Նորանշանակ կառավարությունում ընդամենը երկուսն են, որ նախարար են նշանակվել Կարեն Դեմիրճյանի առաջարկությամբ։ Խոսքը միայն փոստի եւ հեռահաղորդակցության նախարար Ռուբեն Տոնոյանի մասին չէ։ Նրա երաշխավորությունն է վայելել նաեւ քաղաքաշինության նախարար 68-ամյա Հրայր Հարությունյանը։ Խոսվում է, թե Կարեն Սերոբիչն ունեցել է նաեւ կրթության ու գիտության նախարարի իր թեկնածուն։
ՄԵՐ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ
ԱԺ փոխնախագահի ընտրության ժամանակ մեկ քվեաթերթիկ անվավեր էր հայտարարվել, քանի որ Հրանտ Խաչատրյանի անվան դիմաց հայհոյանք էր գրված։
Կարդացեք նաև
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԵԿԴՈՏ
Ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբոն) անընդհատ ճեմում է դահլիճում։ Ի վերջո, դա համբերությունից հանում է Կարեն Սերոբիչին, որն ասում է. «Էն Բրաբիոն ա, ինչ ա, ասեք, թող տեղը նստի»։
ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆՍ-1
Աբովյան փողոցում, «Զեփյուռ» վարսավիրանոցի հարեւանությամբ, եվրոպական չափանիշներին համապատասխան «Չառլի» բար-ռեստորան է բացվել, որտեղ հաճախորդները գերազանցապես արտասահմանցիներ, բանկիրներ ու նախկին նախարարներ են։ Վերնախավի այս նոր հավաքատեղիի իրական սեփականատերը պրոֆեսիոնալ խորհրդարանում իր տեղը գրաված, թիվ 2 ընտրատարածքի պատգամավոր Հարություն Փամբուկյանն է։
ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆՍ-2
Թումանյան եւ Խանջյան փողոցների հատման անկյունում մեկ այլ նորաբաց ռեստորանի՝ «Ամբասադոր» (հայերեն՝ դեսպան), սեփականատերերից մեկն էլ, ըստ որոշ լուրերի, ԱԺ նախկին նախագահի նախկին խորհրդական Աշոտ Անտինյանն է։