Երեկ նորանշանակ գործադիր մարմինը թափ վերցրեց ու գումարված կառավարության անդրանիկ նիստն ընթացավ եզակիորեն համերաշխ ու բարի մթնոլորտում։
«Հզոր թիմ է»՝ ասին նախագահն ու վարչապետը։
«Կարծում եմ կառավարությունում այսօր հավաքվել են լավագույնները։ Կառավարությունն իմ սրտովն է։
Եթե երբեւէ վեճեր-բաներ եղել են՝ մոռանում ենք, ու նոր էջ ենք բացում։ Նախարարներն ի՜նչ լավ բան ձեռնարկեն, թիկունքներին կանգնած եմ։ Մամուլում հրապարակում են, թե ռազմական ուժերն եկան։ Ասեմ, որ այստեղ ռազմականից լինելու է միայն ու բացառապես պատասխանատվությունը, մնացյալը լինելու է ստեղծագործական աշխատանք։ Առաջին գնահատականներն էլ ես եմ տալու ու այն էլ՝ բարձրաձայն»։ Ասաց վարչապետը։
Կարդացեք նաև
Իսկ մյուսնե՞րը։
Նրանք խոսեցին ընդմիջմանը։
Ես չեմ ուզում դառնալ սուպեր նախարար, ես չեմ ուզում դառնալ սուպեր քաղաքապետ
ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյան
-Ինչո՞վ եք բացատրում ՆԳ եւ ԱԱ նախարարության կառուցվածքային փոփոխությունը։
-Արդեն իսկ ձեւավորվել էր հասարակական կարծիք ասեմ, թե պահանջարկ, որը համահունչ էր նաեւ որոշ քաղաքական ուժերի պահանջին։
-Նախարարությունը նախկինում մեկ միասնական մարմին էր, տարանջատումից հետո ինչ-ինչ պրոբլեմներ, անշուշտ, կառաջանան, ինչպե՞ս եք համագործակցելու Սերժ Սարգսյանի հետ։
-Առաջին հերթին, ես ուրախ եմ, որ այս պահին ԱԱ նախարարը Սերժ Սարգսյանն է, էստեղ նաեւ անձնական հարաբերություններն էլ նշանակություն կունենան եւ կարեւորելով պետական շահը՝ համատեղ առաջ կշարժվենք։
-Ի՞նչ է՝ դուրս է գալիս, ունենում ենք երեք սուպեր նախարա՞ր։
-Էլ սուպեր նախարար չկա. էդ հասկացողությունը վերացավ։ Սուպեր նախարար էր պաշտպանության նախարարը՝ իր անձով, իր կերպարով. նա արդեն հանրապետության վարչապետն է։ Սուպեր նախարար էր Սերժ Սարգսյանը՝ էս երկու կառույցների միասին լինելու պարագայում։ Այսօր այդ կառույցը տարանջատվել է երկու սովորական ուժային նախարարությունների։
-Նախորդ մեր հարցազրույցում, որն, ի դեպ, հայտնի պատճառներով չտպագրվեց, իմ այն հարցին, թե սուպեր նախարա՞րն է լավ, թե՞ սուպեր քաղաքապետը, դուք ասացիք՝ քաղաքապետը. ինչպե՞ս եք այսօր փոխակերպվելու։
-Միշտ էլ լավ քաղաքապետ դառնալու ցանկություն եմ ունեցել։ Անկեղծ ասած՝ ցավով եմ էդ պաշտոնը թողնում. բավականին երկար ժամանակ ներքին խռովք էի ապրո՜ւմ…
-Է՛, բանաստեղծություն գրեիք, մեկ է՝ գրում եք։
-Ես քեզ ասել ու ասում եմ՝ ես բանաստեղծություն չե՛մ գրում… Ես Երեւանին նոր աչքերո՜վ էի նայում, ու նրան կրկնակի, եռակի սիրով սիրեցի, հետո ոնց որ էդ սերը ստացվում էր. քաղաքը օրեցօր գեղեցկանում էր, ժողովուրդն ինձ ու քաղաքին թիկունք էր կանգնում, միգուցե իսկապես ամեն բան այլ էր, համենայնդեպս ցավով եմ բաժանվում։
