Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՆԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼՈՒՆ»

Հունիս 19,1999 00:00
Vazgen sargsyan

Ասաց Վազգեն Սարգսյանը

Անցած տարի ահագին աղմուկ եղավ, երբ Արմեն Դարբինյանը կառավարության վաղօրոք բաժանված ծրագրից տարբեր ելույթ ունեցավ խորհրդարանում։ Երեկ Վազգեն Սարգսյանը կառավարության ծրագիրը ներկայացնելու փոխարեն մի գերակշիռ մասով քաղաքական ելույթ ունեցավ եւ որեւէ մեկը դրա մասին ծպտուն էլ չհանեց։

«Վիճակն իսկապես ծանր է, բայց ամենեւին ոչ անհուսալի»

Ելույթում Վազգեն Սարգսյանը հստակեցրեց իր մոտեցումները որոշ սկզբունքային հարցերի վերաբերյալ։ Սակայն նախ առավել լայն շերտերին հուզող մի հարց առանձնացնենք՝ նպատակ հռչակվեց պայքարն աղքատության դեմ. «Ամենացավալին այն է, որ Հայաստանը միակ տեղն է, որտեղ կան աղքատ հայեր։ Մենք կողմ ենք եւ օժանդակելու ենք, որ շատ լինեն հարուստները, բայց նաեւ չլինեն աղքատներ։ Միգուցե մեր ձեւակերպումները զգացմունքային են երբեմն, սակայն, զգացմունքներն են պտտում հասարակության թափանիվը»։ Ի դեպ, քիչ անց վարչապետը խոստովանեց, որ այսօրվա դրությամբ բյուջեն շուրջ 20 մլրդ դրամի ճեղքվածք ունի։

Վազգեն Սարգսյանի ելույթում բազմաթիվ էին անցածի այնպիսի գնահատականները, որ բումերանգի պես կարող էին իրեն վերադարձվել՝ որպես վերջին տասնամյակի գրեթե բոլոր կառավարությունների անփոփոխ ներկայացուցչի։ Ասենք, նա ասաց. «Նախնական կապիտալի կուտակումը, շուկայի ազատականացումը շփոթվեց թալանի ազատականության հետ։ Պետության կարգավորիչ դերի մասին խոսելը դարձավ հերետիկոսություն»։ Վերջինիս առումով թերեւս հարկ էր փարատել Համաշխարհային բանկի որոշ կասկածներ եւ վարչապետը ճշգրտեց «Միասնություն» դաշինքի ծրագրում արձանագրված այդ դրույթի կիրառությունը. «Ավելորդ շահարկումներից խուսափելու համար ի սկզբանե ասեմ, որ այսու պետության դերի մասին խոսելիս միշտ նկատի ենք ունենալու նրա կարգավորիչ խնդիրը եւ ոչ ավելին, ամենեւին ոչ թելադրանքը»։

Ելույթի որոշ հատվածներ գալիս էին հաստատելու Վազգեն Սարգսյանի՝ զինվորականի եւ խստապահանջ մարդու ձեւավորվող իմիջը։ Այսպես, նշեց, թե կառավարության անդամները պիտի «անձնական պատասխանատվություն կրեն ծրագրի իրագործման համար»։ Հետո էլ ասաց իր թիմակիցներին ի զգուշացումն. «Նրանք պետք է գիտակցեն, որ ցանկացած անբարոյական արարք պատժվելու է»։ Չփորձենք կռահել, թե ով է որոշելու բարոյականության սահմանները եւ ինչպես են պատժելու։

Կարեւոր էր այս խոստումը. «Վարչապետն ինքն ամեն ամիս հանդես կգա ժողովրդի առջեւ տնտեսական վիճակի, անելիքների մասին հաշվետվություններով»։ Ու նաեւ այս մեկը. «Անհրաժեշտ եմ գտնում պետական ծառայության բոլոր պաշտոնյաներից պահանջել եկամուտների տարեկան հայտարարագրեր՝ դրանք մշտապես համեմատելով տարեկան ծախսերի հետ»։ Այս երկուսը որոշակի են եւ չկատարելու դեպքում կարելի է հիշեցնել պրն Սարգսյանին, թե չէ ելույթի այլ խոստումներ, ինչպիսիք են՝ «բացառել հովանավորչությունն ու պրոտեկցիոնիզմը», կրճատել ստվերային տնտեսությունը («Կառավարությունը հռչակում է, որ իր համար չկան, չեն կարող լինել արտոնյալ կամ փակ տնտեսական կառույցներ եւ շահեր»), «վարկերի վերահսկելիությունը, թափանցիկությունը երաշխավորում եմ» եւ նմանահունչ այլ հավաստիացումներ միշտ էլ հնչել են։

