Լրահոս
Օրվա լրահոսը

SOS ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԻՑ

Հունիս 19,1999 00:00
sos

Հայաստանի Հանրապետության հոգեկան խանգարում ունեցող քաղաքացիները զրկված են ընտրելու եւ ընտրվելու իրավունքից։ Հոգեկան հիվանդները զրկված են նաեւ բազմաթիվ ամենամարդկային եւ ամենասովորական իրավունքներից։ Նրանց է թողնված միայն շնչելու, ուտելու եւ հոգեբուժարանի աշխատակիցների հետ շփվելու իրավունքը։

Թույլատրելի այս իրավունքներից հոգեկան հիվանդները կարող են օգտվել միայն, եթե շնչելու օդ կա, ուտելու բան եւ հոգեբուժարանի աշխատակիցների կամքը։ Վարդենիսի նեյրոհոգեկան տուն-ինտերնատը եւ ծերանոցը (նույն համալիրի մեջ է նաեւ հոգեբուժական հիվանդանոցը) գտնվում են աշխարհից հեռու քշված մի անկյունում, սարի գլխին, այստեղ ծառն ու թուփը, նույնիսկ որպես անցյալի մնացուկ, երբեք չեն եղել։ Շրջապատի չոր ու անհրապույր ամայության մեջ մի քանի հնաոճ շենքեր, հոգեկան հիվանդներ եւ սպասարկող աշխատակազմ։ Վարդենիսի հոգեբուժարանը 15 տարվա պատմություն ունի։ Վերջին տարիների ընդհանուր ծանր վիճակն առավել խորությամբ իր կնիքն է դրել այս հաստատության վրա։ Ֆինանսական դժվարություններն իրենց հետ բազում այլ խնդիրներ բերեցին, առաջին հերթին՝ բարոյական։ Մարդիկ իրենց լքված ու միայնակ են զգում։

Թվում է, թե պետությունն այստեղ լուրջ անելիքներ պետք է ունենա, բայց իրականում ամենաքիչ գործ անողն այս հաստատությունում հենց պետությունն է։ Պարտաճանաչ բյուջե գրողները տարիներ շարունակ նաեւ վերջին՝ 1999-ի բյուջեով, որոշակի գումար են հատկացնում հաստատությանը։ Սակայն բոլոր տարիներին, նաեւ վերջին՝ 1999-ին, բյուջեի առանց այն էլ չնչին հատկացումները տեղ չեն հասնում։ Հասածներն էլ չեն բավարարում հիվանդների հագուստի, կոշիկի եւ դեղամիջոցների հարցերը լուծելու համար։

Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբեր ամսին լրագրողների մի խումբ այցելեց հիվանդներին, եւ տեղում ծանոթանալով նրանց բազում հիմնահարցերին, որոշվեց բուժական համալիրին աջակցելու նպատակով բարեգործական միջոցառում կազմակերպել։ Նախաձեռնող խումբը՝ Էդիկ Բաղդասարյան, Գերման Ավագյան եւ Նունե Ալեքսանյան, հանդես եկավ հատուկ հրապարակմամբ եւ բոլոր շահագրգիռ կազմակերպություններին հրավիրեց մասնակցել տուն-ինտերնատում տասը տարուց ավելի բնակվող Հասմիկի ձեռքի աշխատանքների (տիկնիկներ) ցուցահանդես-վաճառքին։ Երեկ լրագրողները կրկին այցելեցին տուն-ինտերնատ։ Այցը կապված էր անցած տարի կազմակերպված «SOS բանականության սահմանագծի հակառակ կողմից» ակցիայի հետ։ Ակցիայից հետո ֆրանսիական «Ասպա» կազմակերպությունը, «Անապահով խավի բարեգործական միությունը» ինչպես նաեւ «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը եւ էլի մի շարք կազմակերպություններ կապվեցին նախաձեռնող խմբի հետ եւ պարբերաբար, տարբեր ամիսների ընթացքում նյութական աջակցություն ցույց տվեցին տուն-ինտերնատին եւ հոգեբուժարանին։ Երեկ ֆրանսիական «Ասպա» կազմակերպությունը ուղարկել էր անդամալույծի երկու սայլակ։ Այս սայլակների կարիքը հոգեբուժարանը շատ է զգում, քանի որ բազմաթիվ մարդիկ գամված են անկողիններին եւ սայլակ չլինելու պատճառով չեն կարողանում փողոց դուրս գալ։ Նրանք փաստորեն տարիներով մնում են սենյակներում։ «Անապահով խավի բարեգործական միությունը» հատկացրել էր հագուստեղեն, որը նույնպես երեկ հասցվեց տուն-ինտերնատ։

«Այցելությունը մեկ նպատակ եւս ուներ։ Հոկտեմբերին կազմակերպված ցուցահանդես-վաճառքից հավաքված 3 հազար դոլարով, տնօրեն պարոն Պետրոսյանի հետ երկար քննարկելուց հետո որոշեցինք, քանի որ ամբողջ տարածքն անբարեկարգ է, հիվանդները չեն կարողանում նորմալ զբոսնել, բարեկարգել տարածքը, ասֆալտապատել, ծառատունկ կազմակերպել, կառուցել հանգստյան գոտի, լուծել այգու ոռոգման հարցը։ Ծրագիրը պատրաստ է, բայց մեր հավաքած գումարը չի հերիքի, մեր նախնական պայմանավորվածության համաձայն Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը ընդառաջելու է լրագրողներին եւ իր ծրագրով գործը կիրականացվի։ Համայնքի ներդրումային մասը, որը հիմնադրամի պարտադիր պայմանն է, փաստորեն կկազմի լրագրողների ակցիայից հավաքված գումարը»,- ասաց նախաձեռնող խմբի ղեկավար, հեռուստալրագրող Էդիկ Բաղդասարյանը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930