել ենք եւ սկսում ենք ինչ-որ հեքիաթներ պատմել, որը չի համապատասխանում ոչ մի բանի հետ։ Դուք մի կարծեք, թե ժողովուրդը չի հասկանում։ Սրանք կյանք տեսած մարդիկ են, ամեն մեկը մի 15-20 ֆիլմ ունի, աշխատել է, բոլորը գիտեն՝ ինչն ինչոց ա։
Ս. Իսրայելյանը սկզբում մտածել էր «տրադիցիոն ձեւով» (Ս. Ի.) ելույթ ունենալ, սակայն նախաձեռնող խմբի վերջերս հրավիրած ասուլիսից վիրավորված, որոշել էր իր խորիմաստ տեքստի համար նոր ոճ ընտրել։
– … Այնուամենայնիվ չակերտները մի քիչ բացեմ։ Իբրեւ միության նախագահ, առայժմ հլա ես կամ։ Եթե այս ծրագիրը բերեին մեր վարչություն, ես ձեզ հավատացնում եմ, անմիջապես օրակարգի հարց կդնեին, եւ էդ հարցը ընթացք կստանար։ Ես հիմա էլ լրիվ ընդունում եմ այս ծրագիրը եւ կոչ եմ անելու Տիգրան Խզմալյանին՝ նախաձեռնող խմբի հետ ստեղծեն հանձնաժողով ա թե ինչ ա, Կինոյի տանը կամ միությանը կից ստեղծենք մի հիմնարկություն կամ ֆոնդ։ Ես 100 տոկոսով ընդունում եմ դա։ Հանճարե՛ղ է։ Հանճարե՛ղ։ Բայց ոչ մի բան չի իրականանալու, էտ էլ ասեմ, որովհետեւ ես գիտեմ ինչ բան ա կինոն, 12 տարի ղեկավարում եմ միությունը, աշխատում եմ վարչության հետ եւ գիտեմ ինչ բան ա դրա իրականացնելը։ Դա անհնար է, բայց կրկնում եմ, այդտեղ հանճարեղ մտքեր կան։
Էս անտեր աթոռը…
Արտահերթ համագումար հրավիրելու դրդապատճառը Ս. Իսրայելյանը նախաձեռնող խմբի առաջադրած ծրագրի ընթերցումից հետո կռահեց. «Ընկերնե՛ր, այս ծրագրից հետո ես հասկացա. դրդապատճառը ծրագիրը չէր, հիմնականը՝ փոխել վարչության նախագահին եւ վարչությունը։ Էս ա, եկեք պարզ խոսանք։ Դրա հեղինակները պա՞րզ չէ՝ ովքեր են… Վիգեն Չալդրանյանն ա, լավ ռեժիսոր ա, Տիգրան Խզմալյանն ա՝ շատ ակտիվ, ես չէի պատկերացնում։ Արմեն Վաթյա՛ն, ասուլիսում ասում էիր, թե վարչությունը վախկոտ ա, ինչ լինի՝ միաձայն ընդունում ա… Ես քեզ հետ համաձայն եմ, բայց մենք միաձայն Տիգրանին (Խզմալյան- Ս. Ս.) ընդունեցինք միություն կես ֆիլմի համար։ Ա՛յ, դա մեր սխալն էր։ Հեռուստատեսային բոլոր կանալներով որ ասում էիք, ես էդ րոպեին նստած բոլորի կողմից վիրավորվում էի։ Մի հատ զզվելի աթոռի համար, որ դուք ուզում եք վերցնել, բոլոր կինեմատոգրաֆիստներին վարկաբեկում եք։ Բա սա բարոյական բան ա՞, նորմալ երեւույթ ա՞։ Ես բարոյական բաների մասին եմ խոսալու։ Հավատացեք, իմ նման ազնիվ մարդ չկա, ես ամենաազնիվն եմ։ Արմեն Վաթյա՛ն, ես ցավում եմ, որ դու էլ ես էդ ցուցակի մեջ, որովհետեւ, այնուամենայնիվ, դու լուրջ տղա ես… Էս ամեն ինչի հեղինակներն են Տիգրան Խզմալյանը, Վովա Բադալյանը եւ Բորիս Հայրապետյանը, որը ամենավտանգավոր դերը կատարողն էր այստեղ։ … 15 տարի էլ ո՛չ դոլբի կունենանք, ո՛չ ռեմոնտ արած կինոտուն, ո՛չ էլ կանդիցիաներներով կնստենք էս դահլիճում»։ Ա՜խ…
