Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյան 21. հասցե առանց հասցեատիրոջ

Հունիս 16,1999 00:00
Toto

Երբ մարդուն ուզում են վատություն անել, ասում են՝ տունդ քանդվի։ Մեր տունը քանդվեց ոչ մեր մեղքով։ Նախ վթարային դարձան 1-ին եւ 2-րդ հարկերը, որտեղ տեղավորված էր Հայ երիտասարդ նկարիչների միությունը, մի գեղեցիկ օր էլ փլվեց պետական հատվածի առաստաղը։

Վտանգի տակ էր վերեւի բնակելի հատվածը։ Քաղխորհուրդը ընդունեց այդ պահի համար ամենաճիշտ որոշումը։ Բնակիչներին շտապ էվակուացրին։ Իրերը, կահույքը եւ տների (թվով 13 ընտանիքների) ամբողջ ունեցվածքը իրար խառնելով տեղավորեցին Շահումյանի անվան դպրոցի դասասենյակներում, իսկ բնակիչներին ժամանակավորապես տեղավորեցին «Երեւան» հյուրանոցի համարներում։ 1991 թ. փետրվարին բացվեցին դժոխքի դռները։ Պետությունը մոռացավ իր քաղաքացիներին։ Սկսվեց թալանը։ Սկզբից սկսեցին տանել էլեկտրական անջատիչներն ու լուսամփոփները, հետո դռներն ու լուսամուտները, խողովակներն ու ջեռուցիչները։ Մի քանի օրում 150 տարվա պատմություն ունեցող շենքը («Պահպանվում է պետության կողմից» ազդակով) դարձավ ավերակ։ Քաղխորհրդի որոշումը շենքի ամրացման եւ հետագա բնակության մասին մնաց անկատար։ Թալանն օր-օրի ավելի ուժգին թափ էր ստանում։ Ցուրտ էր, լույս չկար։ Շենքը փայտաշեն էր, իսկ մարդիկ տաքանալ էին ուզում։ Սկսեցին տանել ամեն ինչ, ինչ հնարավոր էր վառել։ Սահնակներով ու մեքենաներով գալիս էին քաղաքի չորս կողմից։ Կարճ ժամանակ անց կանգնած մնացին միայն շենքի մետրուկես լայնությամբ ամուր կառուցված պատերը։ Այնուհետեւ շենքի քարերը սկսեցին օգտագործվել շրջակա տների շինությունների ամրապնդման եւ կառուցման համար։ Տանիքի ռետինե ծածկերը օգտագործվեցին ուրիշ տներում։ Հնությունների պահպանության կոմիտեն անցավ ընդհատակ, ճարտարապետները խոստումների գիրկն անցան՝ թե մի անհանգստացեք, մենք ձեզ համար ավելի գեղեցիկ ու հարմարավետ տուն կկառուցենք։ Մեր սեփական տան ունեցվածքը ի չիք դարձավ վերջնականապես։ 1991 թվականը մաքրեց ամեն ինչ, հիմնահատակ, մեր շենքից թողնելով միայն 1 մետր 50 սմ խորության մի մեծ փոս՝ իր ցանկապատով։

Լռությունը տեւեց մոտ 4 տարի։ 1995 թ. քաղաքապետարանը մեր շենքի փոսը հանձնեց «Մարաթուկ» ՍՊԸ-ին՝ ըստ 1991 թ. վերակառուցման նախագծի։ Շինարարության ավարտը սահմանվեց 1997 թ. դեկտեմբերը։ Կառուցումը սկսվեց։ Հեռվում առկայծեց հույսի շող։ Կանգնեց շենքի «կարկասը»։ Հանկարծ պարզվեց, որ մեր 3 հարկանի շենքը դարձել է 7 հարկանի, արդեն վաճառվել են շենքի ավելացած բնակարանները, վերացել են տնտեսական պատշգամբները, բնակիչների կեսը զրկվել է փողոց դուրս եկող լայն ու հարմար պատշգամբներից, տները պատշգամբների հաշվին մեծանալու փոխարեն ավելի փոքրացել են, փողոց դուրս եկող մուտքերն ու մեքենաների նրբանցքը՝ անհետացել։ 1997 թ. մայիսին արդեն համարյա պատրաստ կանգնած շենքի առկայությամբ, չգիտես ինչ նկատառումներից ելնելով, քաղաքի գլխավոր ճարտարապետը հաստատում է բոլորովին ուրիշ նախագիծ։

Անպատժելիության զգացո՞ւմը թե՞ կառուցածը չի քանդվում, շինարարներին իրավունք է տալիս հայտարարելու, որ գոհ եղեք եղածով, թե չէ դա էլ չի լինի, եւ որքան խանգարեք, այնքան կուշացնեք։ Բնակիչների պահանջը՝ նշանակել մի վերստուգիչ հանձնաժողով կամ մի պաշտոնատար անձ, որն իր լիազորություններով լուծի բնակիչների եւ շինարարների միջեւ տարաձայնությունները, քաղաքապետարանը մատնում է լռության։ Եվ, վերջապես, եթե «Մարաթուկ» ՍՊԸ-ն չի կատարել 1997 թ. դեկտեմբերին շենքը շահագործման հանձնելու պետությանը տրված պայմանագրային իր պարտավորությունը, ապա ի՞նչն է խանգարում չեղյալ համարել այդ պայմանագիրը եւ հետ վերցնելով այդ շենքը, հանձնել այն մեկ ուրիշ կազմակերպության՝ ավարտի հասցնելու համար։ Մի՞թե 9 տարվա դաժան անտարբերության համար ոչ ոք պատասխան չի տալու։

Ջ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930