Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 17,1999 00:00
Armen Ter-Sahakyan

Վերջերս ՀՀ Վճռաբեկ դատարանում իր աշխատանքները սկսեց Նոր Նորք եւ Ավան համայնքների առաջին ատյանի դատարանը (նախագահող՝ Պողոսյան) «Արմեն Տեր-Սահակյան եւ մյուսներ» գործի դատաքննությամբ։ Տրամաբանության տեսակետից բնականաբար կարող է հարց առաջանալ, թե ինչու ոչ թե համայնքի դատարանում, այլ ոչ ավելի, ոչ պակաս՝ ՀՀ Վճռաբեկ դատարանում սկսվեց այդ դատավարությունը։ Բայց չի ծագում այդ հարցը, քանի որ մեղադրողների տրամաբանությունն այս գործով առանձնահատուկ է։ Երբ ամբաստանյալ Շուխյանը պատմում էր ավազակային հարձակումների մասին, խոսեց խափանված հարձակումների մասին եւս։ Ըստ ամբաստանյալի, մի գեղեցիկ օր (չի հիշում՝ երբ) ինքը, Սուրեն Հարությունյանը, Կամո Նուրիբեկյանը, Ալիկ Գրիգորյանը հարձակում կատարեցին մի մեքենայի վրա եւ «վերցրեցին տիրոջը»։ Սակայն հետագայում պարզվեց, որ այդ մեքենան փորձ էին արել կանգնեցնել Աշտարակի ՆԳ բաժնի աշխատակիցները։ Վարորդը չէր ենթարկվել, Շուխյանն իր ընկերներով նրան հետապնդել էր եւ հանձնել աշտարակցիներին։ Ո՞ր տրամաբանությամբ այդ արարքը որակվեց ավազակային հարձակում՝ հայտնի չէ։ Կողմերին հայտնի էր ավելին, քան ասվեց, բայց ինչո՞ւ տարիներ անց սա որակվեց բանդիտիզմ, այլ ոչ թե առանձին անձանց կամ խմբի կողմից հակաօրինական գործողություններ՝ հասու է միայն մեղադրողների տրամաբանությանը։ Իսկ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի դրվագով, ըստ Շուխյանի՝ հարձակումից հետո Ապարանի մայրուղու վրա նրանց հետապնդեցին Սպիտակի ՆԳ բաժնի աշխատակիցները եւ ուղեկցեցին բաժին։ Հաջորդ օրը զեկուցվում է ՆԳ նախարարին, որ Տեր-Սահակյանի խմբի տղաները կատարել են ավազակային հարձակում։ Այս ամենից հետո սկսվում է կատարյալ աբստրակցիոնիզմը։ ՆԳ նախարարը 1700 ԱՄՆ դոլար է տալիս Արմեն Տեր-Սահակյանին, որ նա փոխանցի զեկուցողին։ Մեղադրողների տրամաբանությամբ՝ կաշառքը տրվում է վերից վար։ Եթե սա ընկալվի որպես աբսուրդ՝ ոչինչ, քանզի սա դարձյալ մեղադրողների տրամաբանությունն է։ Հասարակությանը մնում է անվերապահ ընդունել այդ տրամաբանությունը։ Նույն տրամաբանությունն իր գագաթնակետին է հասնում Ղանդիլյանի դրվագով։ 1993 թ. գարնանային մի օր Բաղրամյան պողոտայում պատահական զուգադիպությամբ մի հանդիպման ժամանակ ծնվում է Ղանդիլյանի սպանության միտքը, եւ Շուխյանը ստանում է գլխավոր հանձնարարությունը. այն է՝ պարզել Ղանդիլյանի բնակության եւ աշխատանքի վայրերը։ Մի փոքրիկ վրիպում, եւ վրիպումը շտկվում է ներկա գտնվող մեղադրողների ջանքերով. պետք է պարզել ոչ թե աշխատանքի վայրը, այլ աշխատանքային ռեժիմի հանգամանքը։ Մեղադրող կողմը հարցրեց. «Դուք ճշտեցի՞ք՝ երբ է նա գործի գնում-գալիս»։ Ակնհայտորեն ուրախացած իրեն ընդառաջ եկած օգնությունից՝ Շուխյանն արագորեն ընդունեց այն։ Ընդհանրապես ամբաստանյալ Շուխյանը ամեն քայլափոխում զգում էր մեղադրող կողմի աջակցությունը։ Այսպես, երբ նա պատմում էր հարձակումներից մեկի մասին, մեղադրողը հարցրեց. «Բա քսան լիտր բենզին չտարա՞ք»։ Եվ իսկույն Շուխյանը հիշեց, որ մեքենայում բենզին չկար եւ ստիպված եղան բենզինը լցնել թալանված մեքենայից։ Մի խոսքով, դատավարության նյութերով կարելի է ստեղծել հակատրամաբանության իրական մի ձեռնարկ, որը բացարձակապես ոչ մի կապ չի ունենա իրականության տրամաբանության հետ։

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ,

իրավաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930