Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ այսպես եղավ

Հունիս 18,1999 00:00

Ինչո՞ւ այսպես եղավ Խորհրդային միությունը, մեր մեծ հայրենիքը քանդվեց։ Արձանագրենք, որ ոչ միանգամից, ոչ անսպասելի։ Ուղղակի Խորհրդային Հայաստանի քաղաքական-կուսակցական- մտավորական էլիտան անպատրաստ էր։ Շարքային հայաստանցիների նման նա էլ Հայաստանը չէր պատկերացնում անկախ պետության տեսքով, առանց ռուսական մեծ եղբոր։ Ինչո՞ւ։ Այսպես էլ այս հարցադրումը լուրջ վերաբերմունքի չարժանացավ մեզանում։ Ճշմարտությունը պահանջում է, որ մի մեծ մեղքից զերծ լինենք՝ Խորհրդային միությունը հայ ժողովուրդը չի քանդել։ Այս մեղքը այնքան խորն է նստած մեր ժողովրդի մեջ, որ այդպես էլ այդ անցյալից չկտրվեցինք՝ մենք ենք քանդել, մենք էլ կվերականգնենք։ Այդտեղից էլ այս կոմունիստական-սոցիալիստական բումը՝ տարբեր առաջնորդների եւ անվանումների տեսքով։ Ինքնուրույն, անկախ ապրելը մեր ժողովրդին վերարժեքավորում էր պարտադրում, նոր ուղի, նորագույն պատմության կամ ժառանգած գնահատականների վերանայում, հարեւանների հետ նոր համակեցություն… Իսկ սա աշխատանք է, լուրջ աշխատանք, որը հայելի է՝ ցույց է տալիս ով ենք իրականում մենք եւ ինչի ենք ընդունակ, որը պահանջում է հոգեւոր-մտավոր կարողությունների աննախադեպ կազմակերպում… Տասնյակ տարիներ բարեպաշտ խորհրդահպատակ ժողովուրդը մեկ-երկու տարվա ղարաբաղյան շարժման խաղաղ ցույցերով այդպիսի հզոր կայսրությունը չէր կարողանա քանդել։ Ոչ էլ հայ ժողովուրդը երազում էր խորհրդային կայսրության փլուզման մասին։ Ղարաբաղյան շարժումն անկախական, հակախորհրդային ու հակառուսական շարժում չէր։ Իսկ անկախության հանրաքվեն մենք անցկացրինք ամենավերջինը՝ 94 թվի աշնանը, երբ Խորհրդային միությունը չկար եւ «դե յուրե», եւ «դե ֆակտո»։ Անկախ, ինքնուրույն պետական կյանքի պատրաստ ժողովուրդը 1988-ին ղարաբաղյան շարժում չէր ծնի։ Այդ շարժումը ռազմական հակամարտության վերածվել թույլ չէր տա։ Շարժում, որն ուղղված էր Հայաստանի անկախության դեմ։ Կամ մեկը պիտի լիներ, կամ մյուսը։ Անհասկանալի չէ՞, թե ինչպես 1988-ի փետրվարի 26-ին Թատերական հրապարակի ծով ժողովուրդը լսեց իր մոսկովյան բանագնացներին՝ Սիլվա Կապուտիկյանին ու Զորի Բալայանին։ 1990 թվի մարտին Ռիգայում Մերձբալթյան երկրների ժողովրդական ճակատների նախաձեռնությամբ կայացավ Հայոց Համազգային շարժման եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջին ուղղակի շփումը։ Պետական անկախության նոր ճարտարապետները (Լանդսբերգիս, Սարվիսաար, Ռյուտել) հայ-ադրբեջանական կոնֆլիկտի օրինակով ցույց էին տալիս Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի ժողովուրդներին, թե ազգամիջյան բախումները ինչպիսի անդունդ են դառնում ժողովուրդների նոր ապագայի ճանապարհին։ Մենք հայերս ու ադրբեջանցիներս անընդունակ եղանք Մերձբալթյան մեր գործընկերների երկու ելակետային պայմանը յուրացնել. 1. Հարեւան երկրները միառժամանակ, մինչեւ միջպետական քաղաքակիրթ հարաբերությունների ձեւավորումը եւ քաղաքական կարգավորման ինստիտուտների ստեղծումը պիտի հետաձգեն տարածքային վեճերը, պատմական անարդարությունների արծարծումը։ (Մերձբալթյան հանրապետություններն էլ կիսելու, պարզելու շատ հարցեր ունեն միմյանց հետ)։ 2. Անկախության համար պայքարի հենց սկզբում նրանք ստեղծել էին փոխադարձ շահերի ու հետաքրքրությունների համաձայնեցման մեխանիզմներ՝ հարաբերվելով առանց միջնորդների, քննարկելով ու կարգավորելով միմյանց շահեր շոշափող գործողություններ։ Մերձբալթյան երեք ժողովուրդները ոչ թե իրար դեմ էին աշխատում, այլ հուսալի գործընկերներ էին՝ 1988-ին, 1999-ին, այսօր։ «Նոր ուղու» բոլոր ջանքերը այս քաղաքական աքսիոմները մեր տարածաշրջանի համար որպես համակեցության նորմ պարտադրելու ուղղությամբ ոչ միայն չհասկացվեցին, այլեւ հայաստանյան քաղաքական ուժերի կողմից բացառվեցին՝ ի չիք դարձնելով 90-ին Ռիգայի, 92-ին Բաքվի, 93-ին Թիֆլիսի մեր պայմանավորվածությունները։ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել