Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի վարժապետական այցը

Հունիս 17,1999 00:00
Edvard khazaryan

«Բերեցի՞ն»: «Բերեցի՞ն»: «Բերեցի՛ն»: Առավոտից մինչեւ ժամը 15-ը անընդհատ այս հարցն էր հնչում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում (ենթադրում եմ՝ նաեւ մյուս նախարարություններում)։ Սովորաբար հարսանիքներում հնչող այս հարցն իհարկե ոչ թե հարսին, այլ, բնականաբար, նախարարին էր վերաբերվում։

Կրթության նորանշանակ նախարար Էդվարդ Ղազարյանին բերել էին ներկայացնելու նախարարության աշխատակիցներին։ Բազմաթիվ նախարարներ տեսած այս անձնակազմն իհարկե գիտի ինչպես դիմավորել հերթական նախարարին։ Ասում են, նախարարության որոշ աշխատակիցներ (հավանաբար Էդ. Ղազարյանի մտերիմներն ու նրանից ակնկալիք ունեցողները) առանձնահատուկ էին պատրաստվել։ Նախարարության երիտասարդ եւ ոչ երիտասարդ օրիորդներին թերեւս հետաքրքրում էր ոչ այնքան նոր նախարարը, որքան հանրապետության թիվ 1 փեսացու վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Բայց «խեղճերի մուրազները փորները մնաց». վերջին պահին դահլիճ մտած տղամարդիկ թիկունքով փակեցին գեղեցկուհիներին։ Վարչապետը դահլիճ մտավ նախկին եւ ներկայիս նախարարների հետ ու անմիջապես իր մտահոգությունը հայտնեց նախարարության շենքի անբարեկարգ վիճակի վերաբերյալ։ Շենքի վերանորոգման անհրաժեշտության մասին խոսելուց անմիջապես հետո վարչապետը սկսեց հուզախառն շնորհակալական ելույթ ունենալ ի պատիվ Լեւոն Մկրտչյանի։

Վարչապետից իմացանք, որ Լեւոն Մկրտչյանն իր ընկերն է, որ պաշտոնավարության շրջանում բավականաչափ աշխատանք է կատարել կրթության համակարգի բարեփոխման գործում, որ Լեւոն Մկրտչյանի նման մտավորականները պարզապես անհրաժեշտ են մեր պետության կայացման համար։ Դրա համար էլ Վազգեն Սարգսյանը խնդրել է Լեւոն Մկրտչյանին դառնալ իր խորհրդականը։

Ի դեպ, եթե նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը քաղաքական գործիչների շրջանակներում ակտիվ շրջանառության մեջ դրեց «լրջագույն» բառը, ապա ներկայիս վարչապետ Վազգեն Սարգսյանը հետ չմնալով նախորդից՝ «մոգոնեց» «խորագույն» բառը։ «Ես խորագույն հարգանք եմ տածում Լեւոն Մկրտչյանի հանդեպ»,- ասաց Վազգեն Սարգսյանը։ Լեւոն Մկրտչյանի շնորհակալության եւ շնորհավորանքի խոսքից հետո (որն, ի դեպ, յուրօրինակ հումորով ընդհատում էր վարչապետը) ելույթ ունեցավ Էդվարդ Ղազարյանը։ Ու այդտեղ վարչապետը հիշեց, որ լրագրողական կարիերայում առաջին հարցազրույցը վերցրել է Էդվարդ Ղազարյանից. «Մի շաբաթ պատրաստվում էի այդ ինտերվյուին, ոչ թե ներկայիս ժուռնալիստների նման»։ Ասեմ, որ էս շոգին-կրակին միայն վարչապետն էր վերնաշապիկով, իսկ նախկին ու ներկայիս նախարարները տաք-տաք պիջակներ էին հագել։ Բա կշոգեին, բա ի՞նչ կանեին։ Էդվարդ Ղազարյանն էլ (ոչ՝ մեկ, ոչ՝ երկու)՝ բա կրթության նախարարությունում շատ եմ կարեւորում գրագետ խոսքն ու գրագրությունը եւ ով ավելի գրագետ խոսեց՝ նա էլ կլինի նախարարի մտերիմը։

Հետաքրքիր է՝ պարոն Ղազարյանը ֆիքսե՞լ էր վարչապետի «խորագույն» բառը, թ՞ե ոչ։ Ինչեւէ, «Ես կրթության նախարարության թիկունքին կանգնած եմ»,- հայտարարեց վարչապետն ու գնաց։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930