Խրատանի
«Դու երիտասարդ լինելով սխալ ճանապարհով ես գնում»,- Ս. Իսրայելյանը «ուղղիչ» աշխատանքի փորձ կատարեց Տ. Խզմալյանի նկատմամբ եւ մեղադրեց նրան «Երեւան» ստուդիայի նախկին տնօրենից աթոռը խլելու մեջ։ Նախկին տնօրենը հերքեց դա եւ պատմեց իր եւ Տ. Խզմալյանի լավ փոխհարաբերության մասին։ Վ. Չալդրանյանին (ու նաեւ՝ Խզմալյանին) Ս. Իսրայելյանը ամոթանք տվեց ֆիլմ նկարել-հաջողացնելու համար. «Ես ինքս ֆիլմ չեմ նկարում, ես հիմա ուզում եմ պոլիտիկայի մեջ մտնել, ի՞նչ է, դու կարծում ես չունե՞մ ծրագիր։ Գեւորգը («Հայֆիլմի» տնօրեն- Ս. Ս.) քանի անգամ ասել ա, բեր ծրագիրդ։ Ասել եմ՝ չէ. ինձ հարկավոր էր 400 հազար դոլար, բայց քանի որ տղաները չեն նկարում, սկսած ֆիլմերը չեն ավարտել, ես բարոյական իրավունք չունեմ։ Էդ ո՞նց եք հաջողացնում… Ախր անբարոյական ա էլի, տղերք ջան… Վիգեն ջան, դու շնորհքով ռեժիսոր ես, ուրիշ բան, որ դերասան լինելդ չեմ ընդունում, բայց այնքան ես հրապուրվում քո պաշտոնով, քեզնով, որ մոռանում ես ընկերներիդ մասին… Բոլորի մասին պիտի մտածեք. սա է հիմնական դժվարությունը էս անտեր աթոռի՝ չգնալ միայն սիրած մարդու, թայֆայի կողմը։ Ինձ ինչում ուզում եք մեղադրեք, ես գիտեմ, որ իմ դպրոցական ընկերը ինձ ատելով ատում ա ընենց, որ դալշե նեկուդա, բայց մի բանում չեք կարա՝ թայֆա երբեք չեմ ընդունել…»։
Դեմիրճյանի՞ն են ընտրել, թե՞ Իսրայելյանին
ԿՄ նախագահ եւ ԱԺ պատգամավոր Ս. Իսրայելյանի իմաստալից ելույթն ավարտվեց ինձ բարձրաձայն հղած «նամակով»։ Ու ասաց՝ եթե տպագրեմ իր եւ մյուս կինոգործիչների աչքին կբարձրանամ ու «Առավոտի» մասին էլ Ս. Իսրայելյանը կասի, որ ամենահրաշք թերթն է։ Իսկ ցանկությունս հաստատ մեծ է ու խորը. «Սիրելի Սաթիկ, ինձ պատգամավոր չեն նշանակել, ինձ ընտրել են։ Ընտրել են Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի ցուցակով, ոչ թե նրա համար, որ ես Դեմիրճյանին տվել եմ կինոտան դահլիճը։ Իրենք էստեղ արել են իրենց շտաբը, բայց փող են մուծել եւ մենք փող ենք աշխատել։ Ե՛վ Դեմիրճյանը, ե՛ւ Վազգեն Սարգսյանը ինձ մտցրել են իրենց ցուցակի մեջ միայն մի բանի համար՝ որպես ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի ու մի քանի մրցանակների դափնեկիր, եւ ի վերջո, որպես կինոյի գործիչներից մեկը»։
