Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա անցումային կառավարություն չէ»

Հունիս 19,1999 00:00
Vazgen Sargsyan

ԱԺ մայիսի 18-ի նիստի ավարտից հետո ամենից շատ սպասված երկու դեմքերը՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն այդպես էլ անմատչելի մնացին մամուլին՝ ամենակարճ ճանապարհով հեռանալով դեպի ԱԺ նախագահի աշխատասենյակ։ Մի խումբ լրագրողներ այդ պատճառով ստիպված էին շուրջ 1,5 ժամ պահակել Կարեն Դեմիրճյանի ընդունարանում, որպեսզի կարողանան մի քանի հարցի պատասխան ստանալ վարչապետ Վազգեն Սարգսյանից։

Դուրս գալով, լրագրողների առաջին իսկ հարցին նա պատասխանեց, որ, այո, տեղեկատվության պետական սեկտորում («Արմենպրես», հեռուստատեսություն, ռադիո) մի քանի օրից փոփոխություններ լինելու են, իսկ թե ինչ փոփոխություններ, պարզ կդառնա, երբ դրանք տեղի ունեցած կլինեն։

– Այն, որ կառավարության ներկայացրած ծրագիրն անցումային է, դա նշանակո՞ւմ է, որ այս կառավարությունը եւս անցումային է։

– Նոր կառավարությունն անցումային չէ։ Ծրագիրն անցումային է այնքանով, որքանով… Ի սկզբանե, ենթադրում էինք ունենալ անցումային ծրագիր, բայց փառք Աստծո, աշխատանքները սպասվածից լավ ընթացան եւ ստեղծվեց ավելի լուրջ ծրագիր, քան անցումայինն է։ Ես առաջարկում եմ այլեւս չխոսել անցումային կառավարության մասին, ժամանակավոր կառավարության մասին, դա անհեթեթ է։ Այս կառավարությունը ստեղծվել է երկար աշխատելու համար։

– Պարոն Սարգսյան, տպավորություն ունեմ, որ ձեր խոսքը ոգեւորիչ էր, սակայն ռոմանտիկ։ Համաձա՞յն եք։

– Ես ներկայացրել եմ սկզբունքային դրույթներ, որոնք, այո, ե՛ւ ոգեւորիչ պիտի լինեն, ե՛ւ նաեւ ռոմանտիկ։ Դրանից են նեղանում։

– Սադոյանը բողոքեց, որ ձեր ծրագիրը վստահություն չի ներշնչում։

– Դա իր պրոբլեմն է։

– Հունվարին դուք ասացիք, թե չեք ուզում դառնալ վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ…

– Ես միաժամանակ ուրիշ մեկնաբանություն էլ էի տվել։ Բացի այդ, ավելացավ եւս մեկ հանգամանք. ընտրությունները, «Միասնություն» դաշինքը եւ մեր պարտավորությունները հասարակության առջեւ։

– Մեկ հարց էլ։ Խոստացաք, որ այս տարի ամուսնանալու եք։ Վարչապետի պաշտոնը չի՞ խանգարի։

– Ընդհակառակը։ Վարչապետի պաշտոնը պարտադրում է դա անել։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930