1990 թ. արդարադատության նախարարությունում իբրեւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի եւ ներքին սփյուռքի մասնաճյուղ գրանցված կուսակցությունը, 1998 թ. նոյեմբերին վերագրանցվեց որպես Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն։
Վերագրանցման արդյունքում կուսակցության ղեկավարումը Եղիա Նաճարյանից անցավ Էռնեստ Սողոմոնյանին։ Սակայն 1999 թ. փետրվարին տեղի է ունենում Էռնեստ Սողոմոնյանից հեռացած հնչակների համագումար, որը կազմակերպել էր լոնդոնաբնակ Վազգեն Կասեմջյանը։ Համագումարի արդյունքում որոշում է կայացվում դիմել արդարադատության նախարարությանը՝ նոյեմբերի գրանցումը չեղյալ հայտարարելու եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն գրանցելու առաջարկով։ Վազգեն Կասեմջյանն իր նպատակին հասավ մարտի 30-ին, հնարավորություն չունենալով համամասնական ընտրակարգով մասնակցել ընտրություններին։ Մեծամասնական ընտրակարգով ՍԴՀԿ-ից առաջադրվեցին 12 թեկնածուներ։ Սակայն մայիսի սկզբին Հայաստանից անհասկանալի պատճառներով հեռացավ Վազգեն Կասեմջյանը, որը խոստացել էր ֆինանսավորել թեկնածուների ընտրարշավը։ Թեկնածուների մի մասն անմիջապես դուրս եկավ ընտրարշավից, իսկ մյուսները ուղղակի չընտրվեցին։ Թիվ 5 ընտրատարածքում առաջադրվեց եւ վերջից 6-րդ տեղը գրավեց Էռնեստ Սողոմոնյանը, որին էլ խնդրեցինք պատասխանել հնչակյանականությանը վերաբերող մի քանի հարցերի։
– Ինչո՞ւ ՍԴՀԿ-ն համամասնական ընտրակարգով չմասնակցեց ԱԺ ընտրություններին։ Ոչ առանձին եւ ոչ էլ որեւէ դաշինքի մեջ։
– Ձեր պնդումը ճիշտ չէ, քանի որ այս սենյակում վճիռ է կայացվել, որ ես, որպես կուսակցության նախագահ, պետք է մասնակցեմ ընտրություններին։ Համամասնական ընտրակարգով չենք մասնակցել, քանի որ ի տարբերություն մյուս կուսակցությունների, որոնք մասնակցեցին ընտրություններին եւ չնչին ձայներ հավաքեցին, մենք մեր հնարավորությունները ճիշտ էինք հաշվարկել։ Այս վիճակում մենք 5%-ի արգելքը չէինք կարող հաղթահարել։ Ինքս էլ մասնակցել եմ, որովհետեւ գոյություն ունի դրոշի պատիվ հասկացությունը։ Այստեղ էլ էինք հաշվարկել, որ մեծամասնական ընտրակարգով ես չեմ կարող ընտրվել, սակայն քաղաքական վճիռ էր կայացվել, որ ես պետք է անպայման մասնակցեմ։ Որովհետեւ, եթե չես մասնակցում՝ խոհանոցին լիարժեք չես տիրապետում, քո կաշվի վրա չես զգում բոլոր նրբությունները։
Կարդացեք նաև
– Դուք ասում եք, որ հաշվարկել էիք, որ չեք հաղթահարելու 5% արգելքը։ Բայց չեղյալ էր հայտարարված նաեւ ձեզ տրված գրանցման վկայականը։
– Այդպես չէ։ Նոյեմբերի 8-ից հետո մեր կանոնադրության մեջ փոփոխություն է կատարվել եւ մենք դարձել ենք Հայաստանի ՍԴՀԿ եւ ոչ թե՝ 1990 թվականի նման՝ Հայաստանի եւ ներքին սփյուռքի։ Դա բլեֆ էր։
– Բայց չէ՞ որ արդարադատության նախարարությունը մարտի 30-ին չեղյալ հայտարարեց ձեր գրանցումը։
– Դա այդպես չէ։ Ուղղակի ապրիլին մենք մտանք վերագրանցման փուլ։
– Ի՞նչ պատճառաբանությամբ նախարարությունը չեղյալ հայտարարեց գրանցումը։
