Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ՝ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՁԵՌԱՄԲ

Հունիս 18,1999 00:00
Suren Abrahamyan

Հունիսի 17-ին, երեւանցիների կողմից Շրջանային կոչվող հատվածում, բնակարանամուտ տոնելու առիթ ունեցավ մի քանի տասնյակ ընտանիք, որոնց բնակարանների բանալիները հանձնեց ընդհուպ մինչեւ վերջին օրերը՝ քաղաքապետ, իսկ վերջին օրերին՝ ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանը։ Երբ նա դուրս եկավ շենքից, «Առավոտը» նրան ուղղեց երկու հարց.

-Ի՞նչ է, այլեւս ներքին գործոց նախարարությունն է զբաղվում շենքերի ու բնակարանների հանձնման գործով։

-Ի՞նչ վատ կլինի որ։ Եթե ներքին գործոց նախարարությունը նաեւ այդ առաքելությունը ստանձնի, իմ կարծիքով, վատ չի լինի, նույնիսկ շատ լավ կլինի։ Թող նորանոր շենքեր հանձնվեն, թող մարդիկ նոր բնակարաններ ստանան։

-Իսկ ո՞ւմ կցանկանայիք տեսնել քաղաքապետի պաշտոնում՝ ձեզ փոխարինողի դերում։

-Մի քիչ բարդ հարց է, դա իմ կոմպետենցիայի խնդիր չէ։ Ես կարող եմ հուշել, խնդրել, բացատրել, համոզել, բայց վերջնական որոշում ընդունելու իրավասությունը վերապահված է հանրապետության վարչապետին ու նախագահին։ Ես տակտով, դաստիարակված մարդ եմ։ Կաշխատեմ պարզապես իրենց համոզել իմ թեկնածուի հարցում։ Եթե դա տեղի ունենա, ապա իմ դեմքի արտահայտությունից դուք կհասկանաք՝ քաղաքապետն իմ սրտով է, թե՝ ոչ։

Այն էլ ասենք, որ Սուրեն Աբրահամյանը բժշկական համալսարանից մինչեւ ՆԳ նախարարություն քայլեց առանց թիկնազորի։ Ճանապարհին նրան փաթաթվեցին մի քանի կին (խոսքը՝ տատիկների մասին է) ու շնորհավորեցին նոր աշխատանքի անցնելու առիթով։ Այն էլ ասենք, որ Սուրեն Աբրահամյանը սաստեց մի քանի ոստիկանի, երբ նրանք փորձեցին դադարեցնել Նալբանդյան փողոցի երթեւեկությունը, որպեսզի նորանշանակ նախարարն անարգել փողոցն անցնելու հնարավորություն ունենա։ Նախարարը հանդիմանեց, որ այդպիսով իր նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունք կարող է ձեւավորվել։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930