Հարցազրույց Դավիթ Շահնազարյանի հետ
-Պարոն Շահնազարյան, ընտրությունները բոյկոտած քաղաքական ուժերն, ըստ էության, համախմբվել են եւ միասնաբար, բայց ձեր կուսակցության կոչով, սկսել քաղաքական գործողություններ, մասնավորապես՝ հունիսի 18-ին հրավիրելով հանրահավաք։ Ի՞նչ ունեք ասելու։
-Որոշ քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, ԱԺ նախկին պատգամավորներ հենց սկզբից հայտարարեցին, որ բոյկոտում են խորհրդարանական ընտրությունները։ Պատճառների մասին շատ է խոսվել. սկսած ընտրական օրենսգրքի բացակայությունից, մինչեւ այն ամբողջ գործընթացները, որոնք մի քանի փուլով տեղի ունեցան ընտրությունների ժամանակ։ Ընտրական օրենսգիրքը առաջին փուլն էր, որը չի ընդունվել եւ իրավական առումով գոյություն չունի։ Երկրորդը՝ քաղաքական դաշտը շուրջ մեկուկես տարվա ընթացքում ոչ միայն հիմնովին այլասերվել էր, այլեւ վերաձեւվեց ներկայումս իշխողների կողմից արհեստական կուսակցությունների ստեղծմամբ։ Հաջորդ փուլը ստորագրահավաքն էր։ Այն անցավ բացահայտ կեղծիքների մթնոլորտում, դրա մասին խոսեցին անգամ կեղծիքների մասնակիցները։ Չեմ ուզում առավել մանրամասն խոսել ընտրակաշառքի մասին, ինչը ներդրվեց արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ ինչն այս վերջին խորհրդարանական ընտրություն կոչված միջոցառման ժամանակ լայն տարածում գտավ։
Ըստ էության, տեղի ունեցավ հետեւյալը. մի կողմում Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ղեկավարած «Միասնություն» դաշինքն էր, իսկ մյուս կողմում՝ մնացած բոլոր կուսակցությունները՝ չնչին բացառություններով, որոնք այս կամ այն կերպ, այս կամ այն չափով կապված էին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Մեր դիտարկումներից կարելի է եզրակացնել, որ ժողովրդի կողմից ստացած ձայներով միայն «Միասնությունն» ու Կոմկուսն են հաղթահարել 5 տոկոսի շեմը։ Մյուս բոլոր կուսակցությունները, որոնք այսօր տեղ ունեն Ազգային ժողովում, նրանց, այսպես ասած, նվիրեցին այդ տոկոսները՝ այս կամ այն պատճառով։ Հիմնական կեղծիքները կազմակերպվում էին Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցների կողմից եւ որքան էլ դա ոմանց համար տարօրինակ հնչի, ուղղված էին հենց «Միասնություն» դաշինքի դեմ։ Իշխանության ներկայացուցիչները, իրար հետ ամեն հնարավորը անելով, փորձում էին բաժանել խորհրդարանի տեղերը, եւ հայտնի չէ, թե ինչով կավարտվեր այդ գործընթացը, եթե, այնուամենայնիվ, ժողովուրդն իր խոսքը չասեր։
Կարդացեք նաև
Մեր հայտարարության մեջ, ընտրություններից դեռ շատ առաջ, հայտարարել էինք, որ այս ընտրությունները չեն կարող համարվել օրինական, եւ հիմա էլ ենք ասում, որ օրինական չեն, եւ չի կարելի ասել, որ այսօր գոյություն ունի լեգիտիմ պառլամենտ։ Բայց հստակ է մեկ բան. ժողովրդի կողմից, այնուամենայնիվ, ընդունվեց Դեմիրճյան-Սարգսյան զույգն ըստ էության, եւ ձեւականորեն «Միասնություն» դաշինքը։ Որքանով է դա մեզ կամ այլ քաղաքական ուժերի հաճելի՝ կարեւոր չէ, բայց դա փաստ է։ Բացատրությունները, իհարկե, կարող են տարբեր լինել, բայց մի բանում ես համոզված եմ՝ ժողովուրդը հույս կապեց այդ զույգի հետ, միայն ու միայն այն հույսով, որ նրանք շատ արագ իշխանությունից օրինական ճանապարհով կհեռացնեն ներկայիս ոչ լեգիտիմ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Եթե ժողովուրդն իր կամքը չարտահայտեր, նորից եմ կրկնում՝ հայտնի չէ, թե ընտրություններն ինչ ավարտ կունենային։
