Կառավարությունները փոխվում են բոլոր երկրներում: Կայուն քաղաքական եւ տնտեսական համակարգեր ստեղծած երկրներում՝ իրենց քաղաքական օրենսդրությանը համապատասխան, անկայուն եւ թերզարգացած պետություններում՝ ըստ իրավիճակի փոփոխության:
Մեր երկիրը, թեեւ միանշանակ երկրորդ տիպի պետությունների շարքում է, մինչ 1998-ի փետրվարը ջանում էր կայուն համակարգեր ունեցողներին նմանվել եւ ներքին կյանքը ենթարկել սեփական օրենսդրության: Այդ շրջանը պայմանականորեն բացասական հերոսների ժամանակ կարելի է անվանել: Համենայնդեպս, այդպես է արմատավորված մեր հանրային գիտակցության մեջ ամբողջատիրական համակարգը փլուզողների ընդհանրական կերպարը, որոնք, ժառանգելով 88-ին երկրաշարժից ավերված, հարեւանների հետ պատերազմել հարկադրված մի երկիր, փորձեցին հայկական անկախ պետության հիմքը դնել՝ պետական կառավարման որեւէ փորձ չունենալով եւ տարիների ընթացքում հանրության չարությունը ճաշակելով:
Ահա դրանք, մեր առաջին ղեկավարները յոթ տարվա ընթացքում կարողացան ստեղծել անվտանգության կայուն համակարգ, որի շնորհիվ ապահովեցին երկրի ամբողջականությունը եւ ընդլայնեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտին: Դնելով լիբերալ տնտեսության եւ ժողովրդավարական սկզբունքներին դավանող երկրի հիմքերը, 1998-ին իրավիճակի փոփոխության արդյունքում նրանք պետության ղեկը հանձնեցին հետնորդներին, որոնք ըստ զարգացման տրամաբանության առայժմ դրական հերոսների կարգավիճակ ունեն: Դրական՝ ոչ իրենց գործունեության գնահատման, այլ ժողովրդի «բացասական հերոսների» կերպարից հոգնելու եւ փոփոխության ակնկալիքի պատճառով: Միամիտ չձեւանանք, ասելով, որ Հայաստանը անկախ պետություն դարձնելու Երրորդ հանրապետության ղեկավարների հերոսական ջանքը երբեւէ կգնահատեն սերունդները: Չեն գնահատի. նախ, որովհետեւ մենք ներկան ճիշտ գնահատել չգիտենք եւ այդ պատճառով նախընտրում ենք գնահատել անցյալը, նրան հերոսական եւ առասպելական հանդերձանքի մեջ պարուրելով եւ անցյալի մշուշոտ փայլով հմայվելով: Երկրորդը, որն ավելի էական է, մեզ չի հաջողվում մեր իշխաններից որեւէ մեկին առանձնացնել, բարձրացնել եւ «հայերի հայր» դարձնելով, հանրային մտածողությունը ըստ այդմ մշակել: Ասենք, մեզ չի հաջողվում երկնել /թող ներվի ինձ այս խոսուն օրինակի համար/ մեր Աթաթյուրքը:
20-րդ դարի վերջին տասնամյակում մեր պետական կառույցների առաջնեկներին (առաջին նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար), բարոյապես ոչնչացնելու համազգային մոլուցքը զարմանալի է եւ երեւի փսիխոանալիզի լուրջ կարիք ունի, բայց հույս ունենանք, որ համազգային բացասական լիցքը, որ հներին բաժին էր ընկել, սպառվել է եւ հասարակությունը դրական հերոսների կարիքն ունի: Բարեբախտաբար, իշխանության պայմանական նոր սերունդը, որը թեեւ հների օրգանական շարունակությունն է, կարծես գիտակցվում է որպես այդպիսին: Ասենք «խրամատներից դուրս եկած» գործող նախագահը համաժողովրդական նզովքի չարժանացավ, թեեւ ինքը ապրիլի 24-ին ոչ թե մեզ հետ էր, այլ ՆԱՏՕ-ի 50-ամյակն էր նշում հեռավոր ափերում, էլ չասենք, որ կյանքը մեր այս մեկ տարում չդարձավ էլ ավելի լուսավոր ու պայծառ, քան իր վարչապետության օրոք էր, երբ անվերջ «լցվում էր բյուջեն»:
Կարդացեք նաև
Հայաստանի նոր վարչապետ Վազգեն Սարգսյանը վաղուց արդեն վայելում է սպարապետի, համազգային հերոսի տիտղոս, թեեւ իր ղեկավարած ուժային կառույցում նույնպես ստվերային հատվածներ կան, որոնց մասին թեեւ շատերը գիտեն, բայց կարծես ընդունված չէ խոսել՝ դարձյալ երկրի անվտանգությունից ելնելով: Կամ ասենք ներկայիս ՆԳ նախարար, դեռ երեկ քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը՝ նա Սյունիքի գեներալ եղած ժամանակից է դրական կերպար: Եվ նման դրական հերոսներ նոր կառավարությունում էլի կան:
Բայց արդյո՞ք որեւէ լուրջ ակնկալիք կարող ենք ունենալ նոր կառավարությունից, երբ աշխարհը տարածաշրջանների տրոհման, ազգամիջյան բախումների բացառման միտում ունի, այդ թվում եւ Կովկասյան տարածաշրջանը, որի շրջանակներում են գիտակցվում Հայաստանը եւ նրա հարեւան երկու երկրները: Հայաստանի տնտեսության քայքայման մեջ նախորդ «ապաշնորհ» ղեկավարությանը մեղադրանքներ ներկայացնելը նույնքան անհեթեթ է, որքան այժմ Վազգեն Սարգսյանի կառավարությունից հրաշքներ սպասելը: Քանի որ քայքայվում էր ընդհանուր տնտեսության /ինչպիսին խորհրդային տնտեսությունն էր/ մաս կազմող մի երկիր, մինչդեռ վերականգման փորձ է անում մեկ այլ երկիր: Եվ եթե «բացասական հերոսների» ղեկավարության օրոք՝ լիակատար շրջափակման եւ պատերազմի պայմաններում, մեզ հաղթանակներ են հաջողվել /պետք չէ դա ժխտելու զուր փորձեր անել/, ապա որքան կհաջողենք դրական հերոսների ղեկավարության օրոք, որոնց ժամանակը եկել է: Թե՞ դրանում որեւէ մեկը կասկածում է…
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