Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է…

Հունիս 18,1999 00:00
chutik

Շատ ուրախալի է, որ մենք արդեն կարողանում ենք ստեղծել ու արտադրել իսկապես գովազդի արժանի ապրանքներ ու սննդամթերք։

Ցանկալի է սակայն, որ դրանց որակական հատկանիշներն ավելի բարձր լինեն։ Բացառիկ հաջողություններ ունենք զովացուցիչ ըմպելիքների արտադրության ասպարեզում. «Կոկա-կոլա», «Հայ-կոլա», «Ֆանտա», «Սփրայթ» ըմպելիքները շատերին են արդեն հրապուրում։ Ափսոս է, սակայն, որ մենք դեռեւս չենք ցանկանում կամ ձգտում մեր սեփական հումքից՝ մրգերից, հատապտուղներից ու բանջարեղենից ավելի հաջող հյութեր ու ըմպելիքներ արտադրել, որոնք ավելի մեծ պահանջարկ կունենային ու հնարավոր կլիներ արտերկրներ արտահանել։

Առաջներում մենք հիանում ու պարծենում էինք մեր կոնյակի որակով ու աշխարհահռչակ հեղինակությամբ։ Ֆրանսիացիներին վաճառելուց հետո բարելավվել է միայն շշերի ու պիտակների որակը, բարձրացել են գները, պակասել է պահանջարկը։ Թերեւս տուժել է խմիչքի որակը, քանի որ գործարանային արտադրության անվան տակ կոնյակի տեսականու շատ կեղծումներ մեզ մոտ թե Ռուսաստանում, գուցեեւ այլ երկրներում դժգոհությունների առիթ են տալիս։ Երեւի դրանից լուրջ հետեւություններ պետք է անել։

Կաթնամթերքի ու մսամթերքի արտադրությունը չնայած աշխուժացել է, փաթեթավորումը՝ լավացել, սակայն որակական առումով բավականին կաղում է։ Կաթնասերը, շոռը, մածունը, երշիկեղենն առանձնապես հարգի չեն ոչ թե բարձր գների պատճառով (դե հիմա ամեն բան թանկ է), այլ միայն ու միայն որակի պատճառով։ Պանիրի հարցն ուրիշ է։ Առաջներում սովոր էինք օգտագործել չանախ, լոռի տեսականիները, որոնք հանրամատչելի էին գնի եւ որակի առումով։ Հիմա թանկության պատճառով դրանցից շատ քչերն են օգտվում, իսկ շուկաներն ու խանութները լցվել են անորակ ու կասկածելի ծագման էժան պանրատեսակներով, որոնք վաճառվում են առանց համապատասխան ստուգման եւ անթույլատրելի սանիտարական պայմաններում։

Վերջերս շատ են գովազդվում «Գրանտ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության սիգարեթները։ Ինչ խոսք, որակը եւ տեսականին բավականին լավացել է, ձեռնարկությունն օգուտներ ունի եւ համապատասխան հարկեր է վճարում պետբյուջե, ստեղծել է աշխատատեղեր։ Սակայն սա այն արտադրությունը չէ, որ պետք է գովազդել։ Այսօր ամբողջ աշխարհում հակածխախոտային քարոզչություն ու միջոցառումներ են կազմակերպվում, իսկ մենք գովազդներ ենք հոլովակում՝ չմտածելով ներկա եւ ապագա սերունդների առողջության մասին։

Մի փոքր էլ խոսենք քաղցր եւ զարմանահրաշ բաների մասին։ Արեւելյան կամ զուտ հայկական ազգային թխվածքներով եւ այլ քաղցրավենիքներով, որոնք վերջերս առատությամբ լցվել են խանութները, հիրավի, կարող ենք հպարտանալ ու գովազդել։ Սակայն նույնը չի կարելի ասել կոնֆետեղենի մասին, որն առաջներում էլ վատորակ էինք արտադրում եւ նույնը շարունակվում է հիմա։

Վերջերս Կոմիտասի փողոցում գտնվող շուկայի կրպակներից մեկում վաճառքի էին հանված անանուխային կոնֆետներ, որոնց բազմագույն պիտակների վրա գրված էր՝ խոզի միս։ Զարմանալով ու փորձելով պարզել, թե որ մսի կոմբինատից է (պիտակից չէր երեւում) եւ ինչ է դա իրենից ներկայացնում, մի կերպ բացելով, քանի որ թուղթը պինդ կպած էր կոնֆետ կոչեցյալին, համտես արեցի։ Անհասկանալի գույնի ու բավականին անդուր, մի քիչ անանուխի համ ունեցող պինդ նյութ էր, որի մեկ կիլոգրամը 650 դրամ արժեր։ Թե ինչ տեխնոլոգիայով ու հնարամտությամբ էր պատրաստվել այդ կոնֆետը՝ այդպես էլ ինձ անհայտ մնաց։ Այդ կոնֆետի օրինակը բերեցի «Առավոտի» խմբագրություն, որպեսզի առաջին անգամ՝ ի լուր աշխարհի, հայտնվի, որ բացի արմենիկումից, կարող ենք այլ հրաշքներ եւս գործել՝ մսից կոնֆետ, թե մսով կոնֆետ ստանալ։ Նման նորաձեւափոխություններ շատ կան։ Բա որ ասում ենք՝ մերն ուրիշ է, տեսեք ու հավատացեք եւ օգտագործեք միայն տեղական արտադրանքը։

ԴԵՐԵՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930