Երեւանի թիվ 148 դպրոցում է սովորում Վլադիմիր Շաթիրյան անուն-ազգանունով մի դպրոցական։ Մեկը, որը դպրոցական տարիներից երազում է «Հոբալական Արքայություն»-պետություն ստեղծելու մասին։ Եվ ստեղծել էլ է։ Նա Արքա է եւ ունի իր արքայության անդամները՝ իշխանապետ (վարչապետի փոխարեն), խորհրդատու, սպարապետ, առողջապահության, սննդի նախարարներ, ՍԴ նախագահ, դատավորներ, բարձրաստիճան իշխաններ։ Հետո գալիս են արքայության շարքային՝ X դասի անդամները։ «Արքայության խորհուրդը մի այնպիսի խումբ է, որի անդամները 5 տարին մեկ ընտրվում են ժողովրդի կողմից ըստ տարածքի», այսպես է մտածում VII դասարանի աշակերտ-Արքան։ Արքայության անդամին արգելված է հետ կանգնել իր կարծիքից։ Արքայության պաշտոնյաներին խստիվ արգելվում է ծխելը, ալկոհոլ օգտագործելը։ Պաշտոնյաներից որեւէ մեկը, եթե չի ենթարկվում այս պահանջին, զրկվում է քաղաքացիությունից։ Սա խաղ չէ, ձեւ չէ, պարզապես Վլադիմիրի մանկությունն անցնում է Հոբալական արքայությանը զուգընթաց, պետություն, որն իր դրոշն ունի՝ կանաչ-կարմիր-կապույտ, խաչը՝ եւ պաշտպանություն, եւ հավատ խորհրդանշող։ Արքան ինքն է ստեղծել իր այբուբենը եւ իր պետության Սահմանադրությունը։ Այս ամենի մեջ հետաքրքիրն այն էր, որ դրանով մենք նաեւ ճշտում ենք թե ի՞նչ են ուզում, ինչպիսի՞ պետության քաղաքացիներ են երազում դառնալ Վլադիմիրի հասակակիցներից շատերը։ Այդպես մեծանում եւ մտածում են նրանք, իսկ մեծերս խաղերի ետեւում չենք էլ նկատում, թե որքան արագ հասունացան նրանք։
Ռ. Մ.
1. Հոբալական արքայությունը պետություն է, որը կառավարվում է արքայի եւ նրա օգնականների աջակցությամբ։
2. Հոբալական արքայությունն ապահովում է յուրաքանչյուր հոբալացու անվտանգությունը։
Կարդացեք նաև
3. Յուրաքանչյուր ոք պարտավոր է ենթարկվել հոբալական սահմանադրությանը։
4. Հոբալական արքայության պետական լեզուն հոբալերենն է։
5. Հոբալական արքայության մայրաքաղաքը Շաթվովդայոն է։
6. Բոլորը հավասար են օրենքի առաջ։
7. Յուրաքանչյուր հոբալացի ունի արքայությունից դուրս գալու եւ արքայություն վերադառնալու իրավունք։
8. Ամեն մի հոբալացի ունի իր կարծիքը պնդելու իրավունք։
9. Հոբալացիներն աշխատավարձի ցածրության պատճառով կարող են գործադուլ անել։ Դա օրենքին դեմ չէ։
10. Բժշկությունը հոբալական արքայության գլխավոր մասնագիտությունն է։
11. Ամեն մի հոբալացի ունի առողջապահությունից օգտվելու իրավունք։ Տուն եկող շտապբուժօգնությունն անվճար է։ Առողջապահության նախարարը պետք է հոգա այդ մասին։
12. Հոբալական արքայությունում օտարերկրացիները կարող են պահպանել ավանդույթներն ու լեզուն։
13. Ամեն մի հոբալացի պարտավոր է մասնակցել արքայության պաշտպանությանը։
14. Ամեն մի հոբալացի ունի իրավաբանական օգնության իրավունք։
15. Ամեն մի հոբալացի պարտավոր է վճարել հարկեր։
16. Հոբալական արքայության արքան ընտրվում է Շաթիրյանների ազգից որեւէ մեկը՝ 5 տարի ժամկետով։ Իրենց թեկնածությունը կարող են տալ արքայազնները, արքաեղբոր որդիները, արքայատիրոջ որդիները։
17. Ոչ մի փաստաթուղթ առանց արքայի ստորագրության վավերացված չի համարվում։
18. Արքան կարող է հրաժարական տալ։
19. Արքայության խորհրդի նիստերին ժողովրդի մուտքն արգելված է, բացառությամբ՝ լրագրողների։
20. Այս սահմանադրությանը պարտավոր է ենթարկվել ամեն մի հոբալացի։
Սահմանադրության մեջ կարող են փոփոխություններ կատարել։