– Ճիշտն ասած, դա իրավաբանական պրոցեդուրա է, եւ ճիշտ կլինի այդ մասին Դավիթ Հարությունյանին հարցնել։
– Փաստորեն Հայաստանում այսօր գործում են երկու հնչակյան կուսակցություններ՝ ՀՍԴՀԿ-ն եւ ՍԴՀԿ-ն։
– Հնչակյան կուսակցություններ գործում են աշխարհի 17 երկրներում։ Մի պարագայում եմ մտածում, որ կուսակցությունը գործում է. երբ տեսնում եմ աշխատող մարմին։ Դուք քիչ-քիչ համոզվում եք, որ մենք աշխատող մարմին ենք։
– Ինչպիսի վերաբերմունք եւ հարաբերություններ կան մարտի 30-ին գրանցված ՍԴՀԿ-ի հետ։
– Ճիշտն ասած, չեմ էլ հետաքրքրվել, թե ինչպես է գրանցված։ Այստեղ մի խնդիր կա՝ հնչակյան կուսակցության պատվի եւ հետագա գործունեության խնդիրը։ Եթե նրանք լավ աշխատեն, հնչակյան ոգին մտցնեն մեր ժողովրդի մեջ, հնչակյան գործելակերպը՝ կառավարությունում, ապա ես միայն կողջունեմ։
– ՍԴՀԿ կենտրոնական վարիչ մարմնի փոխատենապետ Վազգեն Կասեմջյանը պաշտպանում է ձեր հակառակորդ թեւին։ Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները կենտրոնական վարիչ մարմնի եւ նրա ատենապետ Վահրիճ Ջերեջյանի հետ։
– Այդ անունով փոխնախագահ ես չեմ ճանաչում։ Նա այնքանով է փոխատենապետ, որքան ես՝ Հռոմի Պապ։ Ինքս հանդիսանում եմ կենտրոնական վարչության անդամ եւ մեր հարաբերությունները բարիդրացիական են։
– Քաղաքական նոր իրավիճակում, դաշտի ո՞ր հատվածում եք պատկերացնում ձեր գործունեությունը։
– Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք «Հանրապետություն» բլոկից դուրս գալով, այս ընտրություններին որեւէ բլոկի չմիանալով, թեեւ ակտիվ բանակցություններ էին ընթանում։ Մեր դիրքորոշումը եղել է՝ մնալ ինքնուրույն։ Խորհրդարանական կուսակցություն լինելը գերնպատակ չէ։ Մեր քննարկումներից մեկի ժամանակ ընկերներիցս մեկն ասաց՝ ոչ թե խորհրդարանն էր ձեզ գեղեցկացնում, այլ դուք էիք խորհրդարանը գեղեցկացնում։ Ներկայումս քաղաքական դաշտը զգալիորեն բարելավվել է։ Վազգեն Մանուկյանից հետո, երկրորդ անգամ վարչապետ դարձավ քաղաքական ուժի լիդերը, իր վրա վերցնելով ողջ պատասխանատվությունը։ Խորհրդարանում հանձնաժողովի նախագահներ ընտրվեցին ԱԺՄ-ի, ՀԿԿ-ի, ՀՅԴ-ի անդամներ։ Կառավարությունը եւս բազմակուսակցական է, նույնիսկ 5% չհաղթահարած «Արժանապատիվ ապագայի» ներկայացուցիչ կա։ Իսկ մենք դեռեւս կես տարի առաջ էինք դիմել վարչապետին՝ մեր պատրաստակամությունը հայտնելով մասնակցել գործադիր իշխանության աշխատանքներին։ Մենք կառավարություն ենք ուղարկել 20 պրոֆեսիոնալներ ընդգրկող մի ցուցակ։
– Կարծում եմ, Վազգեն Սարգսյանը հավուր պատշաճի կգնահատի ՍԴՀԿ-ի պոտենցիալը։
– Այս նոր նշանակումները ցույց տվեցին, որ նոր վարչապետը նախագահի հետ համագործակցելով, ավելի լայն քաղաքական ուժեր է ներգրավում կառավարության մեջ։ Ես նախորդ վարչապետից չեմ նեղանում, քանի որ նա ուղղակի չհասցրեց, իսկ Վազգեն Սարգսյանի առջեւ մեծ ժամանակ կա, իսկ մեր պոտենցիալը պետականության հզորացման մեջ չօգտագործելն առնվազն սխալ կլիներ։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