«Օրագրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարին էր դիմել թերթին իր կանոնադրական գործունեությունը շարունակելու հնարավորություն տալու խնդրանքով։ Նախարարն էլ խորհրդակցության էր հրավիրել՝ գործի ընթացքին ծանոթանալու համար։
Փաստաբան Տիգրան Ջանոյանը մեզ նախօրոք հայտնել էր, թե խորհրդակցության ընթացքում պիտի քննարկվեն համակարգիչներն արգելանքից հանելու եւ «Օրագրին» վերադարձնելու ու նաեւ խմբագրության հաշվի վրա կալանք դնելու միջոցով դրամական միջոցների շարժի արգելման խնդիրները։
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, թե սա այնքան էլ խորհրդակցություն չէր. «Ավելի շուտ, ինձ զեկուցեցին գործերի ընթացքի մասին, որ Նիկոլ Փաշինյանին հիմնավոր պատասխանեմ»։
Դավիթ Հարությունյանի հետ զրույցը ստորեւ ներկայացվածից շատ ավելի ծավալուն էր, քանի որ նա հանգամանալից բացատրում էր օրենքի նրբությունները։ Այսպես, նա հերքեց «Օրագրին» առնչվող մեր նախորդ հրապարակման այն պնդումը, թե չէր կարելի արգելանք տարածել դատավճռով չկասեցված թերթի համակարգիչների վրա, քանի որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել «պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի վճռով զրկված է համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից»։ Այս օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, «պարտապան» բնորոշումը վերաբերում է ե՛ւ քաղաքացիներին, ե՛ւ իրավաբանական անձանց, բայց պրն Հարությունյանը ուշադրություն հրավիրեց, որ 51 հոդվածը միայն քաղաքացի-պարտապաններին է վերաբերում. «Այնպես որ, այո՛, իրավունք ունեին բռնագանձումը տարածել համակարգիչների վրա»։
Կարդացեք նաև
Օրենսդրական խութերից անցնելով ներկայացնենք, թե խորհրդակցության արդյունքում ինչ էր որոշվել հրապարակման սկզբում հիշատակված երկու խնդիրների առնչությամբ։ Ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ հարցերին ավելի որոշակի պատասխանեց Տիգրան Ջանոյանը, որը խորհրդակցության ավարտից հետո հանդիպել էր պրն Հարությունյանին. «Մեզ բավարարում է նախարարության դիրքորոշումը համակարգիչներն արգելանքից հանելու վերաբերյալ։ Այն է. գտնում են, թե ներկայացված ապացույցները դեռեւս բավարար չեն ներքին համոզում կազմելու համար եւ պիտի լրացուցիչ ապացույցներ ներկայացվեն, որ համակարգչային տեխնիկան «Օրագրի» սեփականությունը չէ։ Որեւէ խնդիր չենք տեսնում եւ կներկայացնենք համակարգիչների սեփականատերերի գրավոր հայտարարությունները եւ կհավաստենք, որ թերթի հետ կնքված պայմանագրերն իրական են։ Ընդունելի է, եւ կբավարարենք նաեւ համակարգիչների տեխնիկական փաստաթղթերի առկայության վերաբերյալ պահանջը»։ Հուսանք, որ «Օրագրի» համակարգիչների խնդիրը շուտով կլուծվի։
Ավելի բարդ է թերթի հաշվեհամարի խնդիրը։ «Ճիշտն ասած, այստեղ տարաձայնություն կա խմբագրության եւ նախարարության մեկնաբանումների միջեւ,- ասաց պրն Ջանոյանը։- Նախարարությունը գտնում է, որ հաշիվ մուտք եղող բոլոր դրամական միջոցները պիտի բռնագանձվեն։ Մենք գտնում ենք, որ այդ միջոցները պիտի նպատակամղվեն կանոնադրական խնդիրների իրականացմանը, հետո վճարվեն հարկերը եւ եկամուտներից նոր պահումներ արվեն հօգուտ դատավճռի կատարման։ Այստեղ օրենքի անկատարություն, հակասություն կա, որի վրա հենվում է նախարարությունը։ Բայց խոստացվեց, թե մեկնաբանումներն ավելի կհստակեցվեն եւ գուցե նորից փորձենք հանդիպել այս առնչությամբ»։
