Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԱՌԱՅԺՄ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՎԱՅԵԼԵԼ ԻՄ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

Հունիս 17,1999 00:00

Ասում է ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը

-Տիկին Հակոբյան, նորաթուխ այս խորհրդարանում, ըստ որոշ տեսակետների, հարմար էր, որ դուք ընդգրկվեիք սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում։ Հավանաբար, նկատի էր առնվում ձեր նախորդ աշխատանքը որպես սոցապ նախարար, սակայն դուք այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ եք։

-Ես չորրորդ անգամ եմ ԱԺ-ում եւ երեք անգամ զբաղվել եմ սոցիալական խնդիրներով։ Մարդ հոգնում է նույն աշխատանքը կատարելով։ Այդ պատճառով ես ուզեցի նոր բնագավառի մեջ խորանալ, սակայն չի նշանակում, որ սա սոցիալական խնդիրների հետ չի առնչվում։ Ես գտնում եմ, որ սոցիալական բնագավառում իմ ունեցած գիտելիքները օգտակար կլինեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Բացի այդ, որպես իրավաբան, ես այժմ զբաղվում եմ միջազգային իրավունքի սոցիալական խնդիրներով։ Ունենալով միջազգային շատ կապեր, գտնում եմ, որ դրանք կարելի է օգտագործել հօգուտ մեր հանրապետության։ Նպատակս է՝ հնարավորինս օգտակար լինել, ապրած, անցկացրած յուրաքանչյուր օր արդյունավետ աշխատել։ Արդեն 2-րդ օրենսդրական նախաձեռնությունն եմ ներկայացրել ԱԺ նախագահին։

-Քանի որ դուք չորս տարբեր խորհրդարաններում աշխատելու փորձ ունեք, ձեր կարծիքը վերջին խորհրդարանի մասին։

-Չէի ուզենա վատ արտահայտվել, որովհետեւ 51-ն արդեն եղել են պատգամավոր եւ խորհրդարանական աշխատանքի փորձ ունեն։ Դա նշանակում է, որ խորհրդարանի մոտ 35-40%-ը խորհրդարանական աշխատանքի փորձ ունի։ Եթե նկատի ունեք քաղաքական կողմը, ապա բավականին լուրջ ուժեր են եկել խորհրդարան։ Խորհրդարանում կա նաեւ կառուցողական ընդդիմություն։ Խորհրդարանում ձեւավորվեց հետաքրքիր խումբ, որը անկախների խումբ է։ Կարծում եմ, որ այնտեղ էլ հիմնականում գործարարներ են, կան նաեւ մի քանի պատահականություններ, որը երեւի նույնպես օրինաչափ է։ Ես կարծում եմ, որ նրանք նպատակ ունեն զբաղվել հարկային քաղաքականությամբ, գործարար աշխարհի լոբբինգով։ Ուզում եմ հավատալ, որ խորհրդարանի այս խճանկարը պետք է ավելի դրական արդյունք տա։

-Այս խորհրդարանը գեղեցիկ սեռի դեֆիցիտ ունի։ Այս հանգամանքը ինչ-որ կերպ կանդրադառնա՞ խորհրդարանական աշխատանքների վրա։

-Եթե նայենք պատմությանը, ապա առաջին խորհրդարանում էլ 1918-20 թթ. եղել է չորս կին պատգամավոր։ 90-95 թթ. նույնպես խորհրդարանում կանայք կազմում էին երեք տոկոս, հիմա էլ ենք երեք տոկոս։ Եթե գնահատենք, ապա 90-95 թթ. խորհրդարանը, կարծում եմ, բավականին լավ խորհրդարան էր եւ կանանց դերն ու տեղը կար։ Կանայք կարող են շատ լինել եւ ոչինչ չանել, կարող են քիչ լինել եւ շատ բան անել։ Մյուս կին թեկնածուները տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են եւ իրենց կուսակցությունների գիծը պետք է առաջ տանեն։ Միակը ես եմ, որին ժողովուրդն է ընտրել եւ ոչ թե կուսակցությունը եւ ես չեմ գտնում, որ օրենքները գրելիս պետք է տարբերել կանանց ու տղամարդկանց։ Պետք չէ սեռային տարանջատում մտցնել։

-Դուք ընտրվեցիք որպես անկախ պատգամավոր, որեւէ կուսակցության կամ դաշինքի համակիր չէիք, համամասնական որեւէ ցուցակում չկայիք։ Խորհրդարանում դուք ի թիվս այլոց աշխատում եք Կարեն Դեմիրճյանի հետ, որի հետ աշխատել եք նաեւ որպես ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար։ Այսինքն Կարեն Դեմիրճյանը մեծերի կուսակցական առաջնորդ էր, դուք՝ երիտասարդների։ Կուսակցական ընդհանուր անցյալը դեր չի՞ խաղա, որ դուք կրկին Դեմիրճյանի կողքին լինեք։

-Եթե հիշում եք, հենց ձեզ տրված հարցազրույցում ապրիլի 7-ին անդրադարձանք հարցին, եւ ես այն ժամանակ էլ պատասխանեցի, որ Կարեն Դեմիրճյանը եղել է իմ ղեկավարը, ես միշտ նրա մեջ տեսել եմ լուրջ, խելացի, հասուն մարդ, առավել եւս, որ հիմա ժողվուրդն է նրան հավատում։ Ես երբեք չեմ փոխել իմ կարծիքը Կարեն Սերոբիչի մասին։ Բայց այստեղ մի խնդիր է առաջացել, թե ես ինչու չեմ անդամակցում ՀԺԿ-ին։ Ես ասել եմ, ասում եմ եւ կշարունակեմ ասել. քանի դեռ քաղաքական դաշտը վերջնականապես չի հստակեցվել, որեւէ կուսակցության անդամ չեմ ուզում լինել։ Եթե այս ամենը ձեւավորվի, կարծում եմ, պատգամավորի համար օդի եւ ջրի պես անհրաժեշտ է կուսակցական լինելը, բայց առայժմ ես ուզում եմ շարունակել վայելել իմ անկախությունը։ Գտնում եմ, որ այսօր ժողովուրդն ավելի շատ հավատում է անհատներին։ Ժողովուրդը գնաց Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հետեւից եւ ոչ թե ՀԺԿ-ի կամ ՀՀԿ-ի։ Ես միայն մեկ կուսակցության անդամ եմ եղել եւ դրանից հետո ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել եւ կուզեմ չշտապել այս հարցում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930