– Իսկ ի՞նչ գնահատական ունեք խորհրդարանի գործունեության առաջին երկու օրվա վերաբերյալ։
– ԱԺ-ում տիրող վիճակն այսօր առնվազն զավեշտական է։ Դիֆերամբներ են հնչում, համերաշխության ավելի քան զարմանալի մթնոլորտ է ձեւավորված, որովհետեւ մյուս կուսակցություններն էլ, որոնք այսօր տեղ ունեն խորհրդարանում (բացի, իհարկե, Կոմկուսից եւ «Միասնությունից»), իրենք էլ հստակորեն հասկանում են, թե ինչ ճանապարհով, ինչ գործարքների արդյունքում են հայտնվել այնտեղ։ Բայց այս համերաշխությունը շատ երկար չի տեւի, այս մեղրամիսը կարճ ընթացք կունենա, որովհետեւ լուրջ անելիքներ կան։
– Իսկ որո՞նք են այդ ձեր ասած լուրջ անելիքները։
– Լուրջ անելիքներն այն են, որ այս կառավարությունը, որն այսքան մեծ ճիգերով ձեւավորվեց, հստակորեն Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի կառավարությունն է։ Սակայն նրանում տեղ է գտել, ասենք, Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, ինչը գալիս է փաստելու, որ նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր ասում՝ «Միասնությունն» իր հենարանն է։ Ես մտավախություն ունեմ, որ այս պայմաններում ընտրողները շատ շուտ կհուսախաբվեն, ցավոք՝ հերթական անգամ։ Այս կառավարության դեմ առաջին դժգոհողներից մեկը հենց Ռոբերտ Քոչարյանը կլինի։
Կարծում եմ, դա կլինի աշնանը։ Նա այսօր մի խնդիր ունի։ Մեկ տարի ձգել ժամանակը՝ իր ձեռքում հնարավորինս շատ լծակներ պահելով, եւ մեկ տարի հետո լուծարել խորհրդարանը։ Անկախ նրանից, գործընթացները որ ուղղությամբ կզարգանան, Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ հանրապետության ներքաղաքական կյանքի անկայունության աղբյուր։ Այդ աղբյուրը շատ ու շատ մեծ հզորություն ունի, քանի որ Սերժ Սարգսյանը նույնպես տեղ է գրավել կառավարությունում։ Կարծում եմ, որ Արցախի հարցի կարգավորումը եւ արտաքին քաղաքականությունն ընդհանրապես կմնան բացառապես Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության ներքո, բայց դրանից որեւէ լուրջ ակնկալիք ունենալ չի կարելի, որովհետեւ արցախյան խնդրի լուծումը ձգձգելու քաղաքականությունը, որը վարում է Ռոբերտ Քոչարյանը, ամենավտանգավորն է մեզ համար։ Հստակ է՝ ժամանակն աշխատում է ի վնաս մեզ։ Ռոբերտ Քոչարյանի նախագահի պաշտոնում մնալու յուրաքանչյուր օրն ավելի է մեծացնում վտանգն առաջին հերթին Արցախի համար։ Այն լուծումը, որ մենք կարող ենք ունենալ այսօր, չենք կարող ունենալ վաղը, եթե Ռոբերտ Քոչարյանը շարունակի մնալ նախագահ։
– Պարոն Շահնազարյան, վերջին փուլում Արցախի հարցը մի տեսակ լռության է մատնված։ Կուսակցություններն անգամ մեծ ուշադրություն չդարձրին խնդրին՝ նախընտրական փուլում։ Ինչո՞ւ այդպես պատահեց։
– Ես չեմ բացառում, որ մյուս կուսակցությունների լուռ դիրքը Արցախի հարցում իշխանությունների հետ նրանց գործարքի մի մասն է։ Անցյալ տարի քանիցս առիթ եմ ունեցել ասելու, որ առաջարկությունների վերջին փաթեթը ոչ միայն չէր տարբերվում նախորդից, այլեւ՝ որոշ իմաստով հետընթաց է։ Քոչարյանի շրջապատը այնպես է ներկայացնում, թե ընդհանուր պետության գաղափարը բովանդակող առաջարկությունների փաթեթը առաջընթաց է, սակայն դա զուտ պրոպագանդիստական նպատակներով է արվում։ Իրականությունն այդպես չէ։ վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպանը հարցազրույցներից մեկում ասել էր, թե փաթեթային-փուլային լուծումների մեջ որեւէ կարդինալ տարբերություն չկա։
