Արդեն որերորդ անգամ Տիգրան Լեւոնյանը փորձում է համոզել հայ ժողովրդին, որ Հայաստանի սահմաններից դուրս ինքն աշխարհի լավագույն ռեժիսորներից եւ երգիչներից մեկն է։
Օպերային թատրոնի տարեսկզբին ԱՄՆ-ում կայացած բոլորին հայտնի խայտառակ շրջագայությունից հետո (որի մասին շատ գրվեց հանրապետական մամուլում, ես գրեցի «Օրագիր» օրաթերթում 4.02.98 թ.) Տիգրան Լեւոնյանը զրկվեց թատրոնի տնօրենի պաշտոնից, բայց այս անխոնջ մարտիկը շարունակում է պայքարը՝ հայ մշակույթի բարգավաճման մեջ. իր անձնական երջանկության ապահովման քաղաքականությունը, նորից տանը՝ հանգիստ եւ ստեղծագործական կյանքի բացակայությունը Օպերային թատրոնում, իսկ դրսում՝ երկարատեւ, բուռն ծափահարություններ եւ հիացմունք։
Այս անգամ՝ շրջագայություն Իսպանիայում, որի արդյունքների մասին, իհարկե, Տ. Լեւոնյանի ղեկավարությամբ, նյութ է պատրաստել տպագրության երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Թամարա Հովհաննիսյանը՝ «Իսպանիան ծափահարում է հայկական Ազգային օպերային թատրոնին, ինչո՞ւ» («Ազգ» օրաթերթ, 5 հունիսի 1999 թ.)։ Ինչո՞ւ Լեւոնյանի ղեկավարությամբ։ Որովհետեւ այս ծավալուն նյութում բերվում է միայն մեկ ցիտատ իսպանական մամուլից, այն էլ ոչ ուղղակի նշումով, թե որտեղ եւ երբ է տպագրվել։ Անհայտ է, նրա հեղինակը երաժշտագե՞տ է, թե՞ սովորական երաժշտասեր, ինչպես Լա Կորանի քաղաքի քաղաքապետ ոմն Աուգուստո Սեզար Լենդսիրոն, որի կարծիքը հիացմունքով հիշում է Լեւոնյանը։ Իմիջիայլոց, Լեւոնյանի համար միշտ գլխավորը եղել է ամենավարդագույն գույներով առաջինը պատմել իր շրջագայությունների մասին՝ մամուլով եւ հեռուստատեսությամբ։ Հեռուստատեսությանը դեռ սպասում ենք..
Իսկ ընթերցողի համար մնում է անհասկանալի, թե դա ինչ շրջագայություն է, որտեղ է կայացել եւ ինչպես կարելի է 13 օրվա ընթացքում յոթ քաղաքում ցուցադրել «Օթելլո» օպերան՝ Վերդիի բարդագույն գլուխգործոցներից մեկը։ Ինչքան ես գիտեմ, այն Երեւանում ներկայացվում է խիստ կրճատումներով եւ խմբագրությամբ։ Չնայած հայտնի դասականների ստեղծագործությունների նկատմամբ այդ անընդունելի քայլի մասին մեր հայ երաժշտագետները խոսում են միայն կուլուարներում։
Կարդացեք նաև
Մասնագիտական գնահատականի՝ նշված ներկայացման մասին, մինչեւ հիմա չենք հանդիպել մեր մամուլում։ Դրա փոխարեն անընդհատ կարդում ենք հարցազրույց ռեժիսորի հետ, որն իրեն գովերգում է որպես երգչի, բեմադրողի եւ կազմակերպչի։
Նշված հոդվածում երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Թամարա Հովհաննիսյանը, չլինելով Իսպանիայում, Լեւոնյանի խոսքերով գրում է շրջագայության խոշոր հաջողության մասին։ Հոդվածում Լեւոնյանը հաճույքով եւ անընդհատ պատմում է իր մասին եւ Անահիտ Մխիթարյանի՝ Դեզդեմոնայի մենակատարի, իսկ Անահիտ Մխիթարյանը՝ Լեւոնյանի։ Ակամայից հիշում ես Շոր ու Շոր-Շորի հայտնի պատմությունը։
Եթե Թ. Հովհաննիսյանը ոչինչ չի ասել եւ գրել «Օթելլոյի» երեւանյան բեմադրության մասին, հետեւաբար, նա այդ նյութը պետք է ներկայացներ որպես հարցազրույց՝ շրջագայության մասնակիցների հետ, այլ ոչ թե հոդվածի տեսքով, փաստացի նկարագրելով թատրոնի շրջագայությունը։ Այս հոդվածով Թ. Հովհաննիսյանը ոչ միայն ցույց է տվել իր պրոֆեսիոնալ անօգնականությունը, այլեւ անշնորհակալ քայլ է կատարել այսօրվա Ազգային օպերային թատրոնի կրիտիկական ծանր վիճակի եւ այնտեղ խորացած պրոբլեմների լուծման ճանապարհին։
Այս առումով շատ հետաքրքիր է հայ աշխարհահռչակ երգիչ Գեղամ Գրիգորյանի հարցազրույցը («Առավոտ», 10 հունիսի 1999 թ.), որը շիտակորեն եւ քաղաքացիական բարձր դիրքերից է մոտենում Ազգային օպերային թատրոնի պրոբլեմների լուծման խնդրին։
Իսկ Թ. Հովհաննիսյանը, փոխանակ լուրջ քննարկման հարց դարձնի Օպերային թատրոնի վիճակը, անսկզբունքայնորեն ծառայում է Լեւոնյանի ինքնագովերգմանը. թատրոնի ճգնաժամային այս վիճակի գլխավոր մեղավորի, որը չի ցանկանում տեսնել Ազգային թատրոնի ճակատագիրը առանց սեփական անձի (եսի)՝ ոչ միայն որպես ռեժիսոր, այլ արդեն նաեւ որպես երգիչ։ Իսկ նաեւ ինչպես է երգում, դա արդեն հայտնի է բոլորին։
Այդ նյութին արձագանքելու հիմնական պատճառն այն է, որ մեր արվեստաբանները, իսկ հիմնականում՝ երաժշտագետները, վերջապես հասկանան, որ հայ մշակույթի ներկա ճգնաժամի համար պատասխանատուն ոչ միայն մշակույթի նախարարն է, այլ նաեւ իրենք՝ իրենց նմանատիպ հոդվածներով ու ելույթներով։
ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Մշակույթի վաստակավոր գործիչ