Հարցազրույց Արթուր Բաղդասարյանի հետ
– «Օրինաց երկիրը» Հայաստանի ամենաբազմաքանակ կուսակցությունն էր, սակայն դժվարությամբ հաղթահարեց 5% արգելքը։ Ինչո՞ւ չարդարացան ձեր ակնկալիքները։
– Մենք մեծ ակնկալիքներ չենք էլ ունեցել, քանի որ հունիսի 20-ին լրանում է կուսակցության մեկ տարին։ Ընտրություններից հետո կուսակցության տարածքային կազմակերպություններում տեղի են ունենում հետընտրական ժողովներ, մի շարք կազմակերպությունների նախագահներ կհեռացվեն աշխատանքները ձախողելու համար։ 30 հազար անդամ ունեցող կուսակցությունը ընտրություններում հավաքեց 60 հազար ձայն։ Կուսակցության անդամների մեծ մասը քվեարկել է մեր օգտին, բայց մենք այսօր ունենք հստակ տեղեկատվություն, որ եղել են կուսակցության անդամներ, որ չեն քվեարկել։ Սոցիալական ծանր վիճակից ելնելով, նրանք վերցրել են ընտրակաշառքներ եւ գնացել են այդ քայլին։ Շատ շուտով կուսակցության շարքերում տեղի է ունենալու զտում եւ առաջիկայում մենք կունենանք եթե ոչ 30 հազարանոց կուսակցություն, ապա գոնե գաղափարապես կայուն մարդիկ։
– Սոցիալապես անապահովները կհեռացվե՞ն։
Կարդացեք նաև
– Մենք բազմաթիվ սոցիալապես անապահով անդամներ ունենք, որոնք մինչեւ վերջ էլ հավատարիմ են եղել կուսակցությանը։ Շրջաններում մենք այնքան ձայն ենք հավաքել, որքան որ անդամ ունեինք։ Երեք նախկին վարչական շրջաններում մենք ստացել ենք ավելի պակաս ձայներ, քան կուսակցության անդամները։
– Ո՞ր շրջաններում։
– Արմավիրի, Սյունիքի եւ Կոտայքի մարզերում։ Այստեղ մենք 10%-ով պակաս ձայներ ստացանք։
– Տպավորությունն այնպիսին էր, որ ձեր կուսակցության համար 5% սարքեցին։
– Փառք Աստծո, որ մենք վերջին տեղում չենք եւ մի քանի հազար ձայնով առաջ ենք ԱԺՄ-ից։ Եթե վերջինը լինեինք, գուցե նման ենթադրությունը տեղին լիներ։ Եթե նույնիսկ 5 հազար ձայն էլ պակաս հավաքեինք, միեւնույն է՝ 5%-ն անցնելու էինք։
– Խոսում էիք ընտրակաշառքների մասին։ Մի՞թե ընտրություններն ազատ, արդար եւ թափանցիկ չէին։
– Ընտրությունները մեզ չէին կարող գոհացնել։ Ընտրական ցուցակների վիճակն էր շատ վատ։ Կուսակցության անդամներից շատ-շատերը դուրս են մնացել։ Բայց եթե ընդհանուր վերցնենք, բոլորն էլ տուժել են, գուցե «Օրինաց երկիրը» մյուսներից մի փոքր շատ։
– Այդ դեպքում մյուսների օրինակով ինչո՞ւ չդիմեցիք Սահմանադրական դատարան։
– ՍԴ դիմելու դեպքում պետք է պահանջեինք չեղյալ հայտարարել ընտրությունները։
– Բայց քանի որ 5% հաղթահարել էիք…
– Չէ, 5%-ի խնդիր չկա։ Տեղի է ունեցել լուրջ նիստ։ Վերլուծել ենք, որ լավ, ենթադրենք 10 հազար ձայն էլ ավել հավաքած լինեինք, դրանից ոչ մի բան չէր փոխվելու։ Ի վերջո, ընտրությունները մեծ հաշվով կայացել են։ Ցավալին այն է, որ մեծ դեր խաղաց ստվերային փողը։ 28-ին, 29-ին, 30-ին մեծ փող է պտտեցվել։
– «Օրինաց երկիրն» էլ փող չուներ…
– «Օրինաց երկիրը» ծախսել է այնքան, որքան մեկ մեծամասնական թեկնածուն։ Ծախսել ենք միայն հեռուստագովազդի վրա։ Մամուլի միջոցներն էլ գրեթե չենք օգտագործել։ Մեկ անգամ «Առավոտը»։
– ԱԺ առաջին նիստի ժամանակ «Օրինաց երկրի» եւ «Իրավունք եւ միաբանության» նկատմամբ ցուցադրական արհամարհանք կար։
– Մեր կուսակցության նկատմամբ ընդհանրապես ընդգծված թշնամանք կա։ Շատ քաղաքական ուժեր զարմացած են, մյուսները՝ վախեցած, որ մենք կարճ ժամանակում դարձանք խորհրդարանական կուսակցություն։ Չնայած երեկ չէ առաջին օրը ֆրակցիաների հետ հանդիպեց վարչապետը եւ բաց տեքստով առաջարկեց ցանկացած տեսքի համագործակցություն՝ երկիրն այս վիճակից հանելու համար։ Փաստորեն, Վազգեն Սարգսյանն առաջին քայլն արել է։
– Դա ընդհանուր հայտարարություն է։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը անբարյացակամության մթնոլորտում։
– Ես հանդիպել եմ «Միասնություն» դաշինք ֆրակցիայի ղեկավարների հետ, սակայն նրանք հավաստիացրել են, որ նման բան չկա, եւ ընդհակառակը իրենք պատրաստ են համագործակցության։
– Չե՞ք զգում, որ ստիպված եք ստանձնել ընդդիմադիրի կեցվածք։
– Որքանով մեզ դժվար հասկանան, մենք հենց սկզբից որդեգրել ենք. ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն կեցվածքը։ Մենք ունենք երկրի զարգացման մեր պատկերացումները եւ դրանով էլ առաջնորդվելու ենք։ Մեզ համար կապ չունի, ով է լավ բան անում՝ ԱԺՄ-ն, «Միասնությունը», թե ՀՅԴ-ն, մենք փորձելու ենք աջակցել նրանց։
– Այսինքն՝ մարդկային կերպարով դուք միայն լավին աջակցող եք, ոչ թե վատին ընդդիմացող, մարտնչող։
– Եթե կարվի բացասականը, եթե կտեսնենք, որ վտանգավոր պրոցեսներ են գնում, որոնք վտանգում են մեր երկիրը եւ նրա իմիջը, մենք ամենաընդդիմադիրն ենք լինելու։ Միշտ էլ կարելի է քննադատել, բայց հիմա նոր կառավարություն է եւ մենք առայժմ լինելու ենք կառուցողական դիրքերում։
– «Օրինաց երկիրը» ձեւավորվեց իշխանություն ունեցող անձանց շուրջ, եւ այդ պատճառով այն բազմաքանակ էր։ Այժմ կուսակցության լիդերները հայտնվել են իշխանությունից քշվածների դերում, ինչպիսի՞ն է լինելու կուսակցության վիճակը։
– Մենք մեզ չենք համարում ոչ իշխանությունից քշվածներ եւ ոչ էլ իշխանության մոլեգին տենչողներ։ Մենք այսօր հանձինս մեր 6 պատգամավորների ունենք իշխանություն։ Հունիսի 20-ին տեղի կունենա համագումարը, որտեղ կտրվի ընտրության գնահատականը։ Մենք փորձելու ենք ուժեղացնել կուսակցությունը…
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