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, «Պարբերականի» տնօրենը հրաժարվել էր «Օրագիրը» հրատարակել՝ պատճառաբանելով հարկադիր կատարման ծառայության դիմումը։ Արդարադատության նախարարին խնդրեցինք պարզաբանել, թե արդյոք իրոք այս ծառայությո՞ւնն է դիմել. «Մենք հրատարակման հետ որեւէ առնչություն եւ հրատարակումը դադարեցնելու որեւէ պահանջ չունենք,- ասաց պրն Հարությունյանը։- Բայց քանի որ արգելանքը տարածվում է դրամական միջոցների, գույքի եւ այլնի վրա, բնականաբար, տեղեկացրել ենք նաեւ տպարաններին, որ հաշվի առնեն՝ եթե պայմանագիր կնքեն ու գումար մուտք արվի, պարտավոր ենք այն բռնագանձել, քանի դեռ դատավճիռն ի կատար ածված չէ»։ Այստեղ էլի օրենսդրական պարզաբանման խնդիր առաջացավ, քանի որ վերոհիշյալ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում պիտի տարածվեր, եթե «1) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար, 2) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ»։ Վերջինս հաստատ չկա, իսկ առաջինի առնչությամբ Դավիթ Հարությունյանը ենթադրություն հայտնեց. «Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե այդ համակարգիչներն աճուրդի հանվեն եւ վաճառվեն, ապա արդյունքում ձեռք բերված գումարը, չեմ կարծում, որ գերազանցի պահանջվող գումարի 20 տոկոսը՝ լավագույն դեպքում»։
Ուրեմն, առավել եւս այդ փոքր արժեք ներկայացնող համակարգիչները պիտի «Օրագրին» թողնվեին՝ աշխատելու եւ պարտքը մարելու համար՝ այս դիտողությանը արդարադատության նախարարն այսպես արձագանքեց. «Լավ հարցադրում է, բայց մենք օրենքով ենք ղեկավարվում. որտեղ այդ նորմը շատ հստակ է՝ պարտավոր ենք բռնագանձումը տարածել առաջին հերթին՝ դրամական միջոցների, հետո առկա գույքի, եւ հետո նոր՝ ապագա եւ սպասվելիք եկամուտների վրա։ Ինչ վերաբերում է «իսկ լավ կլիներ, որ» բառերով սկսվող հարցերին՝ դրանք լուծվում են պարտատիրոջ եւ պարտապանի միջեւ համաձայնությամբ»։ Դավիթ Հարությունյանն «Օրագրի» ղեկավարներին վերահասցեագրեց իրեն ուղղված մեր այն հարցի պատասխանը, թե ինչ է լինելու թերթի ճակատագիրը. «Պետք է խմբագրությանը հարցնել, թե ինչպես են մտադիր շարունակել իրենց գործունեությունը, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով որոշված գումարը ինչպես են մտադիր հատուցել եւ այլն»։ Հիշեցրեց, թե բավական է վճարվի այդ 25 հազար դոլարը՝ «Օրագիրն» իր գործունեությունը շարունակելու հնարավորություն կստանա։ Բայց այս տարբերակն արդեն իսկ բացառվեց, ինչպես «Առավոտը» բազմիցս գրել է, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջամտության շնորհիվ։
Սակայն այս ամենում քաղաքական ենթատեքստի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան արդարադատության նախարարն ասաց. «Ուղղակի բարոյական իրավունք էլ չունեմ քաղաքական ենթատեքստի մասին խոսելու, քանի որ մենք դատարանի վճիռ ենք կատարում։ Եվ եթե դատարանում հիմնավորվեր, թե սա ընդամենը հետապնդում է՝ հավանաբար այլ վճիռ կայացվեր»։ Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանի հակափաստարկներին, թե դատարանն անհետեւանք էր թողնում իրենց միջնորդությունները, պրն Հարությունյանին կարծես չեն համոզել «Պարտվող կողմը միշտ հիմնավորում է, թե իր փաստարկները ուշադրության չեն արժանացել։ Ի դեպ, դատարանը հենց դրա համար է, որ որոշի՝ միջնորդությունը բավարարե՞լ, թե՞ ոչ»։
Տիգրան Ջանոյանը վկայել էր. «Նախարարը շեշտադրեց, որ գոնե հարկադիր կատարման ծառայությունը եւ նախարարությունը որեւէ խնդիր չունեն վնասել կամ խանգարել օրաթերթի գործունեությանը, ուղղակի դեպքերն են այսպես ընթացել։ Եթե ամեն ինչ տեղը դրվի՝ իրենք «Օրագրի» հետ խնդիր չունեն եւ չեն կիսում թերթի փակման վերաբերյալ քաղաքական որեւէ նկատառում»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