Գործընթացի այս «սառեցված» վիճակը շատ վտանգավոր է հենց հայկական կողմերի համար։ Վերջին մեկ-երկու տարում արտագաղթի չափերն Արցախից աննախադեպ մեծացել են։ Իսկ Հայաստանն իր ներկայիս արտաքին քաղաքականության շնորհիվ օրեցօր ավելի մեկուսացված վիճակում է հայտնվում։ Այսօր այնպիսի կացություն է ստեղծվել, երբ շատ ավելի իրական է դարձել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ Այս քաղաքականությունը, երբ «սառեցված» են բանակցությունները, ձեռնտու է Քոչարյանին, բայց ո՛չ Արցախին, եւ ո՛չ էլ Հայաստանին։
Դժվար չէ նկատել, որ Ադրբեջանը ծրագրավորված եւ նպատակասլաց ուժեղացնում է իր բանակը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնապես է հայտարարել, որ իրենց երկիրը պատրաստ է ուժային ճանապարհով վերականգնել սեփական տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն ընդամենը մեկ ձեւ ուներ. այս ամենի դեմն առնել՝ մնալով իբրեւ տարածաշրջանային լիդեր, բայց այսօր իրավիճակը փոխվել է, տարածաշրջանի լիդերն այլեւս Վրաստանն է, եւ եթե այսօր Հայաստանը հետաքրքրում է միջազգային հանրությանը, ապա հիմնականում այն պատճառով, որ գոյություն ունի Ղարաբաղի հարց, եւ այդ նույն միջազգային հանրությունն այս պահին Հայաստանից ինչ-որ պահանջ ունի։
– Ի՞նչ վերաբերմունք ունեք ԱԺ նախագահի պաշտոնում Կարեն Դեմիրճյանի եւ վարչապետի պաշտոնում Վազգեն Սարգսյանի նկատմամբ։ Խոսքը երեւույթի մասին է…
– Կա երկու ճանապարհ։ Եթե կառավարությունը հստակորեն հասկանա, որ առանց քաղաքական առաջընթացի որեւէ տնտեսական եւ սոցիալական խնդիր չի լուծվի ու գնա այդ ճանապարհով, կարելի է ինչ-որ ակնկալիքներ ունենալ, բայց ես չեմ կարծում, որ այդպես կլինի։ Կարծում եմ, որ իշխանությունները կգնան այլ ճանապարհով, իսկ դրա հնարավորությունը մեծ է՝ էլ ավելի հզորացնել ուժային կառույցները, կատարել տնտեսության վրա ունեցած ազդեցությունների ու լծակների վերաբաշխում, չիրականացնել այն հարկային քաղաքականությունը, որն այսօր կարող է տնտեսությունն այս վիճակից հանել։ Ծրագրավորված կերպով պետք է իրականացվի հարկերի իջեցման քաղաքականությունը, որը հնարավորություն կտա ընդլայնել հարկատուների դաշտը։
Ես կարծում եմ՝ այն ճգնաժամային վիճակը, որ կա գրեթե բոլոր ոլորտներում, առաջիկայում լուրջ փոփոխություն չի կրի եւ հարցերը կշարունակեն լուծվել իշխանությունների ներսում, ինտրիգային հողի վրա։ Թե՛ Քոչարյանը, թե՛ կառավարությունը չեն փորձի հրապարակային քաղաքականություն իրականացնել։
Եթե հասարակությունը մնա պասիվ վիճակում եւ քաղաքականապես չակտիվանա, ինչը պետք է նախեւառաջ Հայաստանում օրինական իշխանություն հաստատելուն նպատակաուղղված լինի, ապա փոփոխություններն իշխանության վերեւներում կկրեն խարդավանքային բնույթ։
– Պարոն Շահնազարյան, աջ ուժերից, որի շարքերում եք նաեւ դուք, խորհրդարան է թափանցել միայն ԱԺՄ-ն։ Մտադի՞ր եք նրանց հետ համագործակցել, որպեսզի ձեր գաղափարները եւս միս ու արյուն առնեն։
– ԱԺՄ-ն վաղուց արդեն աջ ուժ չէ, եւ ընդհանրապես, վերջին մեկուկես տարվա ընթացքում մխրճվելով իշխանության բեւեռների միջեւ, կտրվել է քաղաքական իրականությունից։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