Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Հունիս 18,1999 00:00
toto

Բոլորը զբաղված են կառավարության կազմի վերլուծությամբ։ Առայժմ պակաս հետաքրքիր է համարվում կառավարության կառուցվածքային վերլուծությունը։ Կառուցվածքային առումով հետաքրքրության թիվ մեկ խնդիրը ՆԳ եւ ԱԱ համակարգերի համատեղելիությունն էր։

Պարզվեց, որ դրանք անհամատեղելի են։ Սահմանադրությամբ կառուցվածք որոշելը ՀՀ նախագահի մենաշնորհն է։ Սակայն այս անգամ նկատելի է կառուցվածքային հարցերում վարչապետի լուրջ միջամտությունը։ Նախկին ուժեղ ուժային նախարարի համար շատ ավելի նպատակահարմար էր ունենալ հարաբերականորեն թույլ՝ տրոհված ուժային նախարարություններ։ Փոխարենը նպատակահարմար էր ունենալ ուժեղ տնտեսական նախարարություն։ Այս դեպքում, սակայն, նախարարական աթոռները չէին բավարարի բոլոր հավակնորդներին։ Արդյունքում՝ տրոհվեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը։ Այսօր դժվար է հասկանալ, թե ինչ խնդիրներ են դրված այդ նախարարությունների առջեւ։ Երբ տարիներ առաջ էկոնոմիկայի նախարարությունը կրում էր «Պետպլան» համեստ անունը, հասկանալի էր, թե ինչով է զբաղված գործադիր իշխանության այդ օղակը։ Հետո, երբ այն վերանվանվեց էկոնոմիկայի նախարարություն, ենթադրվում էր, որ պիտի զբաղվի տնտեսության ճյուղերի հեռանկարային զարգացման պլաններ մշակելով։ Տնտեսական ճգնաժամի ընթացքում պարզվեց, որ նման պլաններ չեն կազմվել։ Այդ պահին չկային արդեն տնտեսության ճյուղերը, եւ նախարարությունը կցվեց ֆինանսների նախարարությանը։ Ստեղծված գերհզոր օղակը, փաստորեն, զբաղված էր բյուջեի կատարումով, համարյա ամբողջությամբ տնօրինելով երկրի ֆինանսատնտեսական կյանքը։

Այսօր այս կառույցի փոխարեն միանգամից երեք նախարարություն ստեղծվեց։ Ելնելով նախորդ տարիների ոչ հաճելի փորձից, կարելի է ենթադրել, որ էկոնոմիկայի նախարարությունը չի զբաղվի տնտեսության զարգացման հեռանկարային նախագծերով։ Միակ իրական խնդիրը, որ կձեւակերպվի այս նախարարության առջեւ, միջազգային վարկատու կազմակերպությունների հետ տարվող բանակցություններն են։ Կտրուկ նվազել է ֆինանսների նախարարության գործունեության դաշտը։ Այն «իներցիայով» կզբաղվի պետական բյուջեի ծախսերի հատվածով։ Հավանաբար կշարունակի զբաղվել նաեւ ներքին պարտքով։ Պետական արժեթղթերի տեղաբաշխումն ու սպասարկումը դառնում է ֆինանսների նախարարության հիմնական գործերից մեկը։ Իսկ նախկին լուրջ (հիմնական) գործը՝ բյուջետային մուտքերի ապահովումը, տեղափոխվել է այլ՝ նորաստեղծ նախարարության ուսերին։ Հին ուժեղ ֆինանսական կառույցի հիմնական մասը ժառանգել է պետական եկամուտների նախարարությունը։ Այս նախարարությունը ապահովելու է 1999թ. բյուջեով նախատեսված 171 մլրդ 300 դրամ հարկային ու մաքսային եկամուտները։ Եթե հաշվի առնենք, որ հարկային ու մաքսային վարչությունները հստակ ենթակայությամբ միավորվել են այս նախարարության կազմում, հասկանալի կդառնա, որ այս կառույցի հետ են կապված մեծ հույսերն ու սպասումները։ Բնականաբար, շատ խորհել անհրաժեշտ չէ, որպեսզի պատկերացնենք, թե ինչ արժեքային համակարգով է առաջնորդվել վարչապետը գործադիր իշխանության այս օղակների ղեկավարներին ընտրելով։ Պարզ է՝ պետական եկամուտների նախարարությունը մերձավորի վստահության ոլորտ է։ Նախկին վարչապետին «վստահված» ոլորտը կիրառական առումով խիստ նմանվում է խորհրդային տարիների ակադեմիական համակարգի գիտահետազոտական ինստիտուտի։ Աշխատանքային հմտությունների անհրաժեշտ որակ է պահանջում ֆինանսների նախարարությունը։ Խնդիրն անհրաժեշտ մակարդակում էլ լուծվեց։

Մյուս տնտեսական նախարարություններն առանց երեւութական որեւէ ցնցումի ու շեղման պահեցին իրենց դերը կառավարության կառուցվածքում։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930