Խոսքի վերջում պրն Իսրայելյանն արդեն մեղմ տոնով դիմեց իր ընկերներին. «Էնպես ստացվեց, որ ինձ ընտրեցին պատգամավոր։ Դուք հարկ կհամարեք՝ ընտրեք նորից, հարկ չեք համարի՝ ասեք՝ բարի ճանապարհ»։ Թախիծի շերտով լցվեց դահլիճը։
Վ. Չալդրանյանը հակահարված հասցրեց. «… Ես ձեզ հրավիրեցի իմ ֆիլմում օպերատոր աշխատել՝ հրաժարվեցիք։ Իմ այս ֆիլմում ես չեմ նկարահանվելու, ձեզ հրավիրում եմ որպես դերասան, որովհետեւ համոզիչ են ձեր դերասանական տվյալները…»։
Ռոբերտ Սահակյանցը նախաձեռնող խմբի ծրագիրը թույլ համարեց, եւ իր կարծիքով միության եւ առաջարկվող ծրագրերի միջեւ որեւէ էական տարբերություն չկար։ Միության վարչությանը թույլ որակեց. «Եթե դուք վստահ էիք, որ Կինոյի տան դահլիճը վարձակալության տալը օգտակար էր ու խիստ անհրաժեշտ մեզ համար, ինչո՞ւ այդքան հեշտությամբ հրաժարվեցիք դրանից. նախաձեռնող խումբը ցույց տվեց՝ ընդդիմությունը ցույց տվեց ձեր թուլությունը»։ Ռ. Սահակյանցի ելույթները, ինչպես միշտ, անձնավորված չէին ու գաղափարական էին, սակայն «ազգայնական մեր կինոգործիչները, նրա ռուսերեն լեզվով խոսելու համար այնքան անհեթեթ ռեպլիկներ հնչեցրին՝ ուշադրություն չդարձնելով ասելիքի բովանդակությանը, որ Ռ. Սահակյանցը բարկացած լքեց դահլիճը։
Ովքե՞ր են իրական իշխանամետները
Ամբիոնից եւ դահլիճից դեռ շարունակում էին նախաձեռնող խմբին, հատկապես Խզմալյանին եւ Չալդրանյանին իշխանամետության մեջ մեղադրել։ Մեղադրում էին, թեեւ հենց վարչության անդամներն էին պրն Իսրայելյանին արդեն «նախկին նախագահ»-ով դիմում։ Սցենարիստ Արմեն Վաթյանը չդիմացավ. «Բավական տհաճ խոսքեր հնչեցին Վ. Չալդրանյանի եւ Տ. Խզմալյանի հասցեին, երբ պետք էր ծրագիրը լուրջ քննարկման նյութ դարձնել։ Անարդար է նրանց մեղադրել իշխանամետության մեջ. վարչությունը (նույն Ռ. Գեւորգյանցը, Ա. Յավուրյանը, Ս. Իսրայելյանը, եւն) շատ լավ գիտի, որ նախաձեռնող խումբն առաջադրել է Ալբերտ Յավուրյանի թեկնածությունը եւ նրանցից ոչ մեկը չի ձգտել Ս. Իսրայելյանի տեղը գրավել»։ Ընդ որում նախագահի պաշտոնի համար նախաձեռնող խումբն առաջարկել է անձամբ Սոս Սարգսյանին եւ Ալբերտ Յավուրյանին։ Իսկ ներկաներից մի քանիսը, թեեւ չէին խոստովանում, բայց ակնհայտ էր նախագահ դառնալու նրանց թաքուն ցանկությունը։
