Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐՄԱՐ Է ԵՎ ՈՐ ԿԱՐԵՎՈՐ Է՝ ՉՈՐ»

Հունիս 17,1999 00:00
Sergey Badalyan

Այն, որ երեկվա հանրապետական բոլոր թերթերից մեզ նայող կառավարության նոր անդամներից միայն Խոսրով Հարությունյանն է ուրախ (եւ այդ առիթով ժպտում է), չի նշանակում, թե մյուսները պակաս երջանիկ են՝ համալրելով Վազգեն Սարգսյանի կառավարությունը։

Թեեւ բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանի տագնապած-անորոշ եւ ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանի կասկածամիտ եւ փոքր-ինչ խորամանկ հայացքները վկայում են, որ այս նոր նախարարներն իրենց չեն զգա ինչպես հալած յուղում լողացող պանիրներ։ Մեր այս մեծերի լուսանկարներից արած դատողությունները մի կողմ թողնելով, տեսնենք, թե ի՞նչ կարծիքի են նրանց մասին կառավարությունում (համարյա) «իրենց մարդը» չունեցող կուսակցությունները։

ՀՅԴ-ի պես դարավոր կենսագրություն ունեցող կուսակցությունից որեւէ կարծիք կորզել չհաջողվեց։ Միայն իմացանք, որ Գերագույն մարմնով խորհրդակցություն են անցկացնում։ Վերոնշյալ մարմնի անդամ Արմեն Ռոստամյանին խորհրդակցությունից գեթ մեկ րոպեով դուրս կանչելու մեր փորձը դատապարտված էր անհաջողության։ Քարտուղարուհին բերեց դրա ամենապատճառաբանված հիմնավորումը. «Նա չի կարող խորհրդակցությունից դուրս գալ. խոսում է ընկեր Հրանտը (հավանաբար՝ Մարգարյան- Լ. Ա.), իսկ Արմեն Ռոստամյանը հիմա նրան է լսում»։ Սակայն առանց դաշնակցական ընկերների կարծիքը լսելու էլ պարզ է, որ կուսակցությունը խանդավառված չէ կառավարության նոր կազմով:

Սերգեյ Բադալյան (ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ԱԺ պատգամավոր)– Կառավարությունն իր ծրագիրը դեռ չի ներկայացրել։ Թե այս նոր ձեւավորված կառավարությունն ինչ է պատրաստվում անել, պարզ կդառնա կես տարուց հետո։ Այն նախորդներից տարբերվում է հենց թեկուզ նրանով, որ վարչապետը քաղաքական գործիչ է, դեմք եւ եկել է իր ուրույն մոտեցումներն իրականացնելու։ (Ետսովետական շրջանի 8 կառավարություններից միայն մեկի ղեկավարն էր քաղաքական գործիչ՝ Վազգեն Մանուկյանը)։ Նոր կառավարությունը, համենայնդեպս, իր ա՛յս կազմով, ունակ չէ արմատական փոփոխություններ անելու։ Կա՞զմը… Հիմնականում ծանոթ դեմքեր են։ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Արմեն Դարբինյանը, որին խստագույնս դատապարտում էին որպես վարչապետ։ (…) Կրկնում եմ, Վազգեն Սարգսյանը չի եկել կատարելու այս կամ այն գործիչի, նախագահի կամքը։ Նա եկել է ինչ-որ բան փոխելու։ Վազգեն Սարգսյանը ինքնուրույն քաղաքական դեմք է։ Ու պրեզիդենտը պարտավոր է համակերպվել այդ մտքի հետ եւ փորձել գնալ կոմպրոմիսների։

– Ըստ ձեզ, հնարավո՞ր են Հայաստանում վաղաժամկետ նախագահական ընտրություններ։

– Ես գիտեմ, որ մեր երկրին շա՜տ մեծ բարդություններ են սպասում։ Հավանականն այն է, որ լուրջ սահմանադրական ռեֆորմ է պետք, որով նախագահի լիազորությունները կտրուկ սահմանափակվեն։ Որպեսզի հավասարություն չառաջանա նրա իրական քաղաքական քաշի եւ Սահմանադրությամբ տրված լիազորությունների միջեւ։ Ես առայժմ այսպիսի մոտեցումն եմ գերադասում։

Vigen Xachatryan

Վիգեն Խաչատրյան (Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ).– Ես կարծում եմ, որ այս կառավարության կազմը հարմարեցված է առանձին անձանց եւ չի համապատասխանում այն խնդիրներին, որոնք ծառացած են երկրի առջեւ եւ պետք է լուծվեն։ Եվ սա սպասելի էր. նման ընտրություններից հետո նման կառավարություն կարող էր ձեւավորվել։ Ըստ էության՝ այս կառավարությունը 3 մարդու կառավարություն է՝ Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի։ Ասվում էր, որ վերջապես կառավարությունը պետք է բաղկացած լիներ քաղաքական անձերից։ Բայց դա տեղի չունեցավ։ Սա մի միասնական քաղաքական թիմ չէ, եւ խորհրդարանական մեծամասնությունը կաջակցի այս կառավարությանը։ Խորհրդարանական մեծամասնությունը ձեւավորվեց շնորհիվ Կարեն Դեմիրճյանի վարկանիշի։ Հետեւաբար, այս կառավարության համար քաղաքական պատասխանատվությունը, ըստ իս, կրում է Կարեն Դեմիրճյանը։ Ավելի գորշ կառավարություն Հայաստանը երբեւիցե չի ունեցել։ Համենայնդեպս, այն քաղաքական ուժերի կանխատեսումները, որոնք բոյկոտեցին ընտրությունները, իրականություն են դառնում։ Շատ մոտ ապագայում մենք կհամոզվենք, որ այս կառավարության օրոք երկիրն ավելի արագ կնահանջի։

Եզրակացություն

Տնտղելով կառավարության նոր անդամների կենսագրությունները՝ այս կառավարությունը կարելի է որակել որպես «տարած, հետ բերածների» եւ «տանը (տեղում) մնացածների» կառավարություն։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930