Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն նավթիվ, այլեւ խելքիվ

Հունիս 16,1999 00:00
naft

Հեռակա բավական հետաքրքիր ու խորհրդանշական բանավեճ ծագեց անցյալ շաբաթվա վերջում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ երկրում գործող խոշորագույն նավթային ընկերության «BP-Amoco» /«Բրիթիշ- պետրոնեում- Ամոկո»/ ներկայացուցիչների միջեւ:

Պետության ղեկավարը, անդրադառնալով վերջերս Կասպիական ծովի Շահ Դենիզ կոչվող հանքավայրում անցկացվող փորձարկումներին, նշեց, որ դրանց արդյունքները երկու անգամ գերազանցում են ակնկալիքները եւ Շահ Դենիզում հայտնաբերված բնական գազի պաշարները կազմում են 700 մլրդ խորանարդ մետր: Հաջորդ օրը, սակայն, այստեղ հորատման աշխատանքներն իրականացնող «BP-Amoco» ընկերությունը ճշտեց, որ դեռ վաղ է խոսել ոչ միայն հսկայական գազի պաշարների, այլեւ ընդհանրապես, որեւէ արդյունքների մասին: «Մենք նույնիսկ դեռ չենք ավարտել առաջին հորի ուսումնասիրությունները: Մենք հրաժարվում ենք հետագա մեկնաբանություններ անել»,- այդպես արձագանքեց, լրագրողների հարցերին «BP-Amoco»-ի խոսնակը: Շահ Դենիզը, որը գտնվում է Բաքվից դեպի հարավ-արեւելք 70 կմ հեռավորության վրա, ըստ նախնական հաշվարկների, պետք է պարունակի շուրջ 100 տոննա նավթ եւ 400 մլն խորանարդ մետր գազ: Ի դեպ, երեք տարի առաջ, երբ կնքվում էր 2,5 միլիարդ դոլարի արժողության այս պայմանագիրը, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ակնկալում էր գտնել 20 մլն տոննա նավթ եւ 450 մլրդ խորանարդ մետր գազ:

Նախագահ Ալիեւի անհամբերությունը՝ շեփորելու Շահ Դենիզում նավթախույզների հաղթանակը, հասկանալի է՝ Ադրբեջանը մոտ մեկ տարի է ինչ սպասում է այդ ոլորտում որեւէ հուսադրող լուրի: Ապշերոնի տարածքում իրականացված վերջին փորձարկումների ընթացքում փորած հորերը «չոր» էին: Դրա արդյունքում երկու միջազգային կոնսորցիումներ ընդհանրապես դադարեցրեցին իրենց գործունեությունը եւ հեռացան Ադրբեջանից: Մնացածը, եթե նույնիսկ դեռ չէին շտապում հավաքել ճամպրուկները, սկսեցին ավելի զգույշ արտահայտվել Կասպիական ծովի պաշարների մասին եւ պակասեցրին ներդրումների ծավալները: Նավային բումի հետեւանքով Բաքու հոսող «դոլարե գետը» զգալիորեն ցամաքել էր վերջին ամիսների ընթացքում, եւ Շահ Դենիզում դրական արդյունքի հասնելն Ադրբեջանի նավթային արդյունաբերության համար կարեւորագույն նշանակություն ունի: Միայն շատ-շատ մեծ թվերը կարող են կրկին բոցավառել աստիճանաբար մարող հետաքրքրությունը Կասպիական ծովի նկատմամբ, որը դեռեւս մի տարի առաջ «մինի» Պարսից ծոցի համբավ էր վայելում: Այժմ մասնագետները համեմատում են կասպիական ավազանը շատ ավելի համեստ պաշարներ ունեցող Հյուսիսային ծովի Բրիտանական սեկտորի հետ: Սակայն դա էլ է ապացույց պահանջում: Ադրբեջանում գործնական փորձարկումների փուլում գտնվում է միայն «BP-Amoco»-ի ղեկավարած կոնսորցիումը, մնացածը դեռ փնտրում ու հաշվարկում են: Շահ Դենիզի արդյունքները շատ կարեւոր են նրանց համար նաեւ այն պատճառով, որ հնարավորություն կտան կողմնորոշվելու: Դրանք կարող են կամ հաստատել, կամ հերքել ամբողջ տարածաշրջանի երկրաբանական մոդելը եւ որոշ չափով ուղղություն տալ հարեւան տարածքներում իրականացվող աշխատանքներին:

Ադրբեջանի նախագահի անհամբերությունն, ըստ երեւույթին, եւս մեկ պատճառ ունի: Պարոն Ալիեւը, թմբկահարելով գազի առասպելական ծավալները, բառ անգամ չի ասում նավթի մասին, եւ դա խորհրդանշական է: Եթե Շահ Դենիզի այս նավթահորում հայտնաբերված նավթի պաշարները տնտեսական նշանակություն չունենան, միջազգային ընկերությունները կարող են նույնպես վերանայել իրենց վարքագիծը: Գազի արտահանումը շատ ավելի համարձակություն է պահանջում. այն ենթադրում է հավելյալ խողովակաշարերի կառուցում, ինչպես նաեւ երկարաժամկետ պատվիրատուների առկայություն: Նկատի ունենալով հարեւան Իրանի եւ Թուրքմենստանի արդեն իսկ գործարկվող հսկայական գազի պաշարները, եւ նոր հայտնաբերված գազի արտադրության բարձր ինքնարժեքը, որոշ ժամանակ անց կարող է պարզ դառնալ, որ Շահ Դենիզում հայտնաբերված պաշարները որեւէ լուրջ նշանակություն չունեն: Այս պարագայում շտապողականությունը հասկանալի է: Քանի դեռ «BP-Amoco»-ի հանքափորները զբաղված են իրենց գործով, Շահ Դենիզը կարելի է օգտագործել մի փոքրիկ եւ անմեղ բլեֆի համար:

Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930