Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք ենք, Եվրոպան

Հունիս 18,1999 00:00
london

Մենք ենք, Եվրոպան Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայության հարեւանությամբ գտնվող Էլիզաբեթ երկրորդ թագուհու անվան կոնֆերանսների կենտրոնում տեղի ունեցող ԱՀԿ եվրոպական գրասենյակում կազմակերպված Առողջապահության եւ բնապահպանության նախարարների երրորդ կոնֆերանսը հունիսի 17-ին սկսվեց «Շրջակա միջավայրին եւ առողջապահությանն առնչվող տնտեսագիտական հեռանկարները» թեմայի ներկայացմամբ։ «Տնտեսագիտական հեռանկարների» նիստը նախագահող Ֆրանսիայի բնապահպանության նախարարի այն հայտարարությունը, որ ինքն անընդհատ կախման մեջ է ֆինանսների նախարարից եւ ամեն անգամ ստիպված է նրանից «փող խնդրել», այնքան հասկանալի եւ համընդհանուր թվաց։ Ինչպես ասում են՝ «մի տնով չենք, մի հալով ենք»։ Հետագա ելույթ ունեցողները նշեցին բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման անհրաժեշտությունը։

Այս նիստի շրջանակներում ելույթ ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը՝ կոնֆերանսի երկրորդ օրը առայժմ միակ ելույթ ունեցողը ԱՊՀ երկրներից։ Պրն նախարարը ելույթների համար նախատեսված չորս րոպեում ներկայացրեց անցումային շրջանի երկրի բնապահպանական եւ առողջապահական տնտեսագիտությունների փոխկապակցվածության հարցերը։ Հայաստանի համար կարեւորվեցին առողջապահության բյուջեի կառուցվածքի, սանիտարահիգիենիկ, առաջնային բուժօգնության, բնապահպանական հարկերի համակարգերի, բնապահպանական բժիշկ մասնագիտության ներմուծումը։

Մեր նախարարի ելույթը հետագայում իր հակիրճությամբ, հագեցվածությամբ եւ դյուրընկալելիությամբ առանձնացրին Շվեդիայի առողջապահության նախարարը, ՀԲ-ի բնապահպանական ծրագրերի ղեկավարը, Ֆրանսիայի բժշկական ապահովագրության պետական գործակալության տնօրենը։ Ինչպես եւ կարգն էր, նիստից անմիջապես հետո նախագահողները մամլո ասուլիս տվեցին Էլիզաբեթ երկրորդի կոնֆերանսների կենտրոնի մամլո սրահում։ Երկրորդ օրվա օրակարգում էին «Առողջապահության շրջակա միջավայրի եւ անվտանգության մենեջմենթ», «Շրջակա միջավայրի եւ առողջապահության հարցերում ազգային մասնակցությունը, արդարությունը, տեղեկատվության մատչելիությունը», «Երեխաների առողջությունը եւ շրջակա միջավայրը», «Ջուրը եւ առողջապահությունը» հարցերը։ Վերջին թեմայի շուրջ ստորագրվեց «Սահմանային ջրերի եւ միջազգային ջրային ավազանների օգտագործումը» արձանագրությունը։

Ի դեպ, Ադրբեջանի ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում միջազգային հանրությանը ներկայացնելու իրենց 20% տարածքների կորուստը։ Այս անգամ այդ նպատակին մեր հարեւանները ծառայեցրին «Երկրագնդի կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդու առողջության վրա» թեմայի շուրջ քննարկումը։

Աշխատանքները կշարունակվեն եւ կավարտվեն հունիսի 18-ին։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ,

«Առավոտի» թղթակից,

Լոնդոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930