Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

Հունիս 19,1999 00:00
stop

Ընդամենը մի քանի օր առաջ նշանակվեցին Ազգային անվտանգության, ՆԳ, պաշտպանության նախարարները։ Այս նախարարություններին առնչվող խնդիրներին, գործունեությանն է պարբերաբար անդրադառնում «Առավոտի» իրավական բաժինը, գումարած դատախազություն, դատարաններ, արդարադատությունն իրականացնող մարմիններ, մարդու իրավունքների պաշտպանության խնդրով զբաղվող ինստիտուտները։

Սակայն տեղին կլինի երեւի սկսել այս «հաշվետվության» հրապարակումը 1997 թ. նոյեմբերի 10-ի ՆԳ եւ ԱԱՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի այս սղագրությունից. Ռուզան Մինասյան. «Պրն նախարար, ճի՞շտ են այն խոսակցությունները, թե ՆԳ եւ ԱԱ համակարգերը նորից բաժանվելու են եւ դա տեղի է ունենալու հունվարից հետո»։ Սերժ Սարգսյան. «Պիտի ասեմ, որ այդ լուրերը վաղուց են պտտվում։ Ցավոք սրտի, այդ լուրերը պտտվում են ոչ միայն պատերի տակ, խմբագրություններում, պտտվում են նաեւ որոշակի հասարակական-քաղաքական կազմակերպություններում, դրա մասին խոսում են հասարակական եւ քաղաքական որոշ գործիչներ։ … Բնական է, որ այն մարդիկ, ովքեր կողմ չեն, որպեսզի մենք նման թափով պայքարենք հանցագործությունների դեմ, ստիպված պիտի լուրեր տարածեն։ Եվ ոչ միայն պիտի տարածեն, այլեւ պիտի պայքարեն, որպեսզի նախարարությունները բաժանվեն»։ Հիշեցնեմ, որ նույն ժամանակահատվածում նմանատիպ կարծիք է արտահայտել նաեւ Վազգեն Սարգսյանը:

Հասարակական կարծիքներում, համենայնդեպս, գերիշխողը այն էր, որ երկու նախարարությունների միացումը բերեց նրան, որ ոստիկանությունը ձեռք բերեց ազգային անվտանգության համակարգին բնորոշ «փորձառություններ» եւ՝ հակառակը։ Վերջին «նմանակման» կամ «փորձառության» օրինակ կարող է դառնալ «Առավոտում» պարբերաբար լուսաբանված մի դատավարություն, կապված զինգրքույկների ձեռքբերման, տրման (ապօրինի, գումարով) հետ, որն իրականացրել էին ՆԳ եւ ԱԱՆ հակահետախուզության բարձրաստիճան 2 աշխատակիցները («Համբարձումովի գործը»)։ Առհասարակ, երկու համակարգերի միացման արդյունքում մեր տպավորությամբ շատացան, բայց եւ բացահայտվեցին «շարքային» խախտումները՝ ՆԳ եւ ԱԱՆ աշխատակիցների «շնորհիվ». պաշտոնական դիրքի չարաշահում, իշխանազանցություն, կաշառակերություն-մոտիվներով։

Մինչեւ վերջերս չավարտված պատմությունը դասական օրինակ կարող է լինել դարձյալ ՆԳ եւ ԱԱՆ հետախույզների՝ Լեւոն Աբրահամյանի, Աշոտ Խաչատրյանի, իրանահայ Վարուժ Անդրեասյանի գործը։ Մենք դարձյալ այդ մասին տեղեկացանում ենք «Առավոտի» ընթերցողներին։

Հայտնի է, որ կաշառակերության վերաբերյալ այս տարի դատախազությունում քննվել է 17 գործ՝ 21 անձանց նկատմամբ։ Իրավական բաժնի ուշադրությունից չեն վրիպել այն սպանությունների բացահայտման նպատակով տեղեկատվությունները, հրապարակումները, որոնք, մեղմ ասած, այսօր էլ գտնվում են բացահայտման փուլում. ՆԳ զորքերի վարչության պետ Արծրուն Մարգարյան, պաշտպանության փոխնախարար Վահան Խորխոռունի, ԱՍԱԼԱՅԻ մարտիկներ՝ Դավիթ Դավթյան, Աբրահամ Խամիսյան…