Դերասան Կարեն Ջանիբեկյանն էլ վերջում բարկացավ. «Ես առաջին ու երեւի վերջին անգամ եմ մասնակցում այսպիսի ծիսակատարությանը։ Դուք պրոֆեսիոնալներ եք, դուք գիտեք, սովորել ենք, պառլամենտում էդ խաղերին։ Ես ձեզ լավ ճանաչում եմ, դուք իմ ընկերներն եք, ես ձեզ հարգում ու սիրում եմ։ Բայց ընկերներ, մի մոռացեք շատ կարեւոր բան՝ 21-րդ դար ենք մտնում, իսկ 21-րդ դարում դուք չեք կարող ապրել եւ ղեկավարել։ Երիտասարդներ են պետք, որովհետեւ նրանք մտածում են այլ կերպ, նրանք լեզուներ գիտեն։ Նրանք հրաշալի տղաներ են։ Ես Սերիկին շատ հարգում եմ իր 12 տարվա աշխատանքի համար, բայց, Սերիկ ջան, ցավդ տանեմ, մեղք ես, հոգնել ես…»։
– Ես չեմ հոգնել,- ամբիոնից գոռում էր Ս. Իսրայելյանը։
– Ոչինչ չանելուց հոգնել ես, Սերիկ ջան, մարդիկ ոչինչ չանելուց հոգնում են,- դահլիճից էլ գոչում էր Կ. Ջանիբեկյանը։- Մի ասեք, թե ծրագիր չունեմ, շատ խելոք բաներ ասվեց, որը մեր հասարակությանը, մեր կինոն կտանի ավելի բարձր վիճակի, մակարդակի՝ ե՛ւ բարոյապես, ե՛ւ նյութապես։
Ապա Կ. Ջանիբեկյանը կիսվեց իր տպավորությամբ. չէր հասկանում, ինչի՞ համար է այսքան կռիվը, ուրեմն փողային օգուտ կա. «Կռիվը դա է, իսկ եթե արվեստի համար է, ապա արվեստի համար չեն կռվում»։
Կինոքննադատ Դավիթ Մուրադյանի խոսքը եւ առաջարկն ընդունվեց։ Նա քննադատեց ծրագիրը, որը չկարողացավ դահլիճին համոզել. իր կարծիքով ծրագրում իդեաները քիչ էին։ Բայց ձեւականորեն ընտրում են ծրագիրը ներկայացնողին, իսկ իրականության մեջ՝ նպատակահարմար մարդուն։ Նա քննադատեց Ս. Իսրայելյանին չափազանց անձնավորված, նախագահին ոչ վայել ելույթի համար. «Պրն Իսրայելյան, դուք չկարողացաք հաղթահարել ձեր անձնական վիրավորանքները, ես ձեզ մարդկայնորեն հասկանում ու պաշտպանում եմ, բայց մանավանդ այսօր պառլամենտում դուք արդեն պետական գործիչ եք, նախագահի ֆիգուրան մարդկանց, միությունը միավորելու համար է։ Եվ այսօր եթե դուք ունեիք քննադատական խոսք ծրագրի վերաբերյալ, անշուշտ, պետք էր ասել, բայց ես ցավում եմ, որովհետեւ ձեր ամբողջ ելույթը զուտ անձնավորված էր, վերածվեց անձերի բախման եւ այդ ելույթում չկար որեւէ քիչ թե շատ հետաքրքիր հարցադրում մեր կինոյի այսօրվա վիճակի վերաբերյալ»։
Դ. Մուրադյանի՝ համագումարը հետաձգելու առաջարկը շոգած-հոգնած, վեճերից, իրար հոշոտելուց բավարարված-ջլատված կինոգործիչները համագումարը 6 ամսով հետաձգեցին։
Վերջաբան. Հայ կինոյի ճակատագիրը՝ կինոն կսպասի։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Տիտրեր…