-Երեւում է հրապուրվող մարդ եք. էդպես բաժանվում էիք նաեւ Սյունիքից։
-Հա՛, ես նվիրվող եմ, հենց էնպես ոչինչ չեմ անում. ամեն ինչի մեջ հոգի ու սիրտ եմ դնում։
-Գրող չե՛ք, քաղաքապե՛տ էիք ու արդեն ՆԳ նախարար եք։ Ինչ-որ հեռավոր «նմանություն» եմ տեսնում։
-Ի սեր Աստծո, մինչեւ Վանո Սիրադեղյանն էլ ես ՆԳ համակարգում եմ եղել… Մի՛ փնտրիր։ Հետաքրքիր բան չկա։ Հետաքրքիրը Երեւանն է, գեղեցիկը Երեւա՜նն է…
«Վեճեր-բաներ»… նոր էջ ենք բացում»
Էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյան
-Դուք այսօր շատ յուրօրինակ կարգավիճակում եք, ինչպե՞ս եք զգում ձեզ այդ կարգավիճակում։
-Փիլիսոփայորեն եմ նայում խնդրին, որովհետեւ կարգավիճակը չէ, որ «մարդուն գեղեցկացնում» է։ Սիրո՛ւմ եմ նորը, ամեն ինչ սկզբից սկսելը։ Ուրախ եմ, որ այդ հնարավորությունը կրկին ինձ ընձեռվեց։
-Բազմաթիվ գնահատականներ տրվեցին ձեր կառավարության գործունեությանը. ինչպե՞ս եք վերաբերվում այդ գնահատականներին, դարձյա՞լ փիլիսոփայորեն։
-Ո՛չ։ Ավելի լուրջ։ Լուրջ գնահատականը դեռ առջեւում է։ Ինչ վերաբերում է մամուլում հնչածներին, համենայնդեպս, այս կառավարությանը ոչ ոք չմեղադրեց սխալ կուրսի, եթե ավելի կոշտ ասեմ՝ նաեւ թալանի եւ այլնի մեջ։
-Շատերին, այդ թվում եւ ինձ, թվում էր, թե դուք «խաղից» ընդհանրապես դուրս կգաք, կպնդացնեք ձեր կուսակցությունը եւ նորից կվերադառնաք։
-Ես, իսկապես, անդամագրվել եմ «Արժանապատիվ ապագա» կուսակցությանը։
-Որպես շարքային անդա՞մ։
-Դեռեւս այո, առայժմ պատրաստվում ենք մեր առաջիկա համագումարին, ուր կներկայացվի կուսակցության ծրագիրն ու կընտրվեն ղեկավար մարմինները։ Իսկ ընդհանրապես ես համարում եմ, որ ցանկացած նախարար պետք է քաղաքականության կենտրոնում լինի։
-Որպես իրավանախորդ ո՞ւմ էիք տեսնում ձեզ իրավահաջորդ, հատկապես Վազգեն Սարգսյանին տեսե՞լ եք այդ պաշտոնում։
-Հատկապես տեսնում էի հենց իրեն, եւ ուրիշ ոչ ոքի… Որ անկեղծ ասեմ՝ պատրաստ չէի զիջելու ոչ ոքի (ծիծաղում է)։
Հին ընկերները դավաճանո՞ւմ են
Վարչապետի խորհրդական Լեւոն Մկրտչյան
-Ըստ մամուլում հրապարակվածի՝ դուք նախագահին խնդրել էիք մինչեւ ընդունելության քննությունների ավարտը ձեզ պաշտոնանկ չանել։
-Ձեր ասածը, փաստորեն, «Օրագրում» տպագրված մի ոչ հավաստի լուրի արդյունք է։ Եվ իմ թերությունն այն էր, որ անմիջապես չհերքեցի այդ լուրը։ Բնավորությունիցս ելնելով՝ երբեք ոչինչ չեմ խնդրում։ Հարմար կգտնեն՝ կաշխատեմ։ Իսկ այսօր, պարզապես, ստանձնել եմ այլ պաշտոն։