Հասարակական հնչեղություն ստացածների կողքին անդրադարձել ենք (փետրվարից մինչեւ օրս) ազատամարտիկ Ղարիբ Մելքումյանին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու, ազատամարտիկ Լեւոն Մայսուրյանին Հարավ-Արեւմտյան թաղամասում սպանելու, զորամասը լքելու համար Խաչատուր Մադոյանի, Նորայր Ղազարյանի դատաքննությունների լուսաբանմանը։ Վարդան Անտոնյանին անօրինական բանակ զորակոչելու, Նոյեմբերյանում հինգ զինծառայողների սպանություններին (Ա. Մանուկյան, Ա. Չալաբյան, Վ. Մարտոյան, Ա. Մխիթարյան, Է. Մաթեւոսյան)։ Սա վերաբերում է ՊՆ համակարգին եւ արդյունքների մասին ակնկալում ենք պետական «ներողամտություն»։

Արդարադատության նախարարության հետ կապված մենք բարձրացրել եւ շարունակելու ենք բարձրացնել 1998-ի փետրվարի 9-ի Խորհրդային շրջանի ժողդատարանի վճռի կատարման հարցը՝ կապված Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան եւ ՀՀ քաղաքացիներ Ա. եւ Ա. Հակոբյանների քաղաքացիական իրավահարաբերությունների հետ կապված (Այգեստան- 9, 2ա բնակարան)։ Անդրադարձել ենք նաեւ Զարուբյան փողոցի 30-ից ավելի բնակիչների եւ ԱՄՆ դեսպանատան միջեւ ծագած «տարածքային» ամբողջականության ճշտումների պատմությանը։

Քաղաքացիների բողոք-դիմումներին թիվ ու հաշիվ չկա։ Դրանք, որպես կանոն, ավարտվում են դատարաններում, այս կամ այն դատաքննությունները ուշադրության կենտրոնում պահելով։ Այսպես. մենք մասնակցել ենք Գյումրիի «Ֆլամինգո» սրճարանի մոտ վիճաբանության արդյունքում սպանված Ալբերտ Ոսկանյանի՝ Մոսկովյան շրջանի ժողդատարանում ընթացած դատաքննության լուսաբանմանը, Էջմիածնի առաջին ատյանի դատարանում Գրիգոր Մկրտչյանի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի դատաքննությանը, առեւտրի նախկին նախարար Տիգրան Գրիգորյանի գործի դատաքննությանը (Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում), Երեւան-Սեւան ավտոմայրուղում մինչեւ օրս չպարզված հանգամանքներում մահացած 18-ամյա Մարինա Մելիքյանին, ՆԳ բաժիններից մեկում Սերյոժա Քարտաշյանին ծեծի ենթարկելու, 18-ամյա Ստեփան Կարապետյանին դաժանաբար սպանելու, Գյումրիի թիվ 2 քննչական մեկուսարանի կալանավոր Մելիք Խաչատրյանի դիմում-խնդրանքին… Հավելենք, որ հատուկ ուշադրություն ենք դարձրել ազատազրկվածներին, ուղղիչ աշխատանքային տներ-գաղութներին… Ունենք եւ խորագրեր. «Ազատազրկվածների նամակները «ներսից», «Զուգահեռ հասարակության մշակույթ», «Կամերա»…

Իրավական բաժինը հատուկ վերաբերմունք ունի օրենսդրական դաշտում կատարվող փոփոխություններին։ «Առավոտը» էջեր է տրամադրել իրավաբաններին՝ հայտնի,անհայտ, քննարկել՝ քրեական դատավարության նոր օրենսգիրքը, ԶԼՄ մասին գործող օրենքը, փաստաբանների մասին, հեղինակային իրավունքների, երկքաղաքացիությանն առնչվող հրապարակումներով՝ պատգամավորների անձեռնմխելիության իրավունքին եւ ընտրական օրենսգրքին։

Ընտրությունների օրերին պարբերաբար անդրադարձել ենք օրինախախտումներին։ Դժվար օրեր են սպասվում ուժային նախարարություններին։ Այս օրերին հրատապ է եւ հնչեղություն ունեն այնպիսի գործերի լուսաբանումը, ինչպիսիք են Ջերմուկի մոր եւ մանկան առողջարանում կատարված գազատարի պայթյունի պարզման, «Օրագիր» թերթի գործունեության, Աշոտ Բլեյանի, «Արմեն Տեր-Սահակյանի եւ մյուսների» նկատմամբ հարուցված քրեական գործերը։

Էլ չենք խոսում հարյուրավոր բնակարանային, աշխատանքային, մարդու իրավունքներին եւ քաղաքացիական իրավահարաբերություններին առնչվող գործերը, որոնք այս պարագայում պիտի մնան «երկուստեք հետաքրքրություն ներկայացնող» շահերի կիզակետում։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930