Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ՈՒՄ ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է

Հունիս 18,1999 00:00
Albert Gor

Միացյալ Նահանգներում թափ է հավաքում նախընտրական արշավը: Չորեքշաբթի օրը Սպիտակ Տան իր գրասենյակից նախագահական «Օվալ օֆիս» տեղափոխվելու մտադրության մասին վերջապես հայտնեց ներկայիս փոխնախագահ Գորը:

Դրանով իսկ նշանավորվեց «Նախագահական 2000» երկարատեւ ու գրավիչ քաղաքական ներկայացման առաջին ակտի սկիզբը: Այժմ արդեն բոլոր ֆավորիտները զբաղեցրել են իրենց վազքուղիները՝ մեկնարկը տրվեց:

Համաձայն ռուսական մի ասացվածքի, հիմնարար տերը պետք է ձմռանը սելը պատրաստի, ամռանը՝ սահնակը: Ամերիկացիները, ինչպես վկայում է նրանց երկրի տնտեսական վիճակը, ռուսներից շատ ավելի հիմնարար տերեր են, եւ այդ իսկ պատճառով նախագահական ընտրությունների պատրաստությունները վաղօրոք են սկսում: Այս անգամ, նույնիսկ, շատ վաղօրոք՝ ընտրություններից 17 ամիս առաջ նախընտրական այդպիսի աշխուժությունը անսովոր է անգամ լայնածավալ արշավներին սովոր ամերիկացիների համար: Սակայն դա էլ հասկանալի է, թեկնածուներին ժամանակ է պետք՝ թափ ու փող հավաքելու, ինչը, ինչպես ցույց տվեց նախորդ ընտրությունների փորձը, այնքան էլ հեշտ բան չէ: Բոլոր մասնակիցները լավ են հիշում, թե Քլինթոնի երկրորդ պաշտոնավարման ողջ ընթացքը ինչպես թունավորեց հենց այդ փողի խնդիրը. այսպես կոչված «ֆանդրայզինգի» ընթացքում ապօրինի կերպով նրա ընտրարշավին տրամադրած «չինական» ներդրումների թեման Լեւինսկու հետ սիրավեպից հետո երկրորդն էր, որը Սպիտակ Տան ներկայիս բնակչին հանգիստ չէր տալիս: Այժմ, ինչպես հայտնում է CNN հեռուստաընկերությունը, Քլինթոնը Նախագահական պալատը բանտի հետ է համեմատում:

Ինչեւէ, այդ խոսքերի ճշմարտացիությունը ստուգելու ցանկություն այսօրվա դրությամբ արդեն հայտնել են նրա կուսակից-ժողովրդավարներից երկուսը՝ Գորը եւ նախկին սենատոր Բիլ Բրեդլին, հանրապետականների մի ամբողջ շարան եւ մի քանի անկախ թեկնածուներ:

Բոլորն էլ, փորձառու խորհրդականների, իմիջմեյքերների, քաղաքական տեխնոլոգների եւ վերլուծաբանների թիմերով զուգված, պատրաստվում են երկարատեւ ճանապարհորդությունների, անվերջ ելույթների ու հանդիպումների: Ամերիկան Հայաստանի հետ համեմատելի չէ ոչ տարածքով՝ ծայրից ծայր քարոզարշավով անցնելու համար 17 ամիսը հազիվ էլ հերիքի, ոչ էլ ընտրազանգվածի տեսակետից՝ այստեղ ընտրողները ոչխար մատաղ չեն անում ու ընտրասֆալտով չեն հրապուրվում: 200 տարուց ավելի ժողովրդավարական ավանդույթներ ունեցող Ամերիկայի բնակիչը ցանկանում է լավ ճանաչել, թե ո՞վ է ում բարեկամը: Հանրապետական կուսակցության հիմնական ֆավորիտների հարցը այս տեսակետից բավականին հեշտ է: Օրինակ, Ջորջ Բուշը ԱՄՆ նախկին նախագահի որդին է: Ի դեպ, դատելով նրա նախընտրական շտաբում ներգրավված գործիչներից, որոնց մեծ մասը բավականին հայտնի են թուրքա եւ ադրբեջանամետ տեսակետներով, Ամերիկայի հայկական համայնքը մտահոգություն է հայտնում, որ Բուշ կրտսերը ամենեւին էլ հայերի բարեկամը չէ: Հակառակ դրան, Հանրապետական երկրորդ՝ բավականին մեծ շանսեր ունեցող թեկնածու, Էլիզաբեթ Դոուլի հայամետ դիրքորոշումը որեւէ կասկած չի առաջացնում՝ նա հայերի վաղեմի բարեկամ, նախկին սենատոր Ռոբերտ Դոուլի կինն է: Հանրապետական կուսակցության մնացած առավել հավանական թեկնածուները՝ հայտնի գործարար Սթիվ Ֆորբսը, Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Քասիչը, սենատոր Ջոն Մըքքեյնը եւ նախկին փոխնախագահ Դեն Քուեյլը եւս բավական ճանաչված մարդիկ են:

Այնպես ստացվեց, որ բարեկամության ոլորտում խնդիրներ ունի միայն Գորը: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն ստացան նրա առաջին նախընտրական ելույթները լուսաբանող լրագրողները եւ մեկնաբանները, որոնք նկատեցին, որ փոխնախագահը, որն ուս- ուսի, տարիներ շարունակ աշխատել է նախագահի հետ, այժմ ընդգծված ձեւով զգացնել է տալիս, որ Քլինթոնի «բարեկամը չէ»: Թեեւ նա ամենայն զգուշությամբ շրջանցում է իմպիչմենթի եւ Լեւինսկու թեման, սակայն այն փաստը, որ Գորի ելույթներում զգալի տեղ է զբաղեցնում ընտանեկան արժեքների վերականգնման թեման, շատ բան է ասում պետական մակարդակով սիրային հետաքննություններից հոգնած ամերիկյան հասարակությանը:

Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930