Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱՄՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հունիս 19,1999 00:00
David Shahnazaryan

«Ինչո՞ւ եք քննադատում այս նոր իշխանությանը, թողեք, որ աշխատեն։ Չէ որ, աշխարհում ընդունված է 100 օրվա կարգը։ Չենք թողնելու, որովհետեւ այդ կանոնը տարածվում է օրինական իշխանության վրա։ Իսկ այս իշխանությունն օրինական չէ եւ որեւէ հույս պետք չէ կապել այս կառավարության հետ»։

Սա հատված է հունիսի 18-ին Մատենադարանի հարեւանությամբ տեղի ունեցած հանրահավաքում «21-րդ դար» ժողովրդավարական-ազգային կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի ելույթից, որի խոսքում կառավարությունը ոչ փաղաքշական բազմաթիվ այլ բնորոշումների եւս արժանացավ։ Իսկ ընդհանրապես, ամբողջ հանրահավաքի ուղղվածությունն ուներ ընդհանուր հիմք։ Սա Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի կառավարությունն է։ Ուստի պատասխանատվությունն ընկնում է նրանց վրա։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ կողմ են քաշվել, որպեսզի նրանք չհաջողեն իրենց գործունեության մեջ ու հետո, իրավիճակի մեջ պատասխանատվություն կրողներին ստիպեն հեռանալ։

Միարժեք գնահատական էր տրվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահությանը՝ նա զավթել է իշխանությունը, իսկ իշխանությունը զավթածները չեն կարող նորմալ ընտրություններ անցկացնել։ Բացի այն, որ Դավիթ Շահնազարյանը հետեւողական կուրս է բռնել նախագահին իմպիչմենթ հայտնելու հարցում, հունիսի 18-ից էլ նրան արգելեց Սահմանադրությանը ձեռք տալ. «Թող Սահմանադրական փոփոխություններ չլինեն, թող Քոչարյանը չպղծի Սահմանադրությունը։ Անցյալ տարի Սահմանադրության օրը չնշեցին՝ այս անգամ տեսնենք ինչ են անելու։ Ժողովուրդը հիասթափվել է Լեւոն Տեր-Պետրոսյանից, Վազգեն Մանուկյանից, հիմա էլ Կարեն Դեմիրճյանից է հիասթափվում, իսկ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անհայրենիք մարդիկ են՝ նրանց հայրենիքը անօրինական իշխանությունն է»։ Ասենք, որ այս խոսքերը, որ արտաբերվում էին Մատենադարանի մոտ, ամենայն ուշադրությամբ լսողներից էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանը։ Թռչունիչը հանրահավաքի էր եկել որպես դիտորդ (այսպես ասաց դիկտոֆոնի առջեւ), իսկ մինչ այդ ասել էր, թե եկել է տղերքին դուխ տալու։ Ձայնագրիչի առջեւ, սակայն, Խորեն Սարգսյանն ասաց, թե Դավիթ Շահնազարյանն այն տղան չէ, որին դուխ տաս։

Մի խոսքով, Խորեն Թռչունիչի հետ միասին մի քանի հարյուր ցուցարար էր հավաքվել։ Իսկ երբ հայտարարեցին, թե «Հայլուրը» ստալինյան ժամանակների «Պրավդան» է հիշեցնում, «Հայլուրի» օպերատորն ու թղթակիցը դեմոնստրատիվ հեռացան եւ ցուցարարների թիվը 2-ով էլ պակասեց։

Բայց քանի որ օրվա հարցը նոր կառավարությունն էր, հռետորները հիմնականում այդ խնդրին անդրադարձան։ Վիգեն Խաչատրյանն, օրինակ, այս կառավարության համար պատմեց հետեւյալ անեկդոտը. «Մի մարդու ասում են, որ դաշնակահարը համերգ պիտի տա: «Իսկ դա ի՞նչ է»,- հարցնում է այդ մարդը։ Նրան բացատրում են, որ այդ մարդը երկու ձեռքով դաշնամուր է նվագում, իսկ առջեւում նոտաներ են դրված։ Այդ մարդն էլ բերում է երկու դաշնամուր է դնում՝ աջ եւ ձախ ձեռքերի համար, նրանց մեջտեղն էլ նոտաներ։ Սա է մեր կառավարության վիճակը»,- հայտարարեց Վիգեն Խաչատրյանը։

Նրա ասելով, քաղաքական դաշտը լղոզվել է այսօր, եւ այս խորհրդարանն այն մարմինը չէ, քաղաքական պայքարի այն դաշտը չէ, որը պետք է հեռացնի Քոչարյանին։ Ի դեպ, հռետորները միակարծիք էին, որ ժողովուրդը «Միասնություն» դաշինքին, Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին ձայն է տվել, որպեսզի նրանք հեռացնեն Ռոբերտ Քոչարյանին։ Էսպես դատելուց հետո էլ ասում էին, թե նման բան տեղի չի ունենա։

Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերն էլ հռչակվեցին իբրեւ նորընտիր կառավարության քավորներ։ Ինչ վերաբերում է ալան-թալանին, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Հիմա կտեսնեք, թե թալանը ոնց է լինում։ Այն ավելի մեծ ընդգրկումներ է ունենալու, որովհետեւ թալանի կողմերը շատացել են։ Իսկ այս գորշ կառավարությունից որեւէ բան չարժե սպասել»։

Կառավարության վերաբերյալ խոսեց նաեւ Կարապետ Ռուբինյանը, սակայն մինչեւ նրան խոսք տալը, Դավիթ Շահնազարյանը հայտնեց, թե թվով 70 դպրոցի տնօրեն դիմել է, որպեսզի փոխվի Աշոտ Բլեյանի խափանման միջոցը։ Նա, ինչպես նաեւ հանրահավաքում ելույթ ունեցած այլ հռետորներ, զորակցական խոսքեր ասացին «Օրագիր» թերթի խմբագրակազմին։

Կարապետ Ռուբինյանն էլ սկսեց նրանով, թե ինքը հանրահավաքային ելույթների մեծ փորձ չունի եւ վերջին անգամ խոսք է ասել 88-ին, սակայն, ինչ վերաբերում է այսօր ներկայացված կառավարության ծրագրին, ապա այնտեղ մեծ մասն արտագրված է, ու Վազգեն Սարգսյանն էլ համարձակություն չի ունեցել ասելու, որ ոստիկանական համակարգը պատուհաս է դարձել մեր ժողովրդի գլխին։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930