-Դա յուրօրինակ քաղաքական աքսոր չէ՞։
-Ո՜չ։ Քաղաքական աքսոր էր կրթության բնագավառ տեղափոխելը։
«Հրամանատա՛ր, Աստված պահի քո զավակին այնպես, ինչպես դո՛ւ ես պահպանում իմ զավակին»
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան
-Շատերիս, այդ թվում եւ լրագրողական աշխարհի համար անսպասելի էր ձեր նշանակումը, իսկ ձե՞զ համար։
-Ինձ համար էլ էր փոքր-ինչ անսպասելի։ Դե, ես զինվոր եմ…
-Դուրս եկավ, որ զինվորները շատացան։
-Չէ՛, իմ դեպքում՝ իսկապես զինվոր եմ։
-Պաշտոնը, որն այսօր դուք ստանձնել եք, ձեզնից առաջ ունեցել է բավականին կամային եւ ուժեղ տեր. ինչպե՞ս եք պատկերացնում ձեր ապագա գործունեությունը. ի՜նչ պիտի անեք, որ կարողանաք նոր իմիջ ձեռք բերել։
-Նախարարության իմիջը անձով չի պայմանավորված, այլ նրա առջեւ դրված եւ լուծված խնդիրներով է պայմանավորված։ Կոնկրետ դեպքում նախարարության իմիջը հանգում է միայն ու միայն բանակի մարտական պատրաստվածության բարձրացմանը։
-Ո՞րն է, ըստ ձեզ, բանակի ամենացավոտ խնդիրը։
-Նախ ասեմ, որ բանակի առաջնային խնդիրն այսօր որակական տեղաշարժերն են, ինչի հետ էլ կապված են նաեւ ցավոտ խնդիրների լուծումը։ Եթե կարողացանք բարձրացնել եւ պահպանել բանակի մարտական պատրաստվածությունը, ածանցյալ եւ ցավոտ խնդիրներն էլ հընթացս կկարգավորվեն։
Հների մեջ նոր ու ջահել կամ պարտատերը գանգատ գնաց
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան
-Դուք մեկն եք, որ հներից մնացիք, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ։
-Չգիտեմ. իրենց պիտի հարցնենք։
-Իսկ ի՞նչ եք կարծում «Օրագիրը» ե՞րբ կբացվի։
-«Օրագիրը» չի փակված, բայց միաժամանակ հաշվի վրա արգելանք է դրված, եւ երբ դատարանի վճիռը ի կատար ածվի, արգելանքը կհանվի։
-Կան նաեւ այլ դեպքեր, երբ թերթերից վնասի փոխհատուցում են պահանջում, բայց հարկադիր ծառայությունը չի միջամտում։
-Միայն մեկ հանգամանքում է հարկադիր ծառայությունը գործում, երբ նրան որեւէ մեկը դիմում է, ասել կուզեի՝ պարտատերը։ Այս դեպքում դիմել էին։
Հին ընկերները չե՜ն դավաճանում
Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ռոլանդ Շառոյան
-Դուք եւ Վազգեն Սարգսյանը հին գարունականներ եք. դո՞ւք ինչքան եք փոխվել, նա՝ ինչքան։
-Ոչ ես, ոչ էլ ինքը չենք փոխվել։ Հավատացնում եմ ձեզ, որ Վազգեն Սարգսյանի հոգեւոր աշխարհը չի փոխվել։ Պաշտոնները որեւէ կապ չեն ունեցել այդ աշխարհի հետ։
-Իսկ որ դուք տարբեր կուսակցություններում եք։
-Դա նշանակություն չունի, երկուսս էլ հայի տեսակ ենք։
Նյութը պատրաստեց
ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆԸