Լրահոս
Օրվա լրահոսը

Տրոլեյբուսից մինչեւ եղջերակառք

Հունիս 19,1999 00:00
troleybus

80-ական թվականներին, երբ հայոց լեզուն առավելագույնս հայացնելու փորձեր էին կատարվում, ականավոր լեզվաբաններից մեկն առաջարկեց «տրոլեյբուս» օտարածին, անհարկի բառը փոխել «եղջերակառքով»։

Բայց այն տրոլեյբուսները տրոլեյբուս էին, այդ պատճառով էլ լեզվաբանական նորամուծությունը չընկալվեց ժողովրդի կողմից, թեպետ ամենեւին չի բացառվում, որ առաջիկայում երեւանյան բառապաշարում հայտնվի նույնիսկ «կոտոշակառք» տարբերակը։ Մեղավորը ոչ թե ժողովրդի լեզվաընկալման անբավարար զարգացածությունն է, այլ՝ տրոլեյբուսների այսօրվա կիսագոյության փաստը։

Ցանկացած վարորդի հարցրեք, թե նա ճանապարհին կանգնած ոստիկանից ավելի շատ ինչի՞ց է վախենում։ Կստանաք բավական հետաքրքիր պատասխաններ, որտեղ առաջին տեղում անշուշտ կլինեն երթուղային տաքսիները, իսկ երկրորդ տեղում անշուշտ տրոլեյբուսները։ Եթե երթուղային տաքսիների «սարսափելիությունը» պայմանավորված է դրանց վարորդների արագ տեմպով փողոցների ձախից աջ եւ աջից ձախ քշելու հավանականությամբ (ի դեպ, գծեր փոխելիս երթուղայինների վարորդները բացառիկ արհամարհանք են ցուցաբերում իրենց եւ մյուս մեքենաների լուսային ազդանշանների նկատմամբ), ինչը անասելի դժվարություններ է ստեղծում հարեւան վարորդների համար եւ հինգ րոպեն մեկ կանգնեցնում վթարային իրավիճակի առջեւ։

Այսօրվա Երեւանի ճանապարհատրանսպորտային իրավիճակում անտանելի գործոն են դառնում նաեւ տրոլեյբուսներն ու տրամվայները։ Երկուսն էլ լինելով գծային տրանսպորտ, արհամարհում են ոչ միայն երթեւեկության կանոնները, այլեւ այնպիսի վարորդական «սրբություններ», ինչպիսիք են կարմիր լույսը, խաչմերուկի մեջտեղում կանգ առնելու անթույլատրելիությունը եւ այլն, եւ այլն։ Տրամվայները դեռ տանելի են, եւ նրանց գոյությունն էլ իմաստավորված։ Ինչ վերաբերում է տրոլեյբուսներին, ապա սրանք փողոցի ողջ լայնքը փակելու եւ «մոնտյորական» ինչ-որ աշխատանքներ կատարելու մեծ տաղանդ են ցուցաբերում գրեթե ամեն խաչմերուկում։ Եթե սրան գումարենք նաեւ օրը մեջ կտրվող տրոլեյբուսների լարերը, այնպիսի տպավորություն կստանանք, որ «տրոլեյբուսաբուծությունը» Հայաստանում ռազմավարական նշանակություն ունի եւ այն պետք է պաշտպանել ամեն գնով, զուտ հանուն այն բանի, որպեսզի դրանք լինեն։

Իհարկե, տրոլեյբուսները էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տեսակ են, ընդունված են գրեթե աշխարհի բոլոր մեծ քաղաքներում, բայց չգիտես, թե ինչու, այնտեղ տրոլեյբուսները իրենց իրավունք չեն վերապահում ողջ փողոցը փակելով ձախ գծով երթեւեկել, ամեն խաչմերուկում ձողերը լարերից անջատել եւ շարժվել այնպիսի արագությամբ, որը չի գերազանցում մարդու վազքի միջին արագությանը։ Երեւանում սրանք ունեն մի մեծ առավելություն։ Դրանք պետական տրանսպորտ են եւ դրանցից ակտիվորեն անվճար օգտվում են թոշակառուներն ու երեխաները։ Բայց բնական է, տրոլեյբուսների վարորդներն այնքան էլ հաճույքով չեն ընդունում սույն փաստը, եւ ամեն կերպ փորձում են վճարունակ ուղեւորներ տեղափոխել, ինչը նրանց մոտ այնքան էլ հաջող չի ստացվում։

Երեկ մեր արտահաստիքային թղթակիցներ Քրիստինե Ալեքսանյանն ու Նարինե Հարոյանը մի փորձ կատարեցին։ Նրանք պարզապես ժամը 16.00-ին «Այրարատ» կինոթատրոնի մոտից նստեցին N 9 տրոլեյբուսը եւ շարժվեցին Կոմիտասի շուկայի ուղղությամբ։ Պարզվեց, որ տրոլեյբուսի ուղեւորները հիմնականում թոշակառուներն ու երեխաներն են, եւ բնական է, ուղեվարձ չեն վճարում։ Ի դեպ, գրանցվել է հետաքրքիր փաստ՝ Հանրապետության հրապարակից երկու տղաներ երբ փորձել են նստել տրոլեյբուս, նրանցից միայն մեկն է հասցրել դա անել։ Վարորդը տեսնելով, որ հերթական չվճարողներն են «թափանցում» ներս, արագ քշել է, որի արդյունքում երեխաներից մեկը մի ամբողջ կանգառ վազել է տրոլեյբուսի ետեւից, որպեսզի չկորցնի ընկերոջը։ Բաղրամյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում տրոլեյբուսին սպասելիս է եղել սովորական իրավիճակը. կտրված է եղել լարերից մեկը։ Ձողերից մեկը տրամվայի գծին միացնելով, 5-10 րոպե չարչարվելուց հետո վարորդը մի կերպ անցել է կտրված հատվածը։ Ավելի քան 40 ուղեւորներից տրանսպորտային այս «էքսպերիմենտի» ավարտին սպասել են 15-ը (միայն թոշակառուներ)։ Կոմիտասի փողոցի շուկային տրոլեյբուսը հասել է 16.50-ին։

Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930