Ի դեպ, վարչապետը հանդիսավոր խոստացավ անձամբ վերահսկել հարկային պարտավորությունների եւ ներդրումային քաղաքականության խնդիրները. «Եվ անհաշտ պայքար եմ մղելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խոչընդոտել»։ Տեսնես ո՞վ կարող է համարձակվել խանգարել Վազգեն Սարգսյանին՝ իհարկե, նրանից մի աստիճան վեր միակ պաշտոնյայից բացի։

Առանց դիմադրության

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թերեւս աննախադեպ էր, որ կառավարության գործունեության ծրագիրը ներկայացվի ու վարչապետն էլ պատգամավորների հարցերին պատասխանի ընդամենը 50 րոպեում։ Միայն 8 հոգի էին հերթագրվել հարցեր տալու համար, դեռ մի երկուսն էլ մտքափոխ եղան։ Դե, Վազգեն Սարգսյանին պաշտպանության նախարար եղած ժամանակ էլ կառավարության եւ ԱԺ-ի հարցուպատասխանների ընթացքում միլիոնից մեկ էին հարցեր ուղղում։ Այլ բացատրություն չունենք, քան վախը, քանի որ լռության պատճառը հաստատ այն չէր, որ նրա ղեկավարած ոլորտում ամեն ինչ կարգին էր։ Կամ էլ, այս դեպքում, որ ծրագիրը ոչ մի հարցականի տեղ չէր թողնում եւ լիովին ընկալելի էր։

Անգամ ամենաանվախ պատգամավոր Աղասի Արշակյանը նախօրոք «փափուկ բարձեր» դնելով, իր հարցը շատ մեղմ ձեւակերպեց. «Բոլորը Ձեզ շնորհավորում են՝ ես ուզում եմ ցավակցել, քանի որ լավ գիտակցում եմ, թե ինչ լուծի տակ եք մտել։ Միաժամանակ վստահ եմ, որ ինչպես ցանկացած գործում, այս գործում էլ Դուք հոգի դնելու եք։ Հուսանք, որ դրանից բան կստացվի, բայց ո՞նց ենք մենք անելու, երբ որ, ա՛յ, ձեր կառավարության կազմում ընդգրկվածների մոտ կեսը ձեր իսկ նշած թալանի տարիներին նույնպես եղել է սպիտակ ձիու վրա։ Դժվար չի՞ լինելու արդյոք»։ Վազգեն Սարգսյանի պատասխանն էլ շատ հարմար է վերջաբանի համար. «Ես կիսում եմ այդ փաստը, որ կառավարության անդամներից շատերը՝ սկսած ինձնից՝ 1991-ից արդեն աշխատել են հարափոփոխ կառավարությունների կազմերում։ Բայց ուզում եմ ասել նաեւ հետեւյալը. պրն Արշակյան, եթե դուք 1991-92-ին լինեիք նախարար, եւ եթե այսօր դուք եւս մեկ անգամ նախարար աշխատեիք՝ անպայման ինչ-որ մեկը նույն բանը ձեր մասին էր ասելու։ Ցավոք սրտի, արժեքները չափազանց լղոզվել են. հերոսությունն ու դավաճանությունը, ազնվությունն ու ստորությունը կորցրել են գիծը, ընկել մեկը մյուսի տիրույթի մեջ եւ այսօր շատ դժվար է հստակ գնահատական տալ որեւէ գործչի։ Ես իմ կողմից, իմ տեսակետով պիտի ասեմ, որ աշխատել եմ նրանց հետ դեռեւս 1990-91 թվականներից եւ վստահում եմ։ Ավել բան չեմ կարող, բացի նրանից, որ դուք դրանում կհամոզվեք նրանց եւ իմ աշխատանքի ընթացքում՝ սա կլինի ամենապերճախոս վկայականը։ Եթե դուք ճիշտ լինեք՝ ուրեմն դուք էիք ճիշտ, ես ճիշտ լինեմ… տա Աստված, ես ճիշտ լինեմ»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Այսօր հայտնի կդառնա, որ նոր կառավարությունը, բնականաբար, արժանացել է խորհրդարանի վստահության քվեին։ Այնպես որ, Վազգեն Սարգսյանն այսօրվանից լիակատար հնարավորություն ունի ապացուցելու, որ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, «լավ վարձատրվող աշխատատեղերի» վերաբերյալ իր հայտարարությունները հիմնավոր էին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930