Վստահ է ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը
-Նախկին իշխանությունները, որոնց Դուք մաս եք կազմել, անընդհատ անվանվում են «հանցավոր, ապազգային, թալանչի» եւ այլն։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ որակումներին։
-Ինձ համար ցավ է, որ նման որակումներ կան։ Վերջին հաշվով, նախ փաստ է, որ այդ մասին խոսվում է, քանի որ այդպիսի երեւույթներ կային մեր հասարակության մեջ։ Եվ ցավ է մանավանդ այն պատճառով, որ անցած ութ տարիները եղել են ծանրագույնը՝ անձնական, ընտանեկան եւ այլ առումներով։
Այդ երեւույթների դեմ մենք պայքարել եւ պայքարում ենք։ Կարող եմ վստահեցնել, որ բոլո՛ր տարիներին ֆինանսների նախարարությունը եղել է այդ պայքարի առաջին շարքերում։ Միայն մեր վերստուգումներով միլիարդավոր դրամներ են վերականգնվել բյուջեում, շատ վարկային ծրագրերում միլիոնավոր դոլարներ են խնայվել ու տնտեսվել։ Եվ չէի ուզի, որ մենք այս առումով ծայրահեղությունների դիմեինք եւ չափազանցնեինք։ Շատ ու շատ երկրների (եւ ոչ միայն ԱՊՀ-ի, այլ նաեւ Արեւելյան Եվրոպայի) համեմատ՝ մասնավորապես արտասահմանյան միջոցների տնօրինումը շատ ապահով եւ լավ ձեռքերում է եղել ու շատ նպատակային։ Սրանք իմ խոսքերը չեն՝ այս ամենը նշվում է ե՛ւ Եվրամիության շրջանակներում ժողովների ժամանակ, ե՛ւ Համաշխարհային բանկում։ Որոշ վարկային ծրագրերի օրինակով Հայաստանը լավագույնն էր համարվում եւ նույնիսկ փորձի փոխանակման համար էին գալիս։ Ես էլ մյուս ծայրահեղության մեջ չեմ ուզում ընկնել, բայց գիտե՞ք, երբեմն հիստերիայի բնույթ է ստանում այս ամենը։ Ուղղակի պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, որոնք խախտել են օրենքը՝ այստեղ որեւէ հարց չկա։ Բայց պիտակներ կպցնելը տարիներով շարունակելը ճիշտ չէ։
Կարդացեք նաև
-Իսկ ինչպե՞ս եղավ, որ Ձեզ, այսպես ասած, վերադարձրին։ Պատճառը գուցե Վազգեն Սարգսյանի հետ անձնական լավ փոխհարաբերություննե՞րն էին։
-Ո՛չ։ Անձնական լավ հարաբերություններ, իհարկե, կան, բայց նաեւ իմ բոլոր գործընկերների հետ։ Մի բան կարող եմ ասել, որ դա մեծ վստահություն է, որն ընկալում եմ միայն որպես գերպատասխանատվություն՝ այս իրավիճակում շտկելու եւ կատարելագործելու ֆինանսական համակարգը, բյուջեի բալանսավորումը, կայունությունն ապահովելու, որն, իհարկե, ծանր խնդիր է, բայց լուծելի։
-Արդյոք դիվանագիտական աշխատանքի շրջանը Ձեզ չի՞ հեռացրել հայաստանյան իրողություններից։
-Չի՛ կարող հեռացրած չլինել։ Բայց, իհարկե, ամեն օր ուշի-ուշով հետեւում էի, այդ թվում նաեւ «Առավոտի» հրապարակումներին։ Ակտիվորեն հետեւում էի նաեւ Համաշխարհային բանկի, Արժութային հիմնադրամի, կառավարության ծրագրերին։ Այսինքն, իհարկե, կապը կար, բայց, անշուշտ, այնպիսին չէր, ինչպես երկու տարի առաջ, երբ այստեղ էի։ Ինչ-որ ժամանակ պետք է, այո, որ լրիվ մտնեմ այս նորությունների, դետալների եւ իրականության մեջ։
Ա. Ի.