Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հմուտ դերձակներ

Հունիս 18,1999 00:00
derzak

Փառք Աստծո, նորընտիր խորհրդարան ունենք, նորանշանակ կառավարություն ունենք։ Հիմա ի՞նչ է պակասում՝ ճիշտ է, կառավարության գործունեության ծրագիր։ Այ, այդ ծրագիրն էլ կառավարությունն այսօր կներկայացնի Ազգային ժողովին։

Ներկայացնելը՝ կներկայացնի, բայց դե ծրագիր է պետք։ Ծրագիրն էլ, ասում են, կա, բայց սա էլ նախկին կառավարության կազմած ծրագիրն է, նորն էլ կազմելու համար ախր նախարարներն են շատ նոր։ Ընդամենը 2 օրական նախարար, դե արի ու ծրագիր ներկայացրու։ Չէ, մի մտահոգվեք, դրա լուծումն էլ կա։ Ներկայիս կառավարությունը վերցնում է նախորդ կառավարության պատրաստի ծրագիրը՝ շա՜տ մասնակի փոփոխության ենթարկում, հարմարեցնում «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրին ու ինչպես ասում են «пошло-поехало»։ Նշանակման առաջին իսկ պահից, ասում են, նախարարները (նաեւ կառավարության ողջ անձնակազմը) զբաղված են այդ ծրագրի հարմարեցման գործընթացով։ Յուրաքանչյուր նախարար պետք է հասցներ երեկ մինչեւ երեկո վարչապետին ներկայացնել ոչ միայն իր կողմից ղեկավարվող համակարգի վերաբերյալ մեկնաբանությունները, այլեւ պատգամավորների կողմից տրվելիք ենթադրվող հարցերն ու պատասխանները։

Թեպետ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, վարչապետն ասել էր, թե ինքը շատ ընդհանուր է խոսելու, պարզապես մի բան պետք է ձեռքի տակ ունենա։ Դե, հիմա պատկերացրեք, ինչպիսի իրավիճակ է. վարչապետի առաջին կարգադրությունն է, ու մի կողմից՝ նախարարներն են ամեն գնով փորձում «խորագույնս» (վարչապետի բառն է) կատարել վարչապետի հրամանը, մյուս կողմից՝ յուրաքանչյուր նախարարության փոխնախարար ու վարչության պետ՝ տվյալ նախարարի առաջին հրահանգը։ Այստեղ կարեւորը ոչ այնքան կառավարության գործունեության ծրագրի արդյունավետությունն է, որքան շեֆի աչքին խելոքի տպավորություն թողնելը։ Դե, հասկանալի է, նոր նախարար է նշանակվել եւ ՀՀ ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր նոր նախարար իր գործունեությունը սկսում է փոխնախարարներին ու վարչության պետերին «վաստակած հանգստի» ուղարկելու «վեհ առաքելությամբ» եւ նորերի նշանակմամբ։ Այլ հարց է, թե դրանից բացի նա հասցնո՞ւմ է արդյոք իր կարճաժամկետ պաշտոնավարության ընթացքում այլ աշխատանք կատարել։ Ահա, «վաստակած հանգստի ուղարկվելու» ահն է, որ յուրաքանչյուր նախարարության չինովնիկի այսօր ստիպել է աշխատել մեղվի պես։ Ու ասում եմ. բախտը բերել է այն չինովնիկի, ով ընդգրկվել է կառավարության գործունեության ծրագիրը հարմարեցնող «հանձնաժողովում»։

Թե կառավարության գործունեության ծրագիրն ինչպիսին է, կերեւա արդեն այսօր, իսկ թե քանի ճարպիկ չինովնիկի բախտն իսկապես կբերի՝ պետք է դեռ մի փոքր էլ սպասել։ Որքան էլ «հմուտ դերձակները» ձեւեն ու կարեն նոր «զգեստը», բոլորս էլ հիշում ենք հայտնի հեքիաթի հերոսին, որը հայտնվեց ու ասաց. «Արքան մերկ է»։

